168.am-ը գրում է.

Հունվարի 20-ին Մարտակերտի շրջանի մի խումբ բնակիչներ փակել էին ռուս խաղաղապահների շարասյան ճանապարհը՝ պահանջելով, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական տարածքների ճանապարհներն իրենք օգտագործեն այնպես, ինչպես դրանք օգտագործում են ադրբեջանցիները, իհարկե, ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Բնակիչներն այդ խնդրի առնչությամբ նամակ էին փոխանցել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի ղեկավար Ռուստամ Մուրադովին, որից հետո միայն բացել էին ճանապարհը՝ սպասելով ռուսական կողմի պատասխանին։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ, բարձրացնելով վարդենիսցիներին հուզող ճանապարհային խնդիրը, 168.amի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ արտգործնախարարությունն օր ու գիշեր ջանք պետք է թափի, աշխատի, որպեսզի հնարավոր դառնա Քարվաճառի ճանապարհի օգտագործումը։

Ըստ պատգամավորի, բազմաթիվ վարդենիսցիներ այսօր աշխատում են Արցախում, և նրանք 80 կմ ճանապարհի փոխարեն՝ կտրում-անցնում են 400 կմ ճանապարհ՝ Վարդենիսից Արցախ հասնելու համար։

168.amի հետ զրույցում անդրադառնալով Քարվաճառի ճանապարհի օգտագործման հնարավորություններին՝ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը նշեց, որ հարցը քննարկում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ։

«Հարցի հետ կապված՝ հանդիպել ենք մարզպետի հետ, քննարկել ենք, մարզպետն էլ արդեն կառավարության մակարդակով հարցը բարձրացրել է։ Ինչ վերաբերում է այդ ճանապարհի անվտանգությանը, կարծում եմ՝ տվյալ դեպքում անվտանգ կլինի, եթե ռուս խաղաղապահները հանձն առնեն, որ հայերի անվտանգությունը կերաշխավորեն։ Ըստ իս, ռուսական կողմն այս հարցի մասով լավ է տրամադրված, եթե խոսվում է  ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա ապաշրջափակման մեջ պետք է լինի Արցախ տանող այդ ճանապարհը»,- շեշտեց Արամ Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել