168.am-ը գրում է․

Առողջապահության համակարգը «բարեփոխելուց» հետո, Արսեն Թորոսյանը հիմա էլ պետք է կառավարության ապարատը ռեստարտի ենթարկի։ Թե ինչ տվեցին նախկին նախարարի բարեփոխումներն առողջապահության համակարգին, փաստում են համավարակի ցուցանիշները։

Կապ չունի՝ ինչ կասի Նիկոլ Փաշինյանը. փաստն այն է, որ կառավարությունն ու Արսեն Թորոսյանը ձախողեցին համավարակի դեմ պայքարը։

Հայաստանն ի սկզբանե եղել և շարունակում է մնալ համավարակի դեմ պայքարի վատագույն երկրներից մեկը։ Ունենք շուրջ 4 հազարին հասնող մահեր, ու այդ մահերը ծանրացած են առողջապահության երբեմնի նախարարի և կառավարության վրա։ Դրանք, անշուշտ, շատ ավելի քիչ կլինեին, եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր առողջապահության նախարարն այդքան անլուրջ չմոտենային համավարակին։

Էլ չասենք, թե ինչպե՞ս էին պայքարում ու շարունակում պայքարել համավարակի դեմ և ինչքանո՞վ էր համակարգը պատրաստ դիմագրավել դրան։

Կար ժամանակ, երբ մարդիկ մահանում էին միայն այն պատճառով, որ առողջապահության համակարգը չէր հասցնում սպասարկել բոլոր հիվանդներին։ Մարդիկ մնում էին տանը, քանի որ հիվանդանոցներում տեղ չկար։ Արդյունքում՝ հիվանդությունն այնքան էր բարդանում, որից հետո անհնարին էր լինում մարդկանց փրկելը։

Թե դրա պատճառով քանի՞ մարդային կյանքեր կորցրեցինք, հուսանք, որ դեռ կճշտվի։ Բայց փաստ է, որ այդ ամենի մեղավորն առաջին հերթին կառավարությունն ու առողջապահության նախարարն են։

Դեռ կգա ժամանակը՝ ուսումնասիրելու համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը, պարզելու՝ ծախսված ու ծախսվող հսկայական ֆինանսական միջոցների շարժերը, ապահոված արդյունքները։ Իսկ մինչ այդ, այսօր էլ մենք շարունակում ենք մեծ թվով մարդկային կյանքեր կորցնել, որովհետև, որպես այդպիսին, ոչինչ չենք անում համավարակի դեմ պայքարելու և կանխելու համար։ Դրել ենք ինչ-որ սահմանափակումներ ու թողել ինքնահոսի։

Թե ինչի համար են այդ պահանջ-սահմանափակումները, եթե, այսպես թե այնպես, չեն պահպանվելու, ոչ մեկը չի կարողանում հասկանալ։ Այդքանից հետո զարմանալի է, որ կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգեց արտակարգ դրությունը՝ չնայած տնտեսական հատվածից հնչած դժգոհություններին։

Մնում է ենթադրել, որ այդ ամենի տակ թաքնված են այլ նպատակներ, ու դրանք ոչ այնքան առողջապահական, որքան քաղաքական են։

Այն, որ վերջին շրջանում Հայաստանում վարակվածների թիվը ոչ թե  հազարներով, այլ հարյուրներով է հաշվվում, դեռ ձեռքբերում չէ։ Դա նաև կառավարության աշխատանքի արդյունքը չէ, որովհետև կառավարությունը վաղուց ոչինչ չի անում համավարակի դեմ պայքարելու և տարածումը կանխարգելելու ուղղությամբ։ Հիմա կառավարությունն ավելի շատ մտահոգված է ոչ թե քաղաքացիների կամ հիվանդների, այլ սեփական ճակատագրով։

Ու հավանաբար այդ մտահոգությամբ էլ մտադիր է ռեստարտի ենթարկել պետական կառավարման համակարգը՝ կարծելով, թե այդպես կարող է վերակենդանացնել այն, ինչը քանդել է իր գոյության ամբողջ ընթացքում։

«Ընդհանրապես մենք բոլորս և պետական կառավարման համակարգը՝ որպես երկրի իրավիճակի պատասխանատու, շատ ծանր ժամանակներ ենք ապրել: Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնք պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ, այո՛, պատերազմի հետևանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այդ ռեստարտը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից: Այդ ռեստարտն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է պարոն Թորոսյանի առաջ: Եվ, բնականաբար, ոչ միայն պարոն Թորոսյանի առաջ, բոլորիս առաջ: Բայց այդ ազդակներն առաջին հերթին պետք է հղվեն վարչապետի աշխատակազմից»,- վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ներկայացնելով Արսեն Թորոսյանին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ ռեստարտի մասին է խոսք, երբ իրենց գործողություններով վարչապետն ու իր քաղաքական թիմը 2,5 տարում բարոյալքեցին ամբողջ պետական կառավարման համակարգը։ Միտումնավո՞ր, թե՞ չիմացությամբ քայքայեցին այն ինստիտուտները, որոնք այս կամ այն կերպ ապահովում էին երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը։ Այսօր հասել ենք մի վիճակի, որ մարդ չեն կարողանում գտնել պետական կառավարման համակարգում անգամ բարձր պաշտոնների նշանակելու համար։

Էլ չասենք, թե ընդհանրապես ինչպիսին է պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունը, և ինչ է փոխվել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Բացի նրանից, որ մի շարք նախարարություններ ու գերատեսչություններ, առանց հիմնավորման, կրճատեցին ու միաձուլեցին, ոչինչ չի արվել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ փոփոխությունների արդյունքում, որի նպատակներից մեկն էլ աշխատակազմերի օպտիմալացումն էր, նույնիսկ աշխատակազմերը չօպտիմալացվեցին։ Ընդհակառակը՝ պետական կառավարման ապարատը շարունակեց ուռճանալ, ու այսօր էլ, երբ բյուջետային բազմաթիվ ծախսեր ստիպված ենք կատարել պարտքերի հաշվին, շարունակում է գնալ նույն ճանապարհով։ Անընդհատ նոր կառույցներ են ստեղծվում, որոնք գալիս են ծանրացնելու պետական բյուջեի ֆինանսական բեռը։

Թե այս ընթացքում որքանով է բարձրացել պետական կառավարման ապարատի աշխատանքի արդյունավետությունը, կարող են վկայել բազմաթիվ փաստեր։ Վկայություններից մեկն էլ այն արդյունքներն են, որոնք տեսնում ենք բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսությունից, վերջացրած կրթությամբ, առողջապահությամբ, պաշտպանությամբ, անվտանգությամբ և այլն։ Այդքանից հետո, օր առաջ հեռանալու փոխարեն, վարչապետը պետական ապարատը ռեստարտի ենթարկելու մասին է խոսում։

Որ պետական կառավարման ապարատն իսկապես ռեստարտի ենթարկելու կարիք ունի, այդպես էլ կա։ Բայց դրա համար այս իշխանությունը բավարար ժամանակ ուներ։ Այնինչ՝ այդ ժամանակն օգտագործվեց ոչ թե համակարգը կարգի բերելու, այլ քիչ թե շատ գործող կառույցներն էլ քանդելու ու բարոյալքելու համար։ Ու հիմա իշխանությունը պետք է մտածի ոչ թե պետական ապարատը ռեստարտի ենթարկելու, այլ այդ ապարատը, հնարավորինս շուտ, իրենից ազատելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել