Արցախում միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ հերթական պատերազմը սանձազերծած ագրեսորը, հազարավոր կորսված ու խեղված կյանքերի պատասխանատուն՝ Ադրբեջանը, հրավիրվել է «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովին: Հրավիրողն էլ, ուշադրություն, Իտալիան է:

Իտալիան, որը G20-ում իր նախագահության ընթացքում ինքն է ընտրում ու գագաթնաժողովին հրավիրում իր համար կարևոր պետություններին: Իտալիան, որը ժամանակին Հայաստանի համար ամենաբարեկամական երկրներից էր, որը միշտ Հայաստանի կողքին էր թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին: Իտալիան, որը Հայաստանին առնչվող հարցերում ուներ առնվազն հավասարակշռված մոտեցումներ:

Արյան մեջ թաթախված Ադրբեջանին գագաթնաժողովին հրավիրելով՝ Իտալիան նույնիսկ հարկ չի համարել ապահովել հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաև Հայաստանին: Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնական գործիչները և, առհասարակ, հանրությունը ձևացնում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Մենք որոշել ենք, որ ամեն ինչ անցյալում է, և նոր առաջնահերթություններ ենք առաջ քաշել: Այդ դեպքում ինչո՞ւ, օրինակ, իտալացիները պետք է ավելի շատ սիրեն Հայաստանը, քան մենք՝ հայերս:

Վերոնշյալը հերթական վառ և դրանից էլ ավելի դառն ապացույցն է առ այն, որ մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և պետական ինստիտուտներn ավերված են և անգործունակ: Նիկոլիզմը քանդեց մեր պետությունը ներսից և զրոյացրեց Հայաստանի ազդեցությունը դրա սահմաններից դուրս: Մենք կորցնում ենք արժանապատվությունը, մեզ վրա ոտք են մաքրում: Եվ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ այդ դավաճանները ներկայացնեն Հայաստանը, աշխարհի արձագանքը չի կարող (և չի լինի) այլ լինել:

Քանի դեռ ինքներս մեզ չենք հարգում, ուրիշները մեզ հարգելու առիթ չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել