168.am-ը գրում է․

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեց իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած երկու թեկնածուներին՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին և ՀՔԾ գործող պետ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատուրյանին. թեկնածուները ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվեցին միայն «Իմ քայլը» խմբակցության կողմ քվեարկությամբ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը, անդրադառնալով այս ընտրությանը, նկատեց, որ իշխանության համար այս քայլին գնալու երևացող պատճառն ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները սաստկացնելն ու դատական իշխանությունն իր վերահսկողության տակ պահելն է։

«Այստեղ կա նաև մեկ այլ խնդիր՝ իշխանությունը փորձում է գործունեության իմիտացիա ստեղծել, սակայն պարտված ու թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող իշխանությունը, ակնհայտ է, որ չի կարող երկիրը կառավարել, հետևապես, նման իմիտացիոն քայլերով փորձում են դեռևս կենդանության նշաններ ցույց տալ»,- ասաց Գասպարյանը։

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է անում ընդդիմությունն իշխանության իմիտացիոն գործընթացները կանխելու համար, Արա Գասպարյանը նշեց, որ ընդդիմության քայլերը բերել են նրան, որ գործելու ունակության իմիտացիան էլ այս իշխանությունն իրականացնում է խիստ սահմանափակումներով, իսկ դա բերելու է նրան, որ աստիճանաբար ընկրկելու է և կորցնելու երկրում իշխելու բոլոր մեխանիզմները։

«Պետք չէ ընդդիմության գործողությունները դիտարկել միայն սև և սպիտակի համատեքստում։ Այն գործողությունները, որոնց դիմել է ընդդիմությունը, բերել է իշխանության ֆունկցիոնալության նվազման»,- ասաց նա։

Արդյո՞ք իշխանության ֆունկցիոնալությունը նվազած կարելի է համարել՝ հետևելով այսօրվա իրադարձություններին, երբ բացառապես «Իմ քայլի» կողմ քվեարկությամբ իշխանությունը հասնում է նրան, ինչին ձգտում էր, ԲԴԽ անդամներ են ընտրում այն մարդկանց, որոնց առաջադրել էր: Արա Գասպարյանը պատասխանեց.

«Միայն Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին այդ պաշտոնին նշանակելով՝ չեն կարողանալու Հայաստանում ընթացող գործընթացները հետ շրջել։ Իշխանության հույսը մնացել են նման մի քանի նշանակումները»,- ասաց Գասպարյանը՝ շեշտելով, որ իշխանության գործողություններին զուգահեռ՝ աշխատում է նաև ընդդիմությունն իր թիվ մեկ պահանջին՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար, սակայն կան որոշ հանգամանքներ, որոնք ընդդիմությունը պետք էլ չէ, որ ցուցադրի, բացի այդ, որոշ օբյեկտիվ պատճառներով այս փուլում արձանագրվել է ընդդիմության գործողությունների ինտենսիվության նվազում։

Դիտարկմանը՝ չկա՞ մտավախություն, որ այդ ինտենսիվության նվազման ֆոնին իշխանությունն արագ կգործի և կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հատկապես, որ արդեն քննարկվում է նոր Ընտրական օրենսգիրքը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու հարցը, «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղարը պատասխանեց.

«Փաշինյանն իր այդ թիմով կարող է այս երկրում 20 ընտրություն անցկացնել, միևնույն է, դրանք նրան լեգիտիմություն չեն բերելու։ Կարծում եմ՝ ընդդիմադիր ուժերը չեն մասնակցի այդ ընտրություններին»։

Հարցին՝ իսկ «Ազգային օրակարգ» կուսկացությունն ունի՞ հստակ դիրքորոշում՝ կմասնակցի՞, թե՞ ոչ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, Գասպարյանը պատասխանեց.

««Ազգային օրակարգ» կուսակցությունը Փաշինյանի կազմակերպած ընտրություններին չի մասնակցելու»:

Նա հավելեց, որ իրենք երկիրը պարտության տարած և թուրքերի հետ այլ պայմանավորվածության դաշտում գործող Նիկոլ Փաշինյանի կազմակերպած որևէ գործընթացի մեջ չեն մտնելու։

«Ադրբեջանի և Թուրքիայի հետ մութ գործարքներ կան, պայմանավորվածություններ կան։ Հարց է առաջանում, թե ի՞նչ է պայմանավորվում թուրքերի հետ, որովհետև ակնհայտ է, որ գերիների հարցով մանիպուլյացիա է անում, գերիների հարցով իշխանությունը հակառուսական տրամադրություններ է բորբոքում. իրենց կարճ խելքով՝ պղտոր ջրում ձուկ են որսում։ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Հայաստանը թուրքական թակարդում է հայտնվել. ընդամենը մնալու է Հայաստան ցուցանակը»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել