Armenpress.am-ը գրում է․

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կոնկրետացնում է փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք, Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս:

«Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։

Հերքվել է նախնական տվյալներով արձանագրված Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը։

Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել