168.am-ը գրում է.

Երեկ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց՝ իրեն ԱՄՆ-ում դեսպան նշանակելու հարցն օրակարգում է։

Հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում այս տեղեկությունը հիմնականում քննարկվեց բացասական լույսի ներքո, քանի որ շատերի համար է անհասկանալի, թե դիվանագիտական ո՞ր ձեռքբերման համար է տիկին Մակունցը Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարից՝ սահուն անցում կատարելու ԱՄՆ դեսպանի պաշտոնին:

Լիլիթ Մակունցի հավանական նշանակման մասին ֆեյսբուքյան գրառմամբ մի շարք դիտարկումներ էր կատարել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Վաշինգտոնում մեր դեսպաններն ի սկզբանե եղել են պրոֆեսիոնալ դիվանագետներ, և, որ երբ բարձրաստիճան ծանրքաշային գործիչ ես նշանակում դեսպան, դրանով ընդգծում ես հարաբերությունների կարևորությունը և դրանց խորացման պատրաստակամությունը. «Հայ-ամերիկյան լճացած հարաբերությունների պարագայում սխալ եմ համարում նրա նշանակումը, մանավանդ, որ որևէ առավելություն չունի գործող դեսպան Ներսիսյանի նկատմամբ։ Ներսիսյանին համարում եմ էֆեկտիվ դեսպան (նրա գործունեությունը մշտապես գտնվում է մեր կենտրոնի մշտադիտարկման ներքո) և համարում եմ, որ բավականին լավ ու ջերմ կապեր ունի դեմոկրատների վարչակազմի հետ։ Այդ պատճառով է, որ համարում եմ, որ Մակունցի Վաշինգտոն մեկնելն այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ»։

Միջազգայնագետը նաև տեղեկացրել էր՝ հայկական լոբբիստներն արդեն իսկ կոշտ արձագանք են տվել այս նշանակման կապակցությամբ, և, որ հայ համայնքում ևս բացասական ազդակներ կան:

168.am Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունի՝ ընդգծելով, որ «Մակունցի Վաշինգտոն մեկնելն այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ»։ Ի պատասխան՝ նա ասաց.

«Տարբերակներ շատ կան, թե ինչու կարող է Մակունցը նշանակվել (ես դրա տակ ինչ-որ բացասական իմաստ չեմ դրել): Կարծում եմ, որ սա կարող է լինել նաև քաղաքական «Exit strategy»՝ երբ ղեկավարը հեռանում է, իր թիմի անդամներին, ամեն մեկին փորձում է ինչ-որ մի տեղ տեղավորել՝ փոքր-ինչ շեղելով իրական պրոցեսներից: Այլ նշանակություն էլ, բնականաբար, կարող է ունենալ, բայց ես այդ դավադրությունների տեսություններին չեմ ուզում հավատալ»:

Հարցին էլ՝ արդյոք կլինե՞ն բողոքի ակցիաներ, կլինի՞ հասարակական ճնշում, որպեսզի վարչապետի այս որոշումը կանխվի՝ հաշվի առնելով նաև ձեր այն տեղեկությունները, որ կարծես համայնքում էլ մեծ ոգևորությամբ չեն սպասում Մակունցին, Սուրեն Սարգսյանը պատասխանեց.

«Անկեղծ ասած, ինքս բավականին շատ նման հայտարարություններ արդեն տեսել եմ, որոշումներ, որ պետք է բողոքի ակցիաներ լինեն, նման գրառումներ տեսել եմ՝ այդ թվում՝ նաև իմ գրառման տակ:

Ես չեմ բացառում, որ նման բաներ կարող են լինել, որովհետև Հայաստանի իշխանությունները Սփյուռքում էլ միանշանակ չեն ընդունվում. Արցախի աղետալի պատերազմը ու իշխանությունների մեղքը դրանում, բնականաբար, հարվածել է նաև մեր հայրենակիցներին, ովքեր բնակվում են Միացյալ Նահանգներում. ես այդ զարգացումներն էլ չեմ բացառում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել