168.am-ը գրում է․

168.amն օրերս տեղեկացրել էր Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ տարածաշրջանային պաշտոնական շրջագայության մասին: Փորձագետների գնահատմամբ՝ Ադրբեջան, Հայաստան, Թբիլիսի, Մոսկվա այս աշխատանքային այցերը սպասելի էին և միտված էին Արցախյան պատերազմի ավարտից հետո իրավիճակին ծանոթանալուն. հասկանալու, թե ինչպիսի հավակնություններ ունեն կողմերը, ինչպիսի ծրագրեր են տեսնում տարածաշրջանային համատեքստում:

Այսօր Իրանի արտաքին գործերի նախարարը Բաքվում էր: Մոհամադ Ջավադ Զարիֆը նախ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հանդիպումների ընթացքում, ըստ Իրանի ԱԳՆ կայքէջի փոխանցած հաղորդագրությունների, հնչել են նաև ձևակերպումներ, որոնք նաև հակահայկական շեշտադրումներ ունեին: Օրինակ՝ Ալիևի հետ հանդիպմանը արտգործնախարար Զարիֆը շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը վերջին հաղթանակների կապակցությամբ`շեշտելով երկու հարևանների միջև համագործակցության խթանման անհրաժեշտության մասին:

Իսկ ահա իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ «իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է՝ ուրախ է, որ օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրումից հետո այցելում է Ադրբեջանի Հանրապետություն, հարգանքի տուրք մատուցում պատերազմի զոհերին, հատկապես՝ քաղաքացիական, և ցավակցում է նրանց ընտանիքներին»:

168.am իրանագետ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեց, թե ստեղծված իրավիճակում որքանո՞վ է ճիշտ Իրանի ԱԳ նախարարի կողմից նման ընդգծված դիրքորոշմամբ հանդես գալը, և այս հայտարարություններից հետո ի՞նչ շեշտադրումներով պետք է լինեն իրանցի պաշտոնյայի հետ մեր երկրում սպասվող հանդիպումները: Ի պատասխան՝ իրանագետը նշեց. «Իրականում, ինչպես ասում են, հաղթողներին չեն դատում. դրա համար Ադրբեջանի հաղթանակը, թեև շատ դեպքերում թվացյալ է, բայց «ուժեղի» հետ խոսում են նրա համար ինչ-որ առումով հաճելի հռետորաբանությամբ: Կարծում եմ՝ իրանական կողմի դիրքորոշումը դա է:

Ինչ վերաբերում է Իրանի հետ մեր հարաբերություններին, ապա կարծում եմ, բոլոր այն ցավոտ խնդիրները, որոնք կան, պետք է բարձրացվեն, մասնավորապես, բնական է, որ ամենևին հաճելի չէ լսել այնպիսի արտահայտություն, որտեղ նախ՝ «օկուպացված տարածքներ» եզրույթն է կիրառվում, երկրորդը՝ գոհունակություն է հայտնվում, կամ այլ եզրաբանություն, որը, հայկական կողմի համար, չեմ կարծում, որ ընդունելի է»:

Ճշգրտող հարցին՝ այսինքն հայկական կողմը պետք է խոսի՞ դրանց մասին, Վարդան Ոսկանյանը նշեց. «Կարծում եմ՝ այո. ոչ շատ ԶԼՄ-ների մակարդակում, բայց, բնականաբար, հանդիպման ընթացքում պետք է ճշգրտվի հռետորաբանության խնդիրը նաև, դրան անդրադարձ կատարվի:

Բայց, ըստ իս, Իրանի հետ երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը շատ ավելի կարևոր է, քանի իրանական հռետորաբանությունը կոնկրետ երկրում գտնվելու ժամանակ: Կսպասենք՝ տեսնենք՝ Հայաստանում ինչպիսի հռետորաբանություն կկիրառվի. դա էլ շատ հետաքրքիր կլինի, և կարծում եմ՝ բավական խնդիրների ցուցիչ կարող է լինել, որովհետև իրանական դիվանագիտական լեզուն այս իմաստով կարևոր է՝ ուղերձներ փոխանցելու տեսանկյունից:

Ինչ վերաբերում է իրանական կողմի շահագրգռվածությանը, ապա Հայաստանի հարաբերություններում էլ կան բազմաթիվ կարևոր կետեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել այս հանդիպման ընթացքում»:

Հիշեցնենք՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Երևան կայցելի հունվարի 27-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել