Համացանցում քննարկումները վնասում են անհետ կորածներին գտնելուն եւ գերեվարվածներին վերադարձնելուն: Այս մասին հունվարի 19-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում խորհրդարանական ժամին ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ տարբեր հարթակներում անընդհատ խոսում են գերիների մասին՝ առանց հասկանալու, որ այս հարցը չունի արագ լուծում:

«Այս քննարկումները միայն վնաս կհասցնեն գործընթացին: Այսօր մեծ ծավալի աշխատանքներ են տարվում, որոնք ուղղված են անհետ կորածներին եւ գերեվարվածներին հայտնաբերելուն եւ վերադարձնելուն: Նրանց հարազատները նույնպես ներգրավված են այս գործընթացում»,- ասել է պատգամավորը:

Քոչարյանի կարծիքով՝ նման թեմաների անտեղի շահարկումները, դավաճանների եւ մեղավորների որոնումը պահի պահանջ չեն: Նա նշեց, որ ռազմագերիների հարցը լուծելուց հետո կվերլուծվի պատերազմի գործընթացը, կյուրացվեն դասերը, կկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները եւ կուղղվեն բացթողումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել