168.am-ը գրում է․

Անշարժ գույքի շուկայում ճգնաժամն այլևս իրողություն է։ Ճգնաժամի հիմնական նշանները երկուսն են՝ գործարքների կրճատումը և գների նվազումը։ Թե՛ մեկը, և թե՛ մյուսը շուկայում վաղուց են նկատվում։ Սակայն, եթե մինչև վերջերս արձանագրվող գների նվազման պայմաններում դրանք դեռևս շարունակում էին ավելի բարձր մնալ, քան մեկ տարի առաջ էր, ապա հիմա արդեն դա էլ չկա. անշարժ գույքի գներն այլևս ավելի ցածր են, քան անցած տարի էր։

Այդ երևույթը նկատվում է, առաջին հերթին՝ բնակարանային շուկայում։ Դեկտեմբերի տվյալները դեռևս հայտնի չեն, բայց նոյեմբերին Երևանում բնակարանների գները, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, նվազել են 2 տոկոսով։ Խոսքը միջին գների մասին է։

Մարզերում ևս նույն պատկերն է. գները նախորդ տարվանից ցածր են 1,6 տոկոսով։

Գների նվազումը, անշուշտ, շատ ավելին կլիներ, եթե տեղի չունենար դրամի արժեզրկում։ Ինչպես հայտնի է, անշարժ գույքի նկատմամբ գործարքներն իրականացվում են հիմնականում տարադրամով, սակայն դրանք պաշտոնական վիճակագրության մեջ արտացոլվում են դրամով։ Դոլարի արժևորումն արհեստականորեն բարձրացնում է անշարժ գույքի դրամային գները։

Նոյեմբերին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է գրեթե 8-9 տոկոսով։

Եթե չլիներ այդ գործոնը, ապա անշարժ գույքի գների նվազումն անհամեմատ ավելի մեծ կլիներ։

Նախորդ տարվա համեմատ՝ անշարժ գույքի էժանացումը շուկայում ճգնաժամի առաջին ալիքն է։ Բայց այն չի սահմանափակվի դրանով։ Ճգնաժամն առաջիկայում շարունակելու է խորանալ։ Այդպես մտածելու համար կան բազմաթիվ պատճառներ։

Հետպատերազմյան շրջանում հասարակության մոտ կորել է վստահությունը երկրի ապագայի նկատմամբ։ Ի հայտ են եկել լուրջ մտահոգություններ՝ երկրի անվտանգության ու կայունության հետ կապված։ Ակնկալվում է արտագաղթի ակտիվացում։ Բազմաթիվ քաղաքացիներ սպասում են սահմանների բացվելուն, որպեսզի հեռանան երկրից։ Ենթադրվում է, որ նրանց մի մասը հարկադրված կլինի հեռանալ՝ վաճառելով նաև իր անշարժ գույքը։

Անշարժ գույքի շուկայի վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկը, անշուշտ տնտեսական ու սոցիալական իրավիճակն է։ Մեր տնտեսությունը լավ օրեր չի ապրում։ Ունենք խորը տնտեսական անկում։ Բայց որ ավելի վատ է, խիստ անորոշ են տնտեսության վերականգնման հեռանկարները։ Սպասվող խորը անկումից հետո՝ հաջորդ տարի ակնկալվում է ընդամենը 3 տոկոսին մոտ տնտեսական աճ։ Տնտեսական աճի այդ տեմպով տարիներ են պետք լինելու կորցրածը վերականգնելու համար։ Զարգացումների մասին, բնականաբար, անիմաստ է մտածել։

Տնտեսական ճգնաժամն իր ուղղակի ազդեցությունն է ունեցել և շարունակելու է ունենալ հասարակության եկամուտների վրա։ Մեծացել է գործազրկության վտանգը, սպասվում է աղքատության խորացման նոր ալիք։ Թանկացել են առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ։ Սպասվում է հանրային ծառայությունների սակագների բարձրացում։

Երկրում սոցիալական իրավիճակը գնալով վատանում է, ընկնում է մարդկանց գնողունակությունը, նվազում է վճարունակ պահանջարկը։ Սա լուրջ հարված է անշարժ գույքի և ոչ միայն՝ անշարժ գույքի շուկային։ Այն իր հետ կարող է քաշել նաև բանկային համակարգը։

Վերջին տարիներին անշարժ գույքի շուկայում էապես ավելացել էր հիպոթեքային վարկավորումը։ Շուկայի աշխուժության հիմնական ազդակներից մեկն էլ դա էր։ Օգտվելով եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունից՝ բազմաթիվ քաղաքացիներ փորձեցին այդ ճանապարհով լուծել իրենց բնակարանային ապահովության խնդիրը։ Սակայն այսօր շատերը հայտնվել են վարկերը մարելու դժվարությունների առաջ։ Սա առաջիկայում կարող է լուրջ գլխացավանք դառնալ ոչ միայն անշարժ գույքի շուկայի, այլև բանկերի համար։

Անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող այս պրոցեսներից անմասն չեն մնա նաև կառուցապատողները։ Բնակարանների նկատմամբ ներկայացվող պահանջարկի նվազումը բերելու է շուկայի լճացման։ Դա տեղի կունենա, առավել ևս, այն պարագայում, երբ ֆինանսական դժվարություններով պայմանավորված՝ կառավարությունը ստիպված լինի հրաժարվել հիպոթեքի դեպքում եկամտային հարկի փոխհատուցումից։

Այդ ուղղությամբ քննարկումներն ավելի վաղ էին սկսվել։ Հասկանալի պատճառներով, վերջին շրջանում դրանք ընդհատվել էին, բայց շուտով կարող են վերստին օրակարգ վերադառնալ։

Եկամուտների կրճատման հետևանքով բյուջեի բեռը չափազանց ծանրացել է, և հիպոթեկի դեպքում եկամտային հարկից հրաժարվելը կարող է օրախնդիր լինել։ Հատկապես, որ կառավարության չկշռադատված գործողությունների հետևանքով այդ բեռն արդեն հասցրել է ձնագնդի նման ավելանալ և լուրջ գլխացավանք դառնալ բյուջեի համար։

Տնտեսական իրավիճակը և հասարակության եկամուտների նվազումը՝ մի կողմից, աջակցության ծրագրերի սահմանափակումն ու հնարավոր դադարեցումը՝ մյուս կողմից, բերելու են անշարժ գույքի շուկայում պահանջարկի նվազման։ Նվազել ու շարունակելու է նվազել նաև արտաքին պահանջարկը, որը վերջին տարիներին կարևոր դեր ուներ անշարժ գույքի շուկայի ակտիվացման և գների բարձրացման գործում։

Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք առաջիկայում անշարժ գույքի շուկայում խորացնելու են ճգնաժամը։ Այն աստիճանաբար փոխանցվելու է նաև բնակարանային շինարարության մեջ։ Ֆինանսական խնդիրների առջև են հայտնվելու նաև կառուցապատողները։

Անշարժ գույքի շուկայի առանձին հատվածներում արդեն առկա են գնանկումային բավական մտահոգիչ երևույթներ։ Երևանի կենտրոնում բնակարանների միջին գների նվազումն անցնում է 5 տոկոսից։ Խոսքը նախորդ տարվա համեմատ եղած գների մասին է։ Նույնը նաև Դավիթաշենի պարագայում է։ Քանաքեռ-Զեյթունում գնանկումը 3 տոկոսին մոտ է։ Մի շարք համայնքներում միջին գները նախորդ տարվանից ցածր են 1-1,5 տոկոսով։ Բայց սա դեռ սկիզբն է։ Այս երևույթը գնալով խորանալու է՝ սպառնալով տնտեսության ու ֆինանսական համակարգի առանձին հատվածներին։

Անշարժ գույքի և հատկապես բնակարանային շուկայում ամենավտանգավոր երևույթը գների նվազումն է։ Չնայած այդ երևույթը սկսվել էր մայիսից, այնուհանդերձ մինչև նոյեմբեր գները դեռևս բարձր էին մնում նախորդ տարվանից։ Արդեն նոյեմբերին փոխվեց նաև այդ պատկերը. գները սկսեցին զիջել նաև նախորդ տարվա մակարդակը։ Սա նշանակում է, որ առաջիկայում հետաքրքրությունները ոլորտում կտրուկ ընկնելու են։ Ընկնելու է նաև արդեն սկսված ծրագրերի իրականացման ընթացքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել