Արցախի տարածքների մի մասին տիրանալուց մոտ 3 ամիս անց Ադրբեջանում սկսվել է թալանի ու կապիտալի կուտակման նույն գործընթացը, ինչ եղավ Հայաստանում 1990-ականների սկզբին։ Հիշում եք, չէ՞, ինչպես էին այն ժամանակվա իշխանության կողքին կանգնած ու իշխանության հովանավորությունը վայելող մի շարք մարդիկ պատերազմից հետո քանդում Ակնայի, Ջրականի, Կովսականի, Քարվաճառի տներն ու գերհարստանում։
Առանձին թեմայով կանդրադառնամ այդ խնդրին, թե ինչու Արցախում 3 տասնամյակ այդպես էլ հնարավոր չեղավ խելքի բերել ազատագրված բնակավայրերը, և ովքեր իրականում թալանեցին դրանք։
Այսօր նույն գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանում։ Բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները, օլիգարխներն ու հատկապես զինվորականները իրար մեջ են բաժանում Շուշիի, Հադրութի, Կովսականի, Սանասարի, Քարվաճառի ու Արցախի գրավյալ մյուս բնակավայրերի ունեցվածքը։
Ընդամենը 3 ամսվա ընթացքում թալանչիների ագահությունը հասել է նրան, որ սկսել են իրար նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ սպանություններ են եղել Հադրութը թալանող զինվորականների շրջանում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի չի կարողանում իր ձեռքում պահել վերահսկողությունը և ստիպված է եղել հեռուստատեսությամբ զգուշացնել, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր կշարունակեն թալանը։ Բայց Ադրբեջանում հո լա՞վ են հասկանում, որ գլխավոր թալանչին հենց Ալիևն է, և պահանջում է դադարեցնել, որպեսզի իրեն ավելի մեծ բաժին հասնի։
Հաջորդիվ կխոսեմ նաև այն մասին, թե ինչ է սպասվում Ադրբեջանին այդ համատարած թալանի, կապիտալի կուտակման և ահաբեկիչների ներկայության պայմաններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել