Armenpress.am-ը գրում է.

Հաշմանդամության սահմանման բժշկական մոդելից անցում ֆունկցիոնալության գնահատման մոդելի․ կառավարության կողմից այսօր հաստատված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով՝ հնարավորություն կտրվի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը կդիտարկվի ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի՝ հաշվի առնելով նաև միջավայրային գործոնների ազդեցությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ներկայումս հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության մոտեցումներն ու սկզբունքները սահմանված են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականին ընդունված օրենքով, ինչը հնարավորություն չի տվել իրականացնել անձի կարողությունների բազմակողմանի գնահատում, հաշվի չեն առնվել շրջակա միջավայրի գործոնները, որոնք էական ազդեցություն ունեն հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում լիարժեք գործունեությունն իրականացնելու վրա:

Օրենքի նախագծով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, հիմնական սկզբունքները և ուղղությունները։

Հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա) այսուհետ կսահմանվեն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր, խորը: Այս համատեքստում հաշմանդամությունն այլևս չի դիտարկվի որպես մշտական առողջական խնդիր․ հաշմանդամության գնահատման հիմքում կդրվի ոչ միայն առողջական խնդիրների գործոնն, այլև՝ անձի հասարակական կյանքի գործունեության ու մասնակցության միջավայրային գործոնները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ՄԱԿ-ի և ԵՄ աջակցությամբ մշակել են գնահատման գործիքները, մեթոդական ուղեցույցները․ մի քանի փուլով իրականացվել են փորձարկումներ:

Անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելը կնպաստի օբյեկտիվ որոշումների կայացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա հասցեական ծառայությունների մատուցմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել