Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը հերքում է այն լուրերը, թե վերջին շրջանում Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերը բիոլոգիական զենքերի կիրառման արդյունքում են տեղի ունենում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Մարգարյանը նշեց, որ տեղի ունեցած երկրաշարժերը տեկտոնական են, ինչը պայմանավորված է Հայաստանի սեյսմոակտիվ գոտում գտնվելով:

«Տվյալ դեպքում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որը միջին ուժգնության է: Այն հարում է երևանյան խզվածքին: Վստահեցնում եմ, որ խոսք անգամ չի կարող լինել բիոլոգիական կամ այլ զենքի մասին, քանի որ դա մեզ հայտնի օջախներից է: Այն արտացոլվում է նաև սեյսմակայուն շինարարության նորմերի քարտեզում որպես վտանգի գոտի: Փարաքարի 1937 թվականի երկրաշարժը նույնպես հարում էր այդ խզվածքին: Այն, ինչ տեղի է ունեցել, լրիվ բնական երևույթ է»,- նշեց սեյսմոլոգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել