Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանն ու Թուրքիան Ղարսում համատեղ՝ «Ձմեռ -2021» զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 1-ից 12-ը։

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծում է՝ մեր տարածաշրջանում ընթացող իրադարձությունները պետք է վերլուծենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում։

«Տարածաշրջանային զարգացումների հիմնական ուղղությունները գլխավոր դերակատարների ազդեցության ընդլայնումն է ու նաև նոր դերակատարների ազդեցության զարգացումը դեպի Հարավային Կովկաս, ես նկատի ունեմ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Այդպիսի զորավարժություններ տեղի ունեցան Ադրբեջանում, որոշ հատվածներում, ներառյալ նաև Նախիջևանը ու դրանից հետո մենք տեսանք, թե ինչպիսի սադրանք սկսվեց Արցախի ու Հայաստանի հանդեպ։ Միանշանակ, բոլորս ընդգծում ենք ու նաև միջազգային հանրությունն է խոսում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը իրականացվել է Թուրքիայի, միջազգային ահաբեկիչների ու իրենց աջակցող մուսուլմանական աշխարհի դերակատարների կողմից։ Հիմա, համեմատաբար, խաղաղություն է տիրում, որովհետև հայտարարությունից հետո պատերազմը կանգնեցվեց, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ ցանկացած այսպիսի խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ փորձել են նախապատրաստվել հերթական սադրանքներին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ հերթական սադրանքը, որ կարող է լինել Հայաստանի հանդեպ, մի քիչ իր մեջ դժվարություն է պարունակում, որովհետև Հայաստանի հանդեպ սադրանքի դեպքում մեր հակառակորդները անմիջական գործ պետք է ունենան ՀԱՊԿ-ի ու նաև տարածաշրջանային կարևոր դերակատարի՝ Ռուսաստանի Դաշնության միացյալ զորախմբի հետ։

«Զորավարժություններն անցկացվում են փետրվարի 1-ից 12-ն ու անմիջապես մեր հարևանությամբ՝ Գյումրիի դիմաց, Ղարսի նահանգի արևելյան հատվածում է լինելու, այնտեղ է տեղակայված նաև ՌԴ 102-րդ ռազմաբազան ու այդ ուղղությունն է, որ մեր միացյալ զորախմբի գործողությունների հիմնական ուղղություններից մեկն է», - նշեց Օհանյանը։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այս զորավարժություններով Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են իրենց ռազմական միացյալ գործողությունների հնարավորությունները, մանավանդ, որ ասել են՝ նոր զինատեսակներ են փորձարկելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել