168.am-ը գրում է.

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում գրանցված թանկացումների վերաբերյալ հրապարակում են արել նոյեմբերին: Այս պահին կրկին ուսումնասիրում են շուկան, և հաջորդ հրապարակումը կլինի առաջիկայում:

«Այս պահին շուկայում դեռևս ուսումնասիրությունը շարունակվում է, որպեսզի հասկանանք, թե ինչ ծավալի ուսումնասիրության մասին է խոսքը, մենք վերցնում ենք դրսի գները, որտեղից ապրանքը ձեռք է բերվում, վերցնում ենք հումքը, տրանսպորտային ծախսերը, այսինքն՝ այս ամենն ամբողջական գործընթաց է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Գևորգյանը:

Ըստ նրա՝ ուսումնասիրություն է կատարվում բենզինի, արևածաղկի, շաքարավազի շուկայում:

«Ուսումնասիրությունների արդյունքում, եթե ապրանքի գնի բարձրացումը համաչափ է դիտվում, հրապարակվում է այդ մասին, եթե չկա համաչափություն, ապա միանգամից սկսվում է վարչական վարույթ»,- նշեց Գ. Գևորգյանը:

Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսի ժամանակ, երբ ցիտրուսային մրգերի հետ կապված նկատվեց թանկացում, այդ ժամանակ գերիշխող դիրքի չարաշահման պատասխանատվության միջոց  են կիրառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել