Aysor.am-ը գրում է.

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես բոլոր մնացած արհավիրքների ժամանակ, համախմբել էր աշխարհասփյուռ հայությանը: Հայրենիքին, տուն ու առողջություն կորցրած արցախցուն օգնության ձեռք էին մեկնում բոլորը: 44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց՝ զինվորն ուժեղ է թիկունքով, թիկունքն ապահով է զինվորով:

Տպավորություն է, որ 44-օրյա պատերազմի օրերին թիկունքում մեր համախմբվածությունն առավել ակնհայտ էր՝ նյութական օգնություններ, աշխարհի տարբեր անկյուններում՝ պահանջատիրական ու դատապարտող ցույցեր... Պատերազմի՝ մեզ համար պարտությամբ հանգուցալուծումից հետո, կարծեք թե հիասթափությամբ պայմանավորված անտարբերություն է առաջացել, օգնելու ձգտումն է կորել։

Aysor.am-ը սփյուռք-հայրենիք համագործակցության, հայրենիքի հանդեպ ունեցած վստահության շուրջ զրուցել է «Մեկ ազգ, մեկ բռունցք» կազմակերպության հիմնադիր, Armenian National Association (ANA )-ի Ռուսաստանի հայերի ներկայացուցիչ, «Երազանքների մոլորակ» բարեգործական հիմնադրամի փոխնախագահ Կարեն Մարտիրոսյանի հետ, ով, ի դեպ, այս օրերին Հայաստանում է Արցախին ու արցախցուն օգնելու առաքելությամբ:

- Պատերազմի օրերին բոլորն իրար էին խառնվել, փորձում էին բոլոր հնարավոր միջոցներով օգնել պատերազմի պատճառով Հայաստանում հայտնված արցախցիներին, բանակին, պետությանը։ Արցախի մեծ մասը կորցնելուց հետո հիասթափությունը մե՞ծ է, կարելի՞ է ենթադրել, որ շատերը փոշմանում են նրա համար, ինչ արել են, քանի որ իրենց սպասելիքը՝ հաղթանակը, չիրականացավ։

- Թե՛ պատերազմի օրերին և թե՛ հետպատերազմական շրջանում սփյուռքի վերաբերմունքն ու տրամադրվածությունը Հայաստանի համար նույնն է: Ճիշտ է, պատերազմի օրերին օգնությունն ավելի մեծ էր՝ պայմանավորված իրավիճակով, բայց սփյուռքը միշտ եղել է ու կլինի Հայաստանի կողքին: Մենք որևէ քաղաքական հայացքի կրող չենք, մենք մեր ազգի, մեր հայերի կողքին ենք… Այնուամենայնիվ, ես չեմ կարող ուրիշների փոխարեն խոսել, բայց ինչ վերաբերում է մեզ, կրկին ասում եմ՝ ոչինչ չի փոխվել: Անհեթեթություն է փոշմանել արածի համար, ամեն ինչ մե՛ր ժողովրդի, մե՛ր ազգի, մե՛ր զինվորների համար ենք արել և միշտ, ցանկացած իրավիճակում պատրաստ ենք լինել մեր ազգի կողքին: Անկախ պատերազմի ելքից՝ մենք պարտավոր ենք օգնել մեր ժողովրդին: Մեր արածը բարեգործություն չեմ համարում, այլ պարտավորություն և հոգու պարտք, որը պետք է յուրաքանչյուր հայ իր մեջ ունենա:

- Աշխարհում սփռված շուրջ 10 միլիոն հայերի մի մասը ֆինանսական մեծ կարողություններ ունեցող մարդիկ են, մի մասը՝ մեծ կապեր, հետևաբար՝ ազդեցություններ ունեցող մարդիկ։ Արդյոք սփյուռքը չուներ առավել մեծ հնարավորություն՝ հարուստ զինաբազայով ու դիվանագիտությամբ ազդելու պատերազմի ելքի վրա: Չէ՞ որ հիմա հաճախ խոսում ենք, որ պարտվեց ոչ թե զինվորի ոգին, այլ՝ զենքն ու դիվանագիտությունը:

- Ո՛չ դիվանագիտության մեջ, ո՛չ ռազմի դաշտում մեզ պարտված չեմ համարում: Ինչն առնչվում է հայ ժողովրդին, ես ոչինչ չեմ թերագնահատում: Ճիշտ է, եղան թերացումներ, բայց ճիշտ կլինի այս իրավիճակում ոչ թե փնտրենք մեղավորներ, այլ գտնենք մեր սխալներն ուղղելու ճանապարհներ: Դրանով կարող ենք ունենալ հաղթող դիվանագիտություն և ամուր սահմաններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել