2020թ․ հոկտեմբերի 6-ին երբ մեր կամավորական ջոկատով մեկնում էինք Արցախ, ծանոթացա Ֆրանսիայից և ՌԴ-ից եկած հայերի հետ։ Նեղսրտած էին, որ զինկոմիսարիատներում իրենց կոշտ ձևով ասել էին, թե պատերազմի մասնակցելու են միայն ՀՀ քաղաքացիները, իսկ սփյուռքահայերը իրավունք չունեն, թող մնան Երևանում և հումանիտար օգնություն կազմակերպեն։
Հոկտեմբերի 12-ին ԱՄՆ-ից զանգեց ընկերս՝ դժգոհելով, թե հայկական պետական գերատեսչությունները խանգարում են իրենց՝ խմբով գալ Հայաստան և մասնակցել Արցախի ինքնապաշտպանությանը։ Ամերիկահայերին ասել էին, թե պատերազմի մասնակցող սփյուռքահայերը կարող են դիտվել որպես վարձկաններ, ինչը կվնասի Հայաստանի միջազգային վարկանիշին։
Հոկտեմբերի 16-ին խոսեցի Ուկրաինայից ժամանած ծանոթի հետ։ Ասում էր, իրենք խմբով եկել են ՀՀ, բայց ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու ՀՀ ՊՆ-ն թույլ չի տալիս մեկնել Արցախ այն դեպքում, երբ այնտեղ կամավորների մեծ խնդիր կա։
Այսօր էլ կարդում եմ, որ Ղրիմի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարդոյանը հայտարարել է, թե պատերազմի երկրորդ օրը պատրաստ է եղել ուղարկել պատերազմի դաշտ 450 փորձառու մարտիկների, ովքեր անցել էին մի քանի պատերազմների բովով։ Այնուհետև Ալեքսանդր Բորոդան իր հերթին պատրաստ է եղել Արցախ ուղարկել 7000 կամավորականի՝ պաշտպանելու Արցախը։ Դա այն դեպքում, երբ Լիսագորի մոտակայքում կանգնելու և թշնամու առաջխաղացումը դեպի Շուշի կասեցնելու համար մենք առավելագույնը 3000 զինվորի կարիք ունեինք։
Այնինչ, ՀՀ-ում իրենց ևս արգելվել է մասնակցել պատերազմական գործողություններին՝ համարելով, թե չի կարելի վարձկանների մասնակցությունը պատերազմին։
Փաստորեն Ադրբեջանի կողմից կարելի է վարձկան ահաբեկիչների մասնակցությունը պատերազմին, իսկ Հայաստանի կողմից իր սփյուռքահայ հայրենակիցների մասնակցությունը հայրենիքի պաշտպանությանը չի կարելի։
Այդ ե՞րբ սփյուռքահայերը դարձան վարձկաններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել