168.am-ը գրում է.

Ազգային ժողովում պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հաստատումը տեղի է ունենալու 1975-1976 թվականների քարտեզների հիման վրա:

«Շատ անգամ շահարկվում է Սյունիքի հարցը, ավելացվում են նաև մտացածին շատ թեզեր: Եկեք մեկ բան հասկանանք. սահմանապահ զորքերի տեղակայման համար, որը չի նշանակում՝ դելիմիտացիա, դեմարկացիա, ինչ-որ ձևով անվտանգությունն ապահովելու համար  պետք է ընտրվի որևէ մեխանիզմ: Նույնական մեխանիզմ պետք է լինի: Այդ մեխանիզմն ընտրվել է 1975-76թթ. ռազմական քարտեզով՝ 50.000 մասշատբով, որը գրեթե նույնական է 2010թ. այս դահլիճում ընդունված օրենքի սահմաններին: Դելիմիտացիան և դեմարկացիան այլ քննարկման առարկա են և մեր օրակարգում լինելու են, ինչպես որ կան մեր և Վրաստանի հետ սահմանազատման և սահմանագծման օրակարգերը»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ երեկ ասել է ՀՀ փոխվարչապետը:

Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանից 168.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ քարտեզի մասին է խոսքը։ Ի պատասխան՝ նա ասաց․

«Որքանով ես եմ տեղյակ՝ մեր արխիվում նման քարտեզ չկա: Դա ստացել են Մոսկվայից: Մոսկվայում կա Քարտեզագիտության ինստիտուտ, որտեղ պահպանվում են նախկին խորհրդային տարիների բոլոր հատվածների քարտեզները»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:

Քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն  Շահինյանի փոխանցմամբ էլ՝ քարտեզներում ընդհանրապես մասշտաբային շարքը սկսվում է 1:1000000 մինչև 1:2000:

«1:50.000 մասշտաբից բացի, ունենք դրանից ավելի ցածր ճշտության՝ 1:100.000, որից հետո՝ 1:50.000 և դրանից ավելի բարձր ճշտությունը՝ 1:25.000: Բայց Հայաստանն ունի նաև ավելի ճշգրիտ քարտեզներ՝ 1:25.000, 1:10.000, բնակեցված վայրերում ունենք նաև 1:2000: Դրանք քարտեզների մասշտաբներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչ ճշտության է և ինչ պահանջներով է արված այդ քարտեզը: Իսկ թե դրանք ո՞ր թվականին են արվել, դա արդեն տվյալ քարտեզի հրատարակման շտամպի վրա պետք է նայել»,- նշեց քարտեզագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել