168.am-ը գրում է.

Արցախում պատերազմական գործողությունների ավարտից հետո մի շարք քաղաքական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ ակտիվ պայքար են սկսել, որի հիմնական պահանջը երկրում կտրուկ փոփոխություններն են։

Չնայած սկզբնական շրջանում օրակարգում էր նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, որի հետ կապված Հարությունյանը նույնիսկ ստիպված հանդես եկավ ուղերձով ու հայտարարեց, որ ողջամիտ ժամկետում ոչ միայն արտահերթ ընտրություններ է անցկացնելու, այլև պարտավորվում է այլևս չառաջադրվել։

Իշխանությանն ուղղված պահանջների շրջանակներում պաշտոնանկ արվեցին ուժային կառույցների այն ղեկավարները, որոնց նկատմամբ և իրենց համակարգերում, և հանրության շրջանում մեծ դժգոհություն կար։

Խոսքն առաջին հերթին՝ Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Կամո Աղաջանյանի և Ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանի մասին է, ովքեր որոշակի ներդրում ունեն Արայիկ Հարությունյանի նախընտրական հաջողություններում։

Օրեր առաջ հրաժարական տվեց նաև Գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը, ով ևս Արայիկ Հարությունյանի առանցքային թիմակիցներից էր, սակայն բազմաթիվ ճնշումների ներքո ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

Դրանից հետո փոփոխություններ տեղի ունեցան նախագահի աշխատակազմում․ ղեկավարն ազատվեց պաշտոնից և նշանակվեց արդարադատության նախարար, իսկ Հայաստանից Սոցիալական հարցերի նախարար նշանակվեց Մանե Թանդիլյանը, ով ավելի վաղ իր մանդատը վայր էր դրել հիվանդության պատճառաբանությամբ։ Ընդհանրապես կարծիք կա, որ Թանդիլյանն Արցախում Փաշինյանի աչքն է, որովհետև կասկածներ կան, որ ՀՀ-ից հատկացվող գումարները, մեղմ ասած, արդյունավետ չեն ծախսվում։

Աչքի ընկնող փոփոխություններից էր նաև «Վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի նախարարական պորտֆելի փոխանցումը, ով մինչև այդ, խորհրդարանական ընտրություններում պարտվել էր, սակայն, ըստ Արցախում շրջող շշուկների, մշտապես ստվերային ձևով համագործակցել է Հարությունյանի հետ։

Ավելի վաղ, քաղաքական խորհրդակցություններին մասնակից ՀՅԴ-ն, Արդարություն և Ժողովրդավարական կուսակցությունները ձախողված համարեցին Արայիկ Հարությունյանի հետ բանակցությունները և զերծ մնացին նրա հետ հետագա համագործակցությունից։

Սրա հետ կապված, որպես տապալման հիմնական պատճառ՝ նշվում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Նիկոլ Փաշինյանն առանց այդ էլ դժվարությամբ էր ընդունել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գեներալ Վիտալի Բալասանյանի նշանակումը և կարծում էր, որ ՀՅԴ-ի, Արդարության և ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի՝ իշխանության մաս կազմելը տոտալ կերպով կնվազեցնեին Արայիկ Հարությունյանի դիրքերը, ինչը Հայաստանի իշխանության համար խնդիր է։

Այս պահին իրավապահ համակարգում թափուր են ԱԱԾ տնօրենի, գլխավոր դատախազի և ոստիկանապետի պաշտոնները, որի շուրջ էլ երկար ժամանակ թեժ քննարկումներ են ընթանում։

Արայիկ Հարությունյանն ամեն կերպ փորձում է գոնե իր մի քանի թիմակիցներին կողքին պահել, և այդ նպատակով Ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների ծառայությունն օրեր առաջ միացվել են իրար՝ դարձել Ներքին գործերի նախարարություն, որտեղ Հարությունյանը ցանկանում է նշանակել Կարեն Սարգսյանին։ Վերջինս նախկինում եղել է Բակո Սահակյանի օգնականը, վերջին տարիներին քաղաքական համաձայնության է եկել Հարությունյանի հետ, եղել է նրա քարոզարշավի քաղաքական և ֆինանսական հովանավորներից և 2020 թվականի նախագահական ընտրություներից հետո, որպես խրախուսանք, պաշտոն ստացել։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա երկար ժամանակ այս պաշտոնը թափուր է։ Հարությունյանի վրա մի կողմից՝ ճնշումներ կան ՀՀ-ից՝ իրենց համար նախընտրելի անձի նշանակման հարցով, մյուս կողմից՝ մեծ են նաև հանրային ճնշումները, ինչո՞ւ չէ՝ թիմակիցները ևս կարծում են, որ այդ կարևոր պաշտոնը պետք է «սվոյսկի» մարդ զբաղեցնի։

Հարությունյանը հակված է այդ պաշտոնին նշանակել նախկին ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանին, որին մեկ ամիս առաջ է պաշտոնից ազատել, սակայն առ այս պահը նշանակում չկա, որովհետև գիտակցում է, որ դա իր վրա կարող է ծանր նստել։

Հակոբջանյանից մեծ դժգոհություն եղել է հատկապես պատերազմական օրերին, իսկ հետպատերազմյան փուլում բազմաթիվ զոհված ոստիկանների հարազատներ պահանջում են պատասխանատվության ենթարկել վերջինիս՝ անօրինական ձևով ոստիկաններին մարտադաշտ տանելու և առանց ապահովման թողնելու համար։

Երկրորդ, պատերազմի օրերին Արցախում մեծածավալ գողություններ են եղել, մեծ թվով քաղաքացիներ վնասներ են կրել, իսկ ոստիկանությունը որևէ ձևով հանցագործության դեմ չի պայքարել։

Երրորդ, ոստիկանապետի հրաժարականը պահանջող ուժերը զայրացած են իրադարձությունների նման շրջադարձից և սպառնում են նրա՝ ԱԱԾ պետ նշանակելու դեպքում կոշտ քայլերի գնալ։

Գլխավոր խնդիրը, թերևս, այն է, որ ի սկզբանե ուժայինների հետ կապված հարցերում Հարությունյանը հրապարակային պարտավորվել էր խորհրդակցել և վերջնական հաստատումը ստանալ Անվտանգության խորհրդից, սակայն նա փորձում է այս հարցում ինքնուրույնություն պահել և խուսափել Վիտալի Բալասանյանի աճող ազդեցությանը նպաստելուց։

Բալասանյանը, ով ակտիվորեն զբաղված է անվտանգության հետ կապված տարբեր հրատապ խնդիրների լուծմամբ, այս փուլում նման հարցերով դեռևս չի զբաղվում, սակայն չի էլ կիսում Արայիկ Հարությունյանի կադրային քաղաքականության մեջ դրսևորվող մոտեցումները և կարծում է, որ նախագահը պետք է դուրս գա թայֆայական մոտեցումներից և ազգային կուրս որդեգրի։

Վերջին շրջանում Արայիկ Հարությունյանը փորձում է խուսափել կոնֆլիկտներից, հրապարակային ելույթներում զերծ է մնում Հայաստանի իշխանություններին ուղղված ռևերանսներից՝ գիտակցելով, որ դա իրեն առավել թուլացնում է, մյուս կողմից՝ չերևացող ձևով իր կապերը պահում հայաստանյան իշխանական վերնախավի հետ, ինչն իր համար անվտանգության երաշխիք է համարում։

Ժամանակն ընթանում է, սակայն Արցախում դժվարությամբ են հաղթահարում պատերազմյան շոկը, իսկ Հայաստանի իշխանություններն էական քայլեր չեն ձեռարկում ստեղծված իրավիճակում արագ կարգավորումներ տալու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել