Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել  ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կողմերը դրական են գնահատել ռուս-չինական հարաբերությունների ներկայիս վիճակը, որոնք շարունակում են անշեղորեն զարգանալ աշխարհում տիրող բարդ իրադրության ֆոնին: Նախարարները հաստատել են, որ 2021 թվականին երկկողմ կապերի խթանը կդառնա Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրի ստորագրման քսաներորդ տարելիցը:

Մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ ։ Ընդգծվել Է ՄԱԿ –ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ հետագա աշխատանքների անհրաժեշտությունը, որի անցկացումը նախաձեռնել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ հակազդել երկու պետությունների համար ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին, ինչպես նաեւ մեծացնել արտաքին քաղաքական համակարգումն ու ընդլայնել փոխգործակցությունը տարբեր բազմակողմ ձեւաչափերում: Չինական կողմից գոհունակությամբ է նշվել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի երկարաձգման ուղղությամբ ռուսական ջանքերի արդյունավետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել