168.am-ը գրում է.

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը հայտնի է՝ որպես Նիկոլի անգլերենի ուսուցիչ, շուտով Փաշինյանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու: Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանի փոխանցած բազմաթիվ տեղեկություններ հետագայում՝ անկախ իշխանությունների կամքից, հաստատվում են:

Իսկ ի՞նչ է նշանակում՝ դեսպան, ու ինչո՞ւ պետք է դեսպան նշանակվեն դիվանագիտության մեջ գոնե քայլեր արած մարդիկ.

Դիվանագիտությունը ենթադրում է նախ՝ բանակցելու հմտություն, ապա նաև՝ պատկերացում՝ սեփական երկրի քաղաքականության ու արտաքին քաղաքականության մարտահրավերների մասին. հետևաբար՝ դիվանագիտական հմտություն ունեցող անձնավորությունն ուղղակի չի կարող պատերազմից ամիսներ առաջ վստահորեն հայտարարել, ինչպես Մակունցը, որ չի կարծում, որ Թուրքիան կներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ. «չի ներգրավվի, կողմ չի հանդիսանա»:

Ստացվում է՝ Լիլիթ Մակունցը, լինելով խորհրդարանական ամենամեծ՝ իշխանական խմբակցության ղեկավար, ուղղակի չի տիրապետել իրավիճակին. քանի որ ընդամենը երկու ամիս անց սկսվեց ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմը:

Ինչևէ, այս պատկերացումներով փողոցից իշխանության եկած որևէ մեկին ԱՄՆ դեսպանի պաշտոնին հնարավոր ուղղորդումն ավելի քան 2,5 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը մատուցված միակ «սյուրպրիզը» չի լինելու:

Նոր իշխանությունների համար նշանակումներ կատարելու տրամաբանությունն էլ վաղուց չի զարմացնում՝ փողոցից, հանրահավաքներից՝ պատգամավոր ու նախարար, անգլերենի դասատուից՝ մշակույթի նախարար, իրավաբանից՝ առողջապահության նախարար, չստացված լրագրողից՝ սահմանադրագետ, «Մենյու»-ից՝ էկոնոմիկայի նախարար՝ մեկ քայլ է, և ուրեմն կես քայլ է՝ Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամական խմբից՝ դեպի ԱՄՆ դեսպան: Նկատենք՝ կա իրավաբանների շրջանակ, որ պնդում է՝ նման նշանակումը խնդրահարույց է ոչ միայն տրամաբանության, այլև օրենքի տեսանկյունից:

Հիշեցնենք՝ այս իշխանության նորամուտին՝ 2018թ. մայիսի 8-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ դեռ այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել էր Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքի մասին՝ ընդգծելով. «Լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների և գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաև խորհրդարանին»:

Քանի որ խորհրդարանում այս ընթացքում դեսպանների հաշվետվությունների մասին տեղեկություններ չեղան, թերևս, Մակունցի նշանակումով՝ խորհրդարանը կմոտենա դեսպաններին. եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ:

Լիլիթ Մակունցն ու Դատալեքսը. Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դատի է տվել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին՝ ասուլիսներում հնչեցված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով:

Իսկ Գառիկ Իսագուլյանն ասուլիսներում Լիլիթ Մակունցի անվանն առնչվող հետևյալ հայտարարությունն էր արել. «Մինչև հեղափոխությունը, հեղափոխության շատ մասնակիցներ՝ Լիլիթ Մակունց, Արմեն Գրիգորյան, Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, Գարեգին Չուքասզյան, Ասյա Խաչատրյան և շատերը, որոնք շատ հաճախ այցելում էին Թբիլիսի և կազմակերպում էին հանդիպումներ Վրաստանի ԱՄՆ դեսպանատան միջոցով թուրքերի ու ադրբեջանցիների հետ կազմակերպվող հանդիպումներին: Նորից հայտարարում եմ, 48 մլն դոլար, որոնք Նիկոլ Փաշինյանի թիմը ստացել է հենց Ադրբեջանից ու Թուրքիայից, եղել է բացարձակ ճշմարտություն։ Մակունցը, որ դասավանդում էր Սլավոնական համալսարանում, փորձել է այդ գործում ներգրավել նաև նույն համալսարանի փայլուն ուսանող Անդրանիկ Հովհաննիսյանին, որը գիտեր հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, թուրքերեն, ղազախերեն, չինարեն, ճապոներեն։ Անդրանիկ Հովհաննիսյանը, իմանալով, թե ինչին պետք է մասնակցի, հրաժարվել է մասնակցել այդ ստոր գործարքին»։

Նկատենք՝ ինքը՝ Անդրանիկ Հովհաննիսյանը, այս հայտարարություններից առաջ ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել էր Իսագուլյանի հիշատակած դրվագին՝ նշելով.

«Նիկոլ Փաշինյան, հիշո՞ւմ եք, թե ինչ տեղի ունեցավ ուղիղ մեկ տարի առաջ։ Ձեր ապօրինի հրամանով ՀՀ ԱԱԾ աշխատակիցները՝ առանց որևէ բացատրության՝ արտաքսեցին ինձ Հայրենիքից։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչի դա տեղի ունեցավ։ Կփորձեմ թարմացնել Ձեր հիշողությունը որոշ հիմնաբառերով. Թբիլիսի, գաղտնի հանդիպումներ, ծրագիր, 48 միլիոն դոլար, դավաճանություն: Երբ Ձեր թիմակիցներն ինձ առաջարկեցին մասնակցել այդ ծրագրերին, ես հրաժարվեցի՝ ասելով, որ պետական դավաճանական ծրագրերին ես մասնակցություն չե՛մ ունենալու։ Որպես պատիժ՝ արտաքսեցիք ինձ Հայրենիքից։ Լա՛վ խորհեք, թե ինչ է Ձեզ սպասվում մոտ ապագայում, արդարությունը շուտով վերականգնվելո՛ւ է»:

Լիլիթ Մակունցն ու Ֆեյսբուքը. Լիլիթ Մակունցի «մաքսիմալիստական ձգտումների» մասին մենք առաջինը տեղեկացանք հենց նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ նա արել էր իր առաջին պատմական գրառումը, և որը հետո դարձավ թևավոր խոսք:

Երբ 2018 թվականի մայիսին Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մակունցը նշանակվել էր մշակույթի նախարար, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»»:) Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետև գիտեմ, ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի:) Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի»:

Այո, Մակունցը բազմաթիվ, քաղաքականապես ոչ հասուն ու ծիծաղաշարժ հայտարարություններով է աչքի ընկել և բոլորի, նույնիսկ իմքայլականների համար էր անհասկանալի, թե Փաշինյանը ինչո՞ւ է նրան այդպես առաջ մղում, ի՞նչ ծառայություն է նա մատուցել «հեղափոխություն» կոչվածին և անձամբ Փաշինյանին:

Վերջերս մամուլը գրել էր, որ Լիլիթ Մակունցը պատերազմի ավարտից հետո դեպրեսիայի մեջ է: Հուսանք, Մակունցը հասկանում է, թե ինքը և իր քաղաքական թիմն ինչ վտանգների են հասցրել երկիրը, և, որ պատերազմում մեր կրած մարդկային և տարածքային կորուստների պատասխանատուներից մեկը հենց ինքն է: Եվ այդ պատասխանատվությունից հնարավոր չի լինելու փախչել՝ աշխարհի որ ծայրում էլ գտնվեն նրանք:

Ի դեպ, նույն մամուլը գրել էր նաև, որ Փաշինյանի թիմակից պաշտոնյաները փորձում են դրսում որևէ աշխատանքի անցնել և լքել երկիրը:

Նկատենք՝ այսօր Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան էջն անհասկանալի պատճառներով անհետացել էր, իսկ հեռախոսահամարը, որով կարող էինք որևէ մեկնաբանություն լսել իր նշանակման լուրերի մասին, դարձել էր անհասանելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել