News.am-ը գրում է․

Թեկուզ այս դժվար, հոգեբանորեն ընկճված իրավիճակում, բայց այսօր բանակի տոնն է եւ բանակը միշտ մեծ շուքով է տոնել: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկիյն նխարար Սեյրան Օհանյանը:

«Կգա ժամանակը, երբ մենք նորից կտոնենք Բանակի տոնը: Դա անելու համար, պետք է պարզել, թե որոնք են կատարվածի պատճառները: Պատճառները շատ են, որոնց մասին այսօր չէի ցանկանա խոսել: Այսօր մենք գտնվում ենք Եռաբլուրում ու մեր խոնարհումն ենք բերում մեր բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են տվել՝ սկսած առաջին ազատամարտից: Բոլորի հերոսությունների շնորհիվ է, որ մեր ազգն իր արժանապատվությունը պահպանում է:

Մենք պետք է ճիշտ հետևություններ անենք, միայն այդ դեպքում բանակը կվերականգնվի, ու հենց բանակի շուրջ էլ բոլորը կհամախմբվեն»,-ասաց նա:

Օհանյանը վստահ է, որ բանակն ամենաշուտը կարող է վերականգնվել, քանի որ այն ամենակազմակերպված ու ամենակարգապահ կառույցն է. «Բանակը Սահմանադրությամբ հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորն ու պետք է շարունակի իր առաքելությունը: Այս ամենը բանակի ողջ անձնակազմը պետք է պատվով գիտակցեն ու այսուհետ ևս կազմակերպված ձևով պատվով կատարեն: Շնորհավորում եմ բոլորին»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը:

«Ես կարծում եմ, որ պետությունն է պարտվել, որովհետեւ պատերազմում են պետությունները: Պետությունը չկարողացավ համախմբել ողջ ժողովրդին բանակի շուրջը, բանակի թիկունքն ամրապնդել, ճիշտ որոշումներ ընդունել եւ քաղաքական, եւ ռազմական հարթություններով, որ կարողանանք հաջողությունների հասնել:

Իհարկե, մենք կռվել ենք թուրք-ադրբեջանական, նրանց աջակցող ահաբեկիչների դեմ, բայց գտնում եմ, որ այնուամենայնիվ, մենք կարող էինք հաղթել, կարող էինք ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում, լեռնաանտառային տարբեր հատվածներում: Բայց դրա գնահատականը ժամանակն ու տարբեր քննիչ հանձնաժողովները կտան»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել