Պատերազմի հողը դեռ տաք է։ Բայց արդեն ստեղծվել է «Հադրութ» հասարակական կազմակերպություն։ Հասկանում եմ՝ իր ձեռքով իր տունը վառած հայը պիտի փորձի պատմական արդարությունը վերականգնել գոնե իր համագյուղացիների հետ միասին հավաքվելու մի տեղ ունենալով։
Վաղը, հանկարծ չկասկածեք ստեղծվելու է «Շուշի» հասարակական կազմակերպությունը։ «Շուշի» անունով կազմակերպություններ ստեղծվելու են նաեւ Ռուսաստանում ու Լոսում, որ արմատներով բոլոր շուշեցիները Շուշիի ազատագրման օրը հավաքվեն «Շուշի» ակումբում։
Հա, պատմական հիշողության ավանդույթին համապատասխան, համայն Սփյուռքում ու Հայաստանում ստեղծվելու են «Շուշի», «Հադրութ», «Բերձոր», «Կատարո» պարային համույթներ։ Դա մեր պատմական տուրքի կարեւոր ատրիբուտիկան է։
Հետո Վերնիսաժում կսկեն վաճառել մեր պատմական Արցախից մասունքներ, օրինակ՝ մի կճուճ, ու երբ հարցնես, թե ինչո՞ւ է էս մի կտոր կավն էդքան թանկ, վաճառողը կնայի քեզ բազմադարյան մեսրոպատառ հայացքով ու կասի՝ մեր պատմական Շուշիից է։
Ու դու խոնարհաբար կգնես այդ կճուճը նույնպիսի հեզությամբ, ինչպես հիմա գնում ենք մի մեխ, որը բերվել է պատմական Կարսից կամ Վանից։
Ու ամենակարեւորը՝ կգրվեն երգեր ու կբեմադրվեն ներկայացումներ մեր կորսված պատմական հողերի մասին, типа` «Կարս, Կարս, Կարս, Հայաստանի հարս»։
Գինիները չմոռանամ. ու քարից հաց քամող մեր մշտական օլիգարխն այլեւս կարտադրի «Շուշի», «Հադրութ», «Դադիվանք», «Ավետարանոց», «Ուխտաձոր», «Նոր Մարաղա», «Աղավնատուն», «Իշխանաձոր», «Ծիծեռնավանք», «Մշենի» գինիներ ու անպայման կարմիր, որ խմելուց ասենք՝ հայի արյան գույնն ունի։
Ու կապրենք մեր պատմական հայրենիքը սիրելով ու մեր կորցրած բնակավայրերից սառնարանի ճտիկ սարքելով։ Որովհետեւ պատմական հայրենիք սիրելը հեշտ է, այն պահել եւ հզորացնել պետք չի, նրա համառ կռիվ տալ պետք չէ, որովհետեւ այն այլեւս պատմական է։
Պատմականը չի ուզում, որ դու իր համար ամեն օր պայքարես, որ չկորցնես։
Պատմականն այլեւս ոչինչ չի ուզում, որվհետեւ նա այլեւս ակումբի անուն է, երգի-պարի անսամբլ կամ սառնարանի ճտիկ։
Հա, մեկ էլ չմոռանանք, որ հենց այսօր, հենց հիմա բոլորս մեր անգործությամբ ու պատմական հիմարությամբ անենք առավելագույնը, որ հնարավորիս արագ, շատ արագ Հայաստանն էլ դառնա պատմական։
Որ հետո Լոսում կամ Մինվոդիում հանգիստ խղճով բացենք «Հայաստան» անունով հերթական քյաբաբնոցը՝ պատին խփած Երեւանի նկարներով, այլեւս պատմական Ակունք գյուղից բերված սոխով ու «Էրեբունի Երեւան» երգով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել