Եվրամիությունը ողջունում Է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումը՝ ՌՀՍ-3) երկարաձգումը, ինչը կարեւորագույն ավանդ Է միջազգային անվտանգության բնագավառում: Հունվարի 28-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համաձայնությունը ՌՀՍՊ-ի գործողության ժամկետը եւս հինգ տարով երկարաձգելու մասին: Դա կարեւորագույն ավանդ Է միջազգային եւ եվրոպական անվտանգության բնագավառում: Պայմանագիրը սահմանափակում Է ռազմավարական մրցակցությունը եւ բարձրացնում Է ռազմավարական կայունությունը միջուկային զենք ունեցող երկու խոշորագույն պետությունների միջեւ կանխատեսելիության եւ փոխադարձ վստահության բարձրացման հաշվին»,- նշել Է նա:

Ստանոն ընդգծել Է, որ «ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ երկխոսությունը կարեւոր քայլ Է ապագա նոր պայմանագրի եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության պոտենցիալ նոր մեխանիզմների համար՝ ռազմավարական կայունության պահպանման նպատակով»: «Մենք հիշեցնում ենք, որ ամենամեծ միջուկային զինանոցներ ունեցող երկու պետություններն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում սպառազինությունների եւ միջուկային զինաթափման նկատմամբ վերահսկողության բնագավառում եւ պետք Է ձգտեն իերնց զինանոցների հետագա կրճատման, ներառյալ ռազմավարական եւ ոչ ռազմավարական, ծավալված եւ ոչ ծավալված միջուկային սպառազինությունները»,- հավելել Է նա:

Հունվարի 26-ին ռուսական եւ ամերիկյան կողմերը նոտաներ են փոխանակել ՌՀՍ-3 պայմանագրի երկարաձգման մասին: ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանությունն իր նոտայում առաջարկել Է պայմանագրի դրույթներին համապատասխան դրա գործողությունը երկարաձգել «5 տարի ժամկետով՝ մինչեւ 2026 թվականի փերվարի 5-ը»: Ռուսաստանի արտգործնախարարությունն իր կողմից հավաստել Է «սույն առաջարկության ընդունելի լինելը Ռուսաստանի Դաշնության համար»: Հունվարի 27-ին Պետական դուման միաձայն քվեարկել Է այդ համաձայնագրի վավերացման օգտին, ավելի ուշ դրա օգտին քվեարկել Է Դաշնության խորհուրդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել