168.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի հունվարի 14-ի որոշմամբ, 1991-ին Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած, իսկ 1999-2002թթ. Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան աշխատած Սուրեն Սահակյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու փոխնախարարին, ով նաև ֆինանսական, տնտեսական կառույցներում աշխատելու փորձ ունի, 168.am-ի տեղեկություններով՝ վստահվել է տնտեսական ուղղությունը՝ գնումների գործընթացը: Այսինքն, նա փոխարինում է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մակար Ղամբարյանին:

Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ չէ՝ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը կանգ առել Սուրեն Սահակյանի թեկնածության վրա, չենք կարող ասել, բայց հիշում ենք, որ 2019-ի սեպտեմբերին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դեսպան աշխատած Սահակյանը հայտարարել էր, որ 1999-ին՝ Քոչարյանի նախագահության օրոք, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը բանակցել է Մեղրիի տարբերակը:

Նույնը պնդել է միշտ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը:

«Այո, գնում էր բանակցություններ դրա վերաբերյալ՝ Մեղրիի փոխանակում՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Նախաձեռնությունը, չեմ կարող ասել՝ հստակ ումն էր, բայց դա ավելի շատ ամերիկյան պրոյեկտ էր, ուզում էին այդ ձևով խաղաղություն հաստատել: Եվ մեր բարձր ղեկավարությունը գնում էր այդ բանակցություններին, քննարկում էր այդ տարբերակը բավականին լուրջ: Ռուսները շատ էին զարմացած: Ես դրա մասին իմացա արդեն 1999-ի նոյեմբերին, որ նման բան է գնում, պաշտպանության նախարարն էր այդ ժամանակ այցով պաշտպանական, ռազմական իր գործերով՝ Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԱԳՆ-ից խնդրեցին, որ ուզում են իր հետ հանդիպել: Գնացինք ԱԳՆ՝ ես, Վաղարշակ Հարությունյանը, ռազմական կցորդը, հանդիպում ունեցանք իրենց արտգործնախարարի տեղակալի հետ, և այդ հանդիպումից պարզ դարձավ, որ ռուսներին այդ տարբերակը… առաջին հարցն ինձ տվեցին՝ դա ձեզ ձե՞ռք է տալիս, որ գնում եք այդ տարբերակին և այդպես: Իրենք մի քիչ անակնկալի էին, մի քիչ էլ՝ անհանգիստ, որովհետև դա բավականին գեոպոլիտիկ քայլ կլիներ՝ Մեղրիի փոխանակումը: Պարսիկներն էլ էին շատ անհանգստացած, Մոսկվայում իրենց դեսպանի հետ զրույցների ժամանակ զգացվում էր դա»,- ասել էր Սուրեն Սահակյանը:

Այս պարագայում հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում պաշտպանության նորանշանակ փոխնախարարը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի մասին, որի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, և ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Առհասարակ, ի՞նչ է մտածում Սյունիքում տարածքների հանձնման մասին, թե՞ Վաղարշակ Հարությունյանի նման կարծում է, որ ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածքում ճանապարհով քայլելու կամ սահմաններին մոտենալու մեջ մտահոգվելու և խուճապի առիթ չկա: Եվ, որ վերջին զարգացումների տրամաբանության մեջ ռուս սահմանապահների՝ Սյունիքում տեղակայվելը, բնավ, ՀՀ ինքնիշխանության կորուստ չի նշանակում, ինքնիշխանության կորուստն այն ժամանակ է լինում, երբ անվտանգությունն ապահովված չէ:

Իսկ գուցե Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի՝ Մեղրիի տարբերակին դեմ լինելու մասին խոսող Սուրեն Սահակյանը և՞ս կարծում է, որ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել Մեղրին ԼՂ-ի հետ փոխանակելուն, ոչ թե կոմունիկացիային, ինչպես պնդում է Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

Ի դեպ, ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպանը «Առաջին լրատվական»-ին տված վերոնշյալ հարցազրույցում «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրին ավելի մեղմ է մոտենում, որով ՀՀ-ն մարեց Ռուսաստանի Դաշնությանն ունեցած պետական պարտքը։

«Վատ պայմանագիր չէ, ի վերջո, պարտքը փակվեց: Ուրիշ բան, որ պարտքը զիջեին, դա ավելի լավ տարբերակ կլիներ»,- նշել է Սահակյանը՝ հավելելով, որ այդ ձեռնարկությունները, մեկ է, չէին աշխատելու:

Հիշեցնենք, որ 2002թ. հուլիսի 17-ին ստորագրվեց «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագիրը, որով Ռուսաստանին ունեցած շուրջ 98 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը ռուսական կողմին հանձնեց «Մարս» գործարանը, Կառավարման ավտոմատացված համակարգերի և Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները, Նյութաբանության արտադրական և գիտահետազոտական ձեռնարկությունը, «Հրազդանի» ՋԷԿ-ի գույքահամալիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել