««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Եվրոպական միությունն արդեն ծանուցել է Հայաստանին, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն արդեն ավարտվել է: Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի այս տարվա մարտի 1-ից:

Իսկ ի՞նչ է արվել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով այս տարիների ընթացքում:

Նախ՝ նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում, իսկ ԵՄ-ն Հայաստանի երկրորդ ամենախոշոր առևտրային գործընկերն է:

ԵՄ անդամ պետությունների կապիտալով գործող ընկերությունները ՀՀ խոշոր հարկատուների և գործատուների թվում են: Իրականացված աշխատանքների մասշտաբների մասին փորձել ենք զրուցել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ, որը միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավորը նշեց. «2017 թվականին ստորագրված պայմանագիրը, ինձ թվում է, որ ՀՀ այն ժամանակվա կարևոր ձեռքբերումներից մեկն էր: Առաջիկայում նախատեսված է հատուկ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները, մասնավորապես՝ ֆինանսավորման ոլորտում և այն ծրագրերի ոլորտում, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից: Որ մենք օգտվում ենք ամբողջովին համաձայնագրից, սխալ կլինի ասել. մենք ունենք ճանապարհային քարտեզ, որն արդեն երկու տարի է՝ ուժի մեջ է մտել և պետք է իրականացվի, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է: Վառ ապացույցներից մեկը պարեկային ծառայության ստեղծումն է, ոստիկանության բարեփոխումներն էին, դրանք շարունակվում էին, սակայն պետք է ավարտված լիներ դեռ անցյալ տարի»,- նշեց պատգամավորը:

«Ժողովուրդ» օրաթերթն իր հերթին ուսումնասիրեց ճանապարհային քարտեզը՝ փորձելով առանձնացնել և հասկանալ, թե որ նախագծերի ժամկետն է ավարտվել, և որոնց իրականացման ժամկետներն են մոտենում: Օրինակ, ըստ ճանապարհային քարտեզի՝ մինչև այս տարվա 4-րդ եռամսյակը պետք է պատասխանատու հանդիսացող ՀՀ արդարադատության կողմից ներկայացվի և ընդունվի ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Իսկ, ահա, վարորդական վկայականների տրամադրման կարգում համապատասխան փոփոխությունները պետք է արված լինեին մինչև 2019 թվականի հունիսը, այնինչ դրանք, կառավարության որոշմամբ, ուժի մեջ են մտել միայն 2020 թվականի սեպտեմբերից՝ գրեթե մեկ տարի ուշ:

Ճանապարհային քարտեզով 2020 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված էր անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում, սակայն նկատենք, որ այն կստեղծվի միայն այս տարի, և արդյունքում կունենանք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և Հակակոռուպցիոն կոմիտե»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել