Ուսումնասիրելով այլ մեծանուն գիտնականների բազմաթիվ աշխատանքներ՝ գիտնականները եկել են եզրահանգման, որ մեր մոլորակը մուտք է գործել վեցերորդ զանգվածային ոչնչացման դարաշրջան։ Եվ այս ամենի պատճառը ոչ այլ ինչ է, քան էկոլոգիական խնդիրները։ Հաջորդող մի քանի տասնամյակում ոչնչացման վտանգի տակ է հայտնվելու այսօր Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանատեսակների 20%-ը։

Ավստրալիայի Ֆլինդերսի համալսարանի գիտնականի կարծիքով՝ մարդիկ մինչ օրս չեն հասկանում, թե ինչպիսի վտանգ է սպառնում մեր մոլորակին։ Կենսոլորտը պարզապես ոչնչացման եզրին է։ Մինչև վերջ դա անգամ չեն գիտակցում տեղեկացված մասնագետները։

Գլխավոր պատճառներից մեկը համարում են հողի դեգրադացիան մարդկանց պոպուլյացիայի անդադար աճի պատճառով, միանգամյա օգտագործման վտանգավոր պլաստիկի, սինթետիկ միացությունների ահռելի ծավալները։ Այս ամենը խիստ բացասական ազդեցություն է ունենում արդեն իսկ թունավորված մոլորակի վրա։

Մարդկությունը պետք է սկսի միջոցներ ձեռնարկել հենց հիմա և դա պետք է անի գիտակցված։ Խնդիրը լուծելու համար հարկավոր է հրաժարվել մշտական տնտեսական աճի գրավիչ գաղափարից, ճիշտ գնահատել շրջակա միջավայրի արտաքին ազդակները, նվազեցնել վառելիքի արդյունահանման ծավալները։ Հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի կլինեն։ Էկոլոգները վստահ են, որ մեզ սպասվում են ոչ միայն տարատեսակ նոր հիվանդություններ, այլև կլիմայական այլ անբարենպաստ փոփոխություններ։

Ոչնչացումը կվերաբերի ոչ միայն կենդանիներին ու մարդկանց, այլև բույսերին, ձկներին, միջատներին։

Ըստ մոտավոր գնահատականների՝ վերջին 500 տարում մոլորակի վրայից վերացել է շուրջ 900 տեսակ կենդանի օրգանիզմ։ Եվ ամենի պատճառն այն է, որ մարդը ներխուժում է վերջիններիս բնակության վայրեր, կործանում դրանք։ 2019 թ. հրապարակված զեկույցում հայտնվում է, որ այսօր արդեն այդ տեսակների թիվը հասնում է 1 միլիոնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել