Hraparak.am-ը գրում է․

2018-ին իշխանության եկած հեղափոխական երիտասարդները մեծ էնտուզիազմով եւ ախորժակով ձեռնամուխ եղան կառավարման համակարգը քանդելու գործին։ Իհարկե, այն ժամանակ ոչ ոք չգիտեր, որ դա քանդման գործընթաց է, քանի որ արվում էր կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումների անվան տակ։ Նոր կադրերն էլ նշանակվում էին այն միտումով, որ երիտասարդ, չարատավորված կադրեր են, գալու են մաքրեն կառավարման համակագը, կարգի բերեն եւ, ամենակարեւորը՝ ժրաջանորեն աշխատելու են, որ մեր երկիրը ծաղկի։

Բոլորը հոգնել էին հին, կոռումպացված պաշտոնյաներից, չաշխատող պետական ապարատից։ Կարծում էին, որ ամեն ինչ փտած է, եւ փոփոխությունների կարոտ էինք բոլորս։ Բայց յուրաքանչյուր նոր նշանակում եւ ամեն մի քայլ՝ ուղղված կառուցվածքը, բովանդակությունը փոխելուն, գալիս էին ապացուցելու, որ վատն ավելի վատով են փոխարինում, քիչ թե շատ աշխատող համակարգերը պարալիզացնում են, ու նոր կառուցվածքը, որը փորձում են ներդնել, ոչ մի լավ բան չի խոստանում։ Կրճատումների դեմն ինչ-որ ձեւով հնարավոր եղավ առնել, քանի որ աղմուկը մեծ էր, եւ գործազուրկ դառնալու վտանգի տակ հայտնված մարդիկ պատրաստ էին ընդվզել, իսկ նոր իշխանությունները միայն մի բանից էին վախենում՝ իրենց իշխանության բերած շարքային մարդկանց դժգոհությունից։ Սակայն կառուցվածքային փոփոխությունների դեմն առնել չհաջողվեց։

Եվ սկսվեց՝ իշխանությունը նախարարություններ ու տարբեր կառույցներ էր փակում, օպտիմալացման անվան տակ տարբեր մասնաճյուղեր ու կենտրոններ էին վերացվում։ Ինչ-որ անձանց տեղավորելու համար կառույցներ էին միավորվում ու անվանափոխվում։ Այդ ճանապարհով, օրինակ, փակվեց Կրթության ազգային ինստիտուտը, եւ ինչ-որ կառույցների վրա բաժանվեցին ԿԱԻ-ի գործառույթները, իսկ չափորոշիչները գրելու ֆունկցիան դրվեց սորոսական ծագմամբ մասնագետների վրա, որոնց աշխատանքը համակարգում էր կրթության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը, ում կասկածելի պայմաններում անցած տարի ազատեցին պաշտոնից։

Առհասարակ՝ այս երկու տարում բազմաթիվ նորանշանակ պաշտոնյաներ են հասցրել նախկին դառնալ, նրանցից մի քանիսը մեղադրվեցին տարբեր հանցանքների մեջ եւ ազատվեցին, իսկ երբ պարզ դարձավ, որ ժողովուրդը սկսել է կասկածել այս իշխանությունների չկոռումպացված լինելու լեգենդին, եւ ամեն նոր ձերբակալություն մեծացնում էր հանրային անվստահությունը, դադարեցրին աղմուկով ու ձերբակալություններով պաշտոնյաներին ազատելը՝ սկսեցին սուսուփուս ազատել։
Այս կառուցվածքային բարեփոխումների անվան տակ էլ նախկին 17 նախարարությունից թողնվեց 12-ը։ Վերացվեցին սփյուռքի, տրանսպորտի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարությունները։ Ճիշտ է՝ մշակույթը տեղավորեցին կրթության, գիտության եւ սպորտի նախարարության կազմում, գյուղատնտեսությունը՝ էկոնոմիկայի, իսկ տրանսպորտը՝ տարածքային կառավարման նախարարությունների կազմում ինչ-որ ստորաբաժանումների տեսքով ներկայացվեցին։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ երկրորդական դերը՝ ինչ-որ վարչությունների գործառույթ դառնալը, այդ ոլորտներն ինքնին դարձնում է երկրորդական, որոնք մնում են տվյալ նախարարության գլխավոր գործառույթի ստվերում։

Մի կողմից՝ գիգանտ նախարարություններ, մյուս կողմից՝ անփորձ ու անաշխատունակ նախարարներ, որոնք ոլորտային կառավարումը երկրում հասցրին նվազագույն մակարդակի։ Արդյունքում՝ ունենք բախտի քմահաճույքին հանձնված մշակույթ, իր հոգսի հետ մենակ մնացած գյուղացի եւ տրանսպորտի հարցերը կարգավորելու փոխարեն ընդամենը ասֆալտ անող նախարարություն։

Եվ սա այն դեպքում, որ այսօր կոմունիկացիաների ապաշրջափակումը դարձել է մեր պետության գլխավոր անելիքներից մեկը՝ դատելով պատերազմից հետո կնքվող փաստաթղթերից եւ իշխանությունների էյֆորիայից, թե՝ էսա ճամփեքը կբացվեն, ու մեր երկիրը կծաղկի։
Նույնը՝ գյուղատնտեսության մասով․ տնտեսական ծանր վիճակում այսօր ավելի ու ավելի է կարեւորվում գյուղատնտեսության դերը մեր երկրում՝ որպես պարենային անվտանգության ապահովման եւ եկամտի միջոց։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ԿԳՄՍՆ գիգանտն էլ մեռելածին կառույց էր, եւ 4 տարբեր ոլորտները, որոնք միավորվեցին, որ ՔՊ հիմնադիրներից մեկը՝ Արայիկ Հարությունյանը, սուպերնախարար դառնա, սխալ որոշում էր, եւ այդ ոլորտներն այդպես էլ մի ամբողջություն չեն դարձել։

Հասկանալի էլ չէ, թե ինչ արդյունավետությամբ են աշխատում մյուս կառուցվածքային միավորները։ Ասենք՝ ի՞նչ է անում «բարձրտեխնոլոգիական արդյունաբերության»՝ ամպագոռգոռ անունը կրող նախարարությունը, ի՞նչ իմաստ ուներ առանձին շրջակա միջավայրի նախարարություն ունենալը, եթե անգամ մարդկանց ֆիզիկական գոյության միջավայրը չի կարողանում իշխանությունն ապահովել։ Պատերազմից հետո ավերված երկրում անգամ անհարմար կլինի խոսել ծառ ու ծաղիկ, էկոլոգիա պահպանելու մասին, եթե դա պահպանելն ի վնաս տնտեսության է իրականացվելու։
Մի խոսքով՝ ծրագրի եւ կառավարման կոնցեպցիայի բացակայությունն այսօր է իրեն զգացնել տալիս։ Եվ դեռ ի՜նչ հետեւանքներ են լինելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել