ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին» Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կոնվենցիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնվենցիան վավաերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 87 «կողմ» ձայներ:

Կոնվենցիան ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 11-ին ՀՀ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև: Կոնվենցիան կարգավորում է ԱՊՀ մասնակից պետությունների հարաբերությունները՝ կապված պատժի նշանակման պետության դատարանի կողմից պատժի կատարման պետության քաղաքացու նկատմամբ նշանակված՝ ազատազրկման հետ չկապված պատիժների եւ (կամ) քրեաիրավական բնույթի միջոցների կիրառման հետ: Կոնվենցիայի դրույթները կիրառվում են օրինական ուժի մեջ մտած այն դատական վճիռների նկատմամբ, որոնց հիման վրա նշանակվել են ազատազրկման հետ չկապված պատիժներ եւ կիրառվել են քրեաիրավական բնույթի միջոցներ:

Կոնվենցիայով սահմանվում են պատժի կատարման փոխանցման մասին միջնորդությամբ դիմելու պայմանավորվող կողմերի իրավունքները, հարցումներ ուղարկելու եւ պատասխաններ ստանալու կարգն ու պայմանները, հարցման կատարումը մերժելու հիմքերը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել