Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նա ասաց, թե առաջարկվում է պատերազմի հետևանքով վիրավորված անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն՝ 500 հազար դրամի չափով՝ բացառությամբ առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, որոնք արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:

«Թեև որոշ անձանց մոտ վնասվածքները բավականին թեթև են եղել, սակայն այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության խնդիր են ունեցել ու սրանով կարգավորում են սոցիալական խնդիրները: Միջոցառման շահառու կհանդիսանան մոտ 6000 քաղաքացի»,- ասաց նախարարը: 

Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ այս որոշումը նոյեմբերի 18-ի իր հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել