168.am-ը գրում է․

Կարճ ժամանակ էր պետք, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տակնուվրա անի Հայաստանի ամբողջ տնտեսական դաշտը։ Դա իրականացվող տնտեսական քաղաքականությա՞ն, թե՞ դրա բացակայության հետևանք էր, որևէ նշանակություն չունի։

Շուտով կլրանա իշխանափոխության 3 տարին։ Երեք տարում կառավարությունն այդպես էլ չունեցավ տնտեսական քաղաքականության հայեցակարգ։ Հայեցակարգի բացակայությունը բերեց նրան, որ ոչ մի ոլորտում այդպես էլ չունեցանք ապագայի տեսլական։

Իշխանության ամբողջ ներուժը կենտրոնացած էր նախկիններին պատժելու, նրանց գույքը բռնագանձելու և, ի վերջո, սեփականության վերաբաշխում անելու վրա։ Տնտեսությունը հայտնվեց իրավական ուժեղ ճնշման տակ։ Տեղի-անտեղի համատարած քրեական գործեր հարուցվեցին նախկինների վրա, միացվեց հարկային մամլիչը։ Ոչ մեկը չէր ուզում մտածել, թե այդ ամենը ինչ հետևանքներ էր ունենում։ Կարևորը՝ իշխանության ու նրան սատարողների հոգին փառավորվում էր։

Այդպիսի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանի տնտեսությունը զրկվեց ֆինանսական միջոցներից։ Դրսից հոսքեր չկային կամ շատ քիչ էին, դադարեցին նաև ներքին հոսքերը։ Պարզ է, որ նման տրամադրությունների պայմաններում որևէ խելքը գլխին ներդրող ֆինանսական ներարկումներ չէր անի տնտեսության մեջ, նոր ծրագրեր չէր նախաձեռնի։ Ավելին, շատերը սկսեցին մտածել իրենց ներդրումները պաշտպանելու մասին։ Սա, ուզած թե չուզած, բերելու էր փողի փախուստի։

Մինչ դրսից ու ներսից փող չէր մտնում տնտեսություն, որպեսզի վերածվեր տնտեսական ծրագրերի, իշխանությունը դեմքով շուռ եկավ դեպի բանկային համակարգ։ Սկսվեց բանկային համակարգի քայքայումը։

Հիշո՞ւմ եք, թե բանկային համակարգին ինչ դեր էր վերապահել Նիկոլ Փաշինյանը՝ իր օդից վերցրած «տնտեսական հեղափոխության» իրականացման թեզերով։ «Տնտեսական հեղափոխության» շարժիչ ուժը պետք է դառնա ֆինանսական համակարգը, մասնավորապես՝ բանկերը, իրենց մատչելի վարկերով, հայտարարում էր կառավարության ղեկավարը։

Արդյունքը եղավ այն, որ քանդեցին ոչ միայն տնտեսությունը, այլև խարխլեցին ամբողջ բանկային համակարգը։ Այսօր բանկային համակարգում լուրջ ռիսկեր են առաջացել՝ վարկերի վերադարձելիության հետ կապված։

Այնպես չէ, որ նախկինում նման ռիսկեր չեն եղել։ Անշուշտ եղել են։ Բայց վերջին 2 տարում բանկերին արհեստականորեն այնքան ծանրաբեռնեցին, որ այսօր համակարգը կանգնեցրել են ծանրագույն խնդիրների առաջ։

Իշխանությունների անհեռանկար քաղաքականության հետևանքով երկրում վարկային բեռը սկսեց շատ ավելի արագ աճել, քան եկամուտները։

Ի դեպ, բանկային համակարգին դրան մղում էր ոչ միայն կառավարությունը, այլև Կենտրոնական բանկը։

Արդյունքը եղավ այն, որ վարկային շուկայի առանձին հատվածներ այսօր կանգնած են կոլապսի եզրին։ Ու հիմա բանկերը սկսել են զգուշանալ այդ հատվածներում վարկեր տրամադրելուց։ Խնդիրն առկա է հատկապես սպառողական վարկերի պարագայում։ Վերջին տարիներին այս շուկան չափազանց ծանրաբեռնվել է։ Իշխանությունների չհիմնավորված լավատեսական տրամադրությունների ձևավորման հետևանքով մարդիկ վերցրել են սպառողական վարկեր՝ այն հույսով, որ ապագայում եկամուտների ավելացումը թույլ կտա փակել դրանք, ու այսօր, երբ այդ լավատեսությունից ոչինչ չի մնացել, կանգնել են փաստի առաջ։

Այս տրամաբանությամբ վերջին 2-2,5 տարում բանկերը մեծ ծավալի չհիմնավորված սպառողական վարկեր են տրամադրել։ Տրամադրել են ու ընկել կրակը։

Այն, ինչ հիմա տեղի է ունենում սպառողական վարկերի պարագայում, խիստ մտահոգիչ է։ Դա երևում է նաև բանկերի վարքագծում։ Երբեմնի արագ աճող վարկային պորտֆելը վերջին ամիսներին դադարել է ավելանալ։ Ավելին, մի քանի տասնյակ միլիարդ դրամով նվազել է։

Բանկային համակարգի ռիսկերը, սակայն, միայն այս շուկայում չեն։ Խնդիրները սրվել են հիպոթեքի շուկայում։ Իշխանությունների չմտածված քաղաքականության հետևանքով այստեղ ևս մեծ ծանրաբեռնվածություն է կուտակվել։ Ու դա շուտով կարող է պայթել՝ իր հետ քաշելով տնտեսության այնպիսի մի կարևոր ոլորտ, ինչպիսին շինարարությունն է։

Ոլորտ, որտեղ իշխանությունների խոստացած բումն այդպես էլ իրականություն չդարձավ։ Այնպես, ինչպես շատ ու շատ այլ ոլորտներում։

Սպասվում է, որ բանկային համակարգում առաջիկայում չաշխատող վարկերը կարող են հասնել ընդհուպ 10 տոկոսի։ Չնայած այնպես չէ, որ այսօր այդպիսի վարկերը քիչ են։ Դրանք կազմում են վարկային պորտֆելի գրեթե 7 տոկոսը, ինչը լուրջ ծանրաբեռնվածություն է բանկային համակարգի վրա։

Այս ամենի հետևանքով՝ բանկային համակարգը բախվել է և առաջիկայում շարունակելու է բախվել վարկերը վերադարձնելու խնդիրների հետ։

Վարկերով, այն էլ՝ թանկ վարկերով, տնտեսություն զարգացնելու հեռանկարներն էլ այսպիսին պիտի լինեին։ Արհեստականորեն ստեղծվեց վարկային պահանջարկ, ու համակարգը ներքաշվեց այն մեծ ավանտյուրայի մեջ, որի մեջ ներքաշվել էր տնտեսությունը։ Երբ ժամանակին մասնագետները զգուշացնում էին, թե չի կարելի այդպես անխնա ոչնչացնել պետական կառավարման ինստիտուտները, տնտեսական համակարգերն ու ենթակառուցվածքները, ոտնատակ տալ բանկային գաղտնիքը, իշխանության մեջ ոչ մեկը չէր ուզում լսել դրա մասին։ Հանուն սեփական ամբիցիաների՝ քանդեցին գործող համակարգերը։ Անունը դրեցին կոռուպցիայի դեմ պայքար ու հասարակության ինչ-որ հատվածի ծափերի տակ արեցին այն, ինչ ցանկանում էին։

Արդյունքում՝ այսօր ունենք մի միջավայր, որտեղ դժվար է առաջընթաց գտնել. տնտեսությունը մատնված է անտերության, ոչ մեկը չի մտածում տնտեսության խնդիրների մասին, ոչ մի ոլորտում զարգացում ու զարգացման հեռանկար չկա, չկա տնտեսությունն այս իրավիճակից հանելու ծրագիր, չկան ներդրումներ ու ֆինանսական միջոցներ։

Այլևս անհնար է հույսը նույնիսկ բանկային համակարգի վրա դնելը։ Տնտեսական ու ֆինանսական խնդիրները չոքել են մեր դռանը ու նահանջելու միտք չունեն։ Իր գոյության ընդամենը 2,5-3 տարվա ընթացքում իշխանությունն ամեն ինչ արեց երկիրն այս վիճակին հասցնելու համար։

Մարդկանց թվում էր, թե երկիր կառավարելը, անվտանգություն ապահովելը, տնտեսություն զարգացնելը, հասարակության սոցիալական խնդիրները լուծելը խաղ ու պար է. կարելի է հայտարարել, որ մենք այլևս ինքնուրույն խաղացող ենք տարածաշրջանում, ու բոլորը հաշվի են նստելու մեր հետ, կարելի է հայտարարել, թե մենք ամենահզորն ենք տարածաշրջանում ու ամենահզորն ենք դառնալու, կարելի է հայտարարել, որ Հայաստանում կոռուպցիա չկա ու կոռուպցիան կդադարի լինել, կարելի է հայտարարել, որ մեր երկրում մենաշնորհներ չկան ու մենաշնորհներ այլևս չեն լինի, կարելի է հայտարարել, որ այլևս Հայաստանում օլիգարխներ չկան ու օլիգարխներ այլևս չեն լինելու, կարելի է հայտարարել, որ մրցակցային դաշտը հավասար է բոլորի համար, ու բոլորը սկսելու են հավասար դաշտում լինել, կարելի է հայտարարել  «տնտեսական հեղափոխություն», ու «տնտեսական հեղափոխությունն» ինքն իրեն լինելու է։

Նաիվ պետք էր լինել՝ կարծելու, որ հայտարարություններով ու այսպիսի մտածելակերպով երկիր ենք կառուցելու ու զարգացնելու։ Հիմա հայտնվել ենք երկիրը կորցնելու վտանգի առաջ, բայց էլի շարունակում ենք առաջնորդվել նույն տրամաբանությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել