News.am-ը գրում է․

29 տարվա մեջ առաջին անգամ բանակի տոնը նշում ենք գլուխներս կախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այո, Հայաստանի բանակը, հայ զինվորն այս պատերազմում չի պարտվել։ Պարտության պատճառը եղել է առաջին հերթին քաղաքական։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է հզոր բանակ, Հայաստանի սահմանները պաշտպանող բանակ, դա լինելու է մոտ ապագայում»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե վերջին շրջանում անհնազանդության ակցիաներ չկան, ինչո՞վ է դա պայմանավորված, Սաղաթելյանն ասաց. «Երեկ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հրավիրել է նիստ, հանդես է եկել հայտարարությամբ։ Առաջին հանրահավաքը նշանակված է փետրվարի 18-ին։ Հայրենիքի փրկության շարժման հայտարարություններն ուժի մեջ են. առաջիկայում լինելու են եւ՛ բողոքի երթեր, եւ՛ ցույցեր, եւ՛ անհնազանդության շարժումներ»։

Սաղաթելյանը նշեց, որ իրենց մեղադրում են ոչ վճռական գործողությունների մեջ, բայց իրենք ասել են, թե որն է այս կառավարությանը հեռացնելու ճանապարհը. «Այո, Նիկոլ Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջ կա, բայց այդ պահանջը մենք չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի եւ վերածելու ենք։ Այն խոսակցությունները, թե շարժումն ավարտվել է, մարել է, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ չեմ կարծում՝ հայրենիքի մեծ մասը հանձնած ու այսքան դժբախտություններ մեր ժողովրդի գլխին բերած իշխանությունը կարող է մնալ իշխանության»։

Նա ընդգծեց, որ վճռականություն միշտ եղել է եւ առաջիկայում էլ կլինի։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալուն, եւ հարցին՝ 17 կուսակցությունների քաղաքական օրակարգն արդյոք համընկնո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի օրակարգին, Սաղաթելյանն ասաց. «Քոչարյանն այլ բան չի ասում, ինչ ասում է 17-ի շարժումը։ Մենք հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը, դրան հավատարիմ շարունակում ենք գնալ առաջ, Ռոբերտ Քոչարյանը դրան հակառակ բան, ըստ էության, չի ասել»։

Անդրադառնալով Սուրեն Սուրենյանցի այն հայտարարությանը, թե շարժումը ծառայում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, Սաղաթելյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Մենք ոչ մեկին չենք խնդրել, որ շարժմանը միանա, ոչ էլ խնդրելու ենք ինչ-որ մեկին, որ մնա շարժմա մեջ։ Հայտարարությամբ միացել է, հայտարարությամբ դուրս է եկել, Աստված իր հետ»։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ Իշխան Սաղթելյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանի գխավորությամբ ընտրություն կազմակերպելը նշանակում է, որ երկրում շարունակելու է լինել անկայունություն, երկրում ատելության մթնոլորտը, պառակտումը, մնալու է երկիրն անպաշտպան։ Իր գխավորությամբ ընտրությունները վտանգավոր են Հայաստանի համար, որովհետեւ ինքն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար, որպեսզի չդատվի։ Ինքն ամեն ինչ անելու է պատասխանատվությունից խուսափելու համար»։

Հարցին, ըստ իրեն, ի՞նչ են արել նախկինները, որ ժողովուրդը հիմա չի կանգնում իրենց կողքին, Սաղաթելյանը պատասխանեց. «Մենք գործ ունենք մի ծաղրածուի հետ, որը կարողանում է ժողովրդին մոլորեցնել իր պոպուլիզմով, կեղծ հայտարարություններով։ Նախկին իշխանությունները հայրենիք չեն վաճառել, նախկինների պատճառով այսքան զոհ չենք ունեցել, մեր երկիրն այսքան անպաշտպան չի եղել։ Իհարկե սխալներ, բացթողումներ եղել են։ Թալանից որ խոսում են, Նիկոլ Փաշինյանից շատ այս երկրին ոչ ոք չի թալանել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել