ԱԱԾ-ն որևէ պարտավորություն չունի իր գործակալին հաստատելու կամ չհաստատելու համար, ԱԱԾ-ի այն հայտարարությունը, թե Արարատ Միրզոյանը գործակալ չի եղել, կատարյալ անիմաստ է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝  անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` գործակալ չլինելու մասին ԱԱԾ-ի հայտարարությանը:

«ԱԱԾ-ն իրավունք ուներ չմեկնաբանելու և դա լրիվ նորմալ է գործակալական աշխատանքի դեպքում: Բայց ամեն դեպքում, եթե մեր երկրի երկրորդ դեմքը հանդիսանում է թուրքական գործակալ, ապա այսօրվա ազգային աղետի մեջ, հաստատ, թուրքական կողմի համար անուրանալի ներդրում է ունեցել, որովհետև սա նշանակում է՝ որևէ պետական գաղտնիք, որը հասու է ԱԺ նախագահին, փաստորեն գաղտնիք չի եղել նաև և՛ Թուրքիայի և՛  Ադրբեջանի համար»,-ասաց նա և շեշտեց, որ անգամ աղետալի է այն, որ ԱԺ նախագահը կասկածվում է թուրքական գործակալ լինելու մեջ:

Ըստ Աթանեսյանի՝  Միզորյանի թուրքական գործակալ լինելու մասին շատ դժվար է նաև հստակ իմանալ անգամ իրավական ճանապարհով, որովհետև իրավական ճանապարհն սա է՝  ԱԺ-ն քննիչ հանձնաժողով ստեղծի, հատուկ օրենք ընդունի և գաղտնազերծի Արարատ Միրզոյանի մասին տեղեկությունները, որովհետև, եթե տարածված տեղեկությունը ճիշտ է, ուրեմն ԱԱԾ-ում փաստեր  կան և՛ թուրքական և՛ ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու մասով, սակայն նրա որակմամբ՝ ծիծաղելի կլինի, որ ԱԺ-ն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկի:

«Այս դեպքում տեղեկության տրամադրման պարտականություն պետությունը չունի»,- ասաց նա։

Անդրադառնալով խոսակցություններին, որ Միրզոյանի օգնականը դեռ 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունն Արցախում է և հողերը հանձնելուց առաջ վերջին անգամ ցույց են տալիս տարածքը, Աթանեսյանը պատասխանեց, որ հիմար կատակ էր, որն ինչքան էլ նորմալ չէր, ամեն դեպքում ուշադրություն դարձնել պետք չէ:

Փաստաբանը ընդգծեց նաև, որ եթե անգամ Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելը հաստատվի, շատ դժվար է բացահայտել, թե երբևէ ինչ տեղեկություններ են փոխանցվել թշնամուն, պարզապես, ըստ հետևանքների, կարելի է ենթադրել:

Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը բացահայտել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, և նշել էր, որ ՀՀ ԱԱԾ-ում, այդ մասին իմանալուց հետո, Միրզոյանին առաջարկել են համագործակցել նաև ՀՀ ԱԱԾ-ի հետ։

Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթուղթ,  որում Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել