Այսօր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է հարցազրույցում.

«2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին եւ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին»։

Կարդում ենք ՀՀ Սահմանադրության 155րդ հոդվածի 3րդ կետում.

 «Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին»:

Ոմանք կասեն. «Հա, բա ճիշտ է ասում, պատերազմ էր, չէ՞», ինչին կպատասխանեմ, որ ռազմական դրություն մտցնելը ֆորմալ առումով ԴԵՌ չի նշանակում պատերազմ։ Պատերազմ պետք է առանձին հայտարարվի, ինչը չի արվել։

Այն, որ պատերազմ հայտարարելը և ռազմական դրություն մտցնելը նույն բանը չեն, կարող եք համոզվել կարդալով Սահմանադրության 119րդ հոդվածի 1ին կետը.

 «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն...»։

Այսինքն պատերազմ հայտարարելը և ռազմական դրություն մտցնելը հստակ 2 տարբեր երևույթ են։

Այսպիսով՝ սեպտեմբերի 27-ից առ այսօր, քանի որ ՀՀ-ն որևէ այլ երկրի պատերազմ չի հայտարարել, ապա ԳՇ պետը, ինչպես և մինչև սեպտեմբերի 27-ը, շարունակում էր ենթակա մնալ ՀՀ պաշտպանության նախարարին։

Այնպես որ ռազմական գործողությունների ժամանակ Դավիթ Տոնոյանին ռազմական գործողությունների պլանավորման եւ վարման գործընթացից դուրս մնալու որևէ իրավական հիմքեր չկային։

Չգիտեմ, հասկանալի՞ եմ գրել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել