ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բացառել լիցքավորման կայաններում ավտոտրանսպորտային միջոցների՝ շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արման Սիմոնյանը:

«Առաջարկվում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսaվարող սուբյեկտներին: Առաջարկվում է նաև ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն՝ սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և նշված գործունեություններն իրականացնող կազմակերպությունների արտադրական բազաների և ինժեներատեխնիկական անձնակամի որակավորմանը ներկայացվող պահանջները, բացառել լիցքավորման կայաններում շահագործման ժամկետը լրացած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը»,- ասաց փոխնախարարը:

Նախագծով սահմանվում են նաև վերահսկողական լծակներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով սահմանված պահանջները խախտողներին: Ակնկալվում է գազաբալոնային համակարգով վերասարքավորված տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության  բարձրացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել