168.am-ը գրում է․

Կառավարությունը մի կերպ հաջողեց փակել անցած բյուջետային տարին։ Դրա համար անհրաժեշտ եղավ ոչ միայն մեծ քանակությամբ արտաքին ու ներքին պարտք վերցնել, այլև «յուրացնել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարները։

Բայց բյուջետային խնդիրները դրանով չավարտվեցին։ Այս տարի ևս կանգնած ենք ոչ պակաս ծանր փորձության առաջ։

Տնտեսությունն աղետալի վիճակում է, ու դա շարունակելու է ազդել բյուջեի մուտքերի վրա։

Թեև այս տարի պլանավորված են բյուջեի ավելի քիչ եկամուտներ, քան անցած տարի էր, այնուհանդերձ դա ոչ մի կերպ չի թեթևացնում բյուջեի ֆինանսական ապահովվածության բեռը։

Ներքին տնտեսության մեջ ձևավորվող եկամուտներն էապես կրճատվել են։ Ուստի ստիպված ենք կրկին պարտքի տեսքով մեծ ծավալի նոր բեռ վերցնել՝ բյուջեով նախատեսված պաշտպանված ծախսերը կատարելու, այդ թվում՝ աշխատավարձ, թոշակ ու նպաստ վճարելու համար։

Պարտք վերցնելու պատճառը, իհարկե, միայն այն չէ, որ տնտեսության մեջ ձևավորվող եկամուտները կրճատվել են։ Բյուջեի եկամուտների կրճատումն այլ պատճառներ էլ ունի և ամենևին էլ բացառապես տնտեսության զարգացումներով չէ, որ պայմանավորված է։ Դա նաև իրականացված հարկային ու մաքսային չպատճառաբանված քաղաքականության հետևանք է։ Միայն համահարթ եկամտային հարկի կիրառումը բյուջեի համար մի քանի տասնյակ միլիարդ դրամի եկամտային կորստի հանգեցրեց։

Հերթական անգամ մեծաքանակ պարտք վերցնելու պատճառը նաև այն է, որ անտեսելով տնտեսական իրողություններն ու պետության հնարավորությունները, անցած 1,5-2 տարում կառավարությունն այնքան չհիմնավորված բեռ է վերցրել բյուջեի վրա, այդ թվում՝ սոցիալական ոլորտում, որ հիմա ստիպված է կամ կրճատել այդ ծախսերը, ինչը հասկանալի պատճառներով չի անում, կամ պարտք վերցնել ու ավելացնել երկրի պարտքային պարտավորությունները։

Զարմանալի չէ, որ պետական բյուջեն այս տարի ևս մեծ դեֆիցիտ ունի։ Դեֆիցիտն անցնում է 341 մլրդ դրամից։ Դա այն գումարն է, որն այս տարի պետք է պարտք վերցնենք՝ բյուջեով նախատեսված ծախսերը կատարելու համար։

Պարզ է, որ այդ պարտքը գնալու է ծանրանա սերունդների վրա, որոնց արդեն պակաս քիչ բեռ չենք թողել։ Կառավարության կանխատեսումներով, այս տարվա վերջին Հայաստանի պարտքը կանցնի 9,2 մլրդ դոլարից։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից առաջ այն 6,7 միլիարդի սահմաններում էր։

Պարտքի ավելացումը գուցե այնքան էլ վտանգավոր չլիներ, եթե այդ գումարներն ուղղվեին տնտեսական այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք կարող էին խթանել տնտեսության զարգացումները կամ գոնե հիմքեր ստեղծեին դրանց համար։ Սակայն, այս պարագայում այնքան էլ այդպես չէ։ Ստիպված ենք լինելու պարտք վերցնել, որպեսզի կարողանանք աշխատավարձ, թոշակ ու նպաստ վճարել։ Իհարկե, նաև պետական պաշտոնյաներին պարգևավճար տալ, որպեսզի նրանք ֆինանսապես նեղություն չքաշեն։ Ոչինչ, որ այդ գումարների հաշվին կարող էինք գրեթե 19 մլրդ դրամով քիչ պարտք վերցնել, կամ, եթե վերցնում էինք, ապա ուղղեինք ավելի կարևոր խնդիրների լուծմանը, որոնց կարիքն անշուշտ կա՝ հատկապես պատերազմից հետո։

Բայց մեր այս տարվա բյուջեն պատերազմի հետ որևէ կապ չունի։ Պատերազմի հետևանքներն այդպես էլ անուշադրության մատնվեցին բյուջեում։

Այնպես որ, պարտք ենք վերցնելու ոչ թե պատերազմի հետևանքները հաղթահարելու կամ մեղմելու, այլ ընդամենն ընթացիկ խնդիրները լուծելու համար։ Մեր տնտեսության կարողություններն այնքան են թուլացել, որ ստիպված ենք բյուջեի ծախսերի ավելի քան 18 տոկոսը կատարել պարտքերի հաշվին։ Այդպես է, որովհետև բյուջեի եկամտային մասն այս տարի անհամեմատ ավելի քիչ է, քան նախատեսված էր անցած տարի։

Անցած տարի նախատեսված էր ստանալ 1 տրիլիոն 695 մլրդ դրամ, այս տարի ակնկալում ենք ստանալ 1 տրիլիոն 509 մլրդ դրամի բյուջետային եկամուտ։ Այսինքն՝ 186 միլիարդով ավելի քիչ, քան պիտի ստանայինք անցած տարի։

Իհարկե, անցած տարի այդ եկամուտներն այդպես էլ չստացանք։ Հազիվ թե հասցնենք ստանալ նաև հաջորդ տարի։ Առավել ևս դեռ հայտնի չէ, թե ինչքանով ենք հաջողելու հավաքել այս տարվա համար նախատեսված հարկերը։ Թեև դրանք զգալիորեն ավելի քիչ են պլանավորված, քան պլանավորված էին անցած տարի։

Անցած տարվա հարկային եկամուտների բյուջետային ցուցանիշը 1 տրիլիոն 602 մլրդ դրամ էր։ Այս տարվանը՝ 1 տրիլիոն 440 մլրդ դրամ։ Տարբերությունը 162 մլրդ դրամ է։

Բյուջեի եկամուտների ավելացման հետ կապված առանձնակի հույսեր չկան։ Անցած տարի 79 մլրդ դրամով պակաս հարկ հավաքեցինք, քան հավաքել էինք 1 տարի առաջ։ Այս տարի ավելի շատ հարկային եկամուտներ են նախատեսված, քան 2019թ., բայց դրանց հետ կապված ռիսկերը շատ մեծ են։ Տնտեսական իրավիճակն այնպիսին չէ, որ կարելի է մտածել դրանով թելադրված հարկերն ավելացնելու մասին։ Թերևս, դա է պատճառներից մեկը, որ կառավարությունը մտադիր է գնալ հարկային բեռը տնտեսության ու հասարակական կյանքի տարբեր հատվածներում ավելացնելու ճանապարհով։ Այնպես չէ, որ այդ ճանապարհը նախկինում հայտնի չէր։ Նախկինում էլ են բազմիցս անդրադարձել դրան, բայց հետո հրաժարվել են՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հարկային բեռի ավելացման ժամանակ։

Անկախ նրանից, թե արդյունքներն ինչպիսին կլինի բյուջեի համար, չի կարող անտեսվել հարկային բեռի ավելացման տնտեսական հետևանքը։ Տնտեսության զարգացումն է բյուջեի մուտքերի ապահովման գրավականը, և պետք է մտածել առաջին հերթին տնտեսության զարգացման համար խթաններ ստեղծելու մասին։

Բայց կառավարության քայլերն այդ ուղղությամբ բացարձակ տեսանելի չեն։ Տնտեսությունը գնալով ավելի ու ավելի է խրվում ճգնաժամի մեջ։

Դա նշանակում է, որ բյուջեի խնդիրները, նույնիսկ նախատեսված ավելի քիչ եկամուտների պարագայում, առաջիկայում կրկին անհանգստացնելու են։ Սակայն այս անգամ դժվար թե հաջողվի խուսափել միայն եկամուտների կրճատումով։ Եթե անցած տարի դեռ որոշակի տեղ մնացել էր՝ պարտքեր ներգրավելու միջոցով ծախսերը պահպանելու համար, ապա այս տարի այդ հնարավորությունն էլ է խիստ սահմանափակվել։

Դատելով որոշ գործոններից, մեր պարտքը շուտով անցնելու է, եթե արդեն չի անցել ՀՆԱ 70 տոկոսից։ Նման բեռի պայմաններում քչերը կգտնվեն, որ պատրաստ կլինեն մեզ նոր պարտքեր տալ։ Եթե նույնիսկ տան էլ, ապա դրանք կլինեն շատ ավելի ծանր պայմաններով ու թանկ վարկեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել