Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանը չի ապամոնտաժվել և կանգնեցված է իր տեղում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը:

«Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ վերջին օրերին  լրատվամիջոցներում  շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են պարունակում: Քաղաքում Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվել է դեռևս անցած տարվա սեպտեմբերի 26-ին, և քանդակագործը նույնիսկ չի հասցրել  ավարտել աշխատանքը: Այժմ նրա հետ քննարկվում է արձանն ավարտուն տեսքի բերելու հարցը: Քանդակագործը տեղում կիրականացնի աշխատանքը՝ թե արվեստանոցում, ինքն է որոշելու: Ինչ վերաբերում է Մարտունիում կանգնեցված  Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ  այս օրերին լրատվամիջոցներում տարածվող տարաբնույթ տեղեկություններին, ապա դրանց  հարկ չեմ համարում հետևել: Խորհուրդ կտամ հեռու մնալ արձանի  վերաբերյալ անհարկի շահարկումներից»,- ասաց Մարտունու քաղաքապետը՝ հավելելով, որ արձանի տեղի վերաբերյալ առկա է Մարտունու ավագանու որոշումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել