168.am-ը գրում է․

2021 թվական ենք մտնում շատ ծանր տնտեսական ցուցանիշներով. ունենք 9-10 տոկոս տնտեսական անկում, և անկում են ապրել տնտեսության անխտիր բոլոր ճյուղերը, սրան գումարած՝ մենք տեսնում ենք, որ բիզնեսի շրջանում օր օրի ավելի է ահագնանում անորոշությունը, իսկ Կառավարության տնտեսական բլոկն առհասարակ որևէ բեկում այս իրավիճակում չի մտցնում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Կառավարության արձանագրած տնտեսական ցուցանիշների և սպասումների մասին, ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտից հետո ապաշրջափակվող ավտոճանապարհներին ու իշխանության կողմից ճանապարհների ապաշրջափակումը որպես տնտեսական նոր հեռանկար ներկայացնելու հանգամանքին, ապա Կառլեն Խաչատրյանը նկատեց, որ նախքան ճանապարհների ապաշրջափակումը ձեռքբերում ներկայացնելը՝ նախ պետք է նույն իշխանությունը կարողանա ասել, թե Հայաստանն ի՞նչ է դրանից ստանալու և որքանո՞վ է դա մեզ համար լինելու անվտանգ։

«Թյուր են այն պատկերացումները, թե Ադրբեջան-Նախիջևան բեռնափոխադրումների արդյունքում մեր պետական բյուջե հսկայական միջոցներ են մուտք գործելու, որովհետև բեռնատարների համար մաքսատուրքը տոննայով է որոշվում, և միայն դրանով մենք չենք կարող հսկայական բյուջետային մուտքեր ապահովել։ Միակ դրական բանն այն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ճանապարհ է ստանում, բայց դա էլ չի կարող դառնալ մեր տնտեսական խնդիրների բանալին»,- ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետի փոխանցմամբ՝ ակներև է, որ այդ բացվող ճանապարհները Հայաստանի համար անվտանգ չեն լինելու, որովհետև անգամ կապիտոււլյացիայի ակտի ստորագրումից հետո Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խոսել իրենց տարածքային նկրտումների մասին, հետևաբար՝ այս պայմաններում այս պետությունների հետ տնտեսական զարգացման մասին խոսելը կա՛մ միամտություն է, կա՛մ դավաճանություն։

«Չի՛ կարելի ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ խորացնել ու հասարակությանն էլ հրամցնել, թե ի՞նչ կա, թող ադրբեջանական ու թուրքական շուկաները բացվեն մեզ համար, մերն էլ՝ նրանց համար։ Այս քաղաքականությունը, որը տանում է այս իշխանությունը, բացառապես բխում է ադրբեջանաթուրքական շահերից։ Մյուս կողմից՝ նախքան այդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների մասին գովեստով խոսելը պետք է հիշել, որ անորոշ է մինչ այս պահը մեզ համար, թե այդ ճանապարհների ապաշրջափակման համար, եթե Հայաստանն իր մասնաբաժին գումարը չտա, դա ինչ հետևանք է ունենալու, որովհետև այդ դեպքում ճանապարհների համար ՀՀ-ի չտված մասնաբաժին գումարը կարող է Ադրբեջանը մեզ համար հաշվել՝ որպես պարտքային բեռ, ուստի շատ կարևոր է, որ սպասվող բանակցություններում Հայաստանի շահերը շատ հստակ առաջ մղվեն»,- ասաց տնտեսագետը։

Հաջորդ խնդիրը, ըստ Կառլեն Խաչատրյանի, այն մրցակցային պայմաններն են, որոնցով Հայաստանն ու Թուրքիան և Ադրբեջանը իրար հետ մտնելու են տնտեսական մրցակցության մեջ։

«Ինձ համար անընդունելի է սա, որովհետև մեր աչքի առջև է Վրաստանի օրինակը. 2019 թվականին Թուրքիան Վրաստանում կատարել է 175 միլիոն դոլարի ներդրում, իսկ Հայաստան ուղիղ այդքան ներդրում է եկել ամբողջ աշխարհից՝ ընդհանուր։ Թուրքիան Վրաստանում ներդրում է անում իր տնտեսական-քաղաքական շահերը առաջ տանելու համար, և մենք պատերազմի այս 44 օրերին էլ տեսանք այդ ներդրումների ազդեցության հետևանքով Վրաստանի պահվածքը մեր նկատմամբ։ Հայաստանի դեպքում Վրաստանից ավելի վատ սցենար է ստացվելու։ Կա վտանգ նաև, որ կախված աշխարհաքաղաքական իրողություններից՝ թուրքական կապիտալը Հայաստանում կհակադրվի ռուսական կապիտալին՝ հաշվի առնելով այն, որ այս տարածաշրջանում Թուրքիան և Ռուսաստանը մրցակիցներ են, դրա համար էլ Թուրքիան մեծ ոգևորությամբ կընդունի Հայաստանում մեծ ներդրումներ անելու ցանկացած առաջարկ»,- ասաց նա։

Խոսելով հետպատերազմյան Հայաստանում ներդրումների մասին՝ Կառլեն Խաչատյանն ապատեղեկատվություն որակեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոստումներն առ այն, որ Հայաստան կարող են հոսել միլիարդավոր դոլարների ներդրումներ։

«Ինձ թվում է՝ Վահան Քերոբյանը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում 4 միլիարդի ներդրումը Հայաստանի տնտեսության համար։ Ասվածը պոպուլիզմ է, կամ էլ մարդիկ իրոք չեն պատկերացնում՝ տնտեսությունն ինչ է, դրանից առհասարակ գլուխ չեն հանում,- ասաց նա՝ հավելելով,- Բիզնեսմենները պետական պաշտոնյայի, վարչապետի կոչերին չէ, որ հետևում են ներդրումներ անելիս. նրանք նայում են տնտեսական շահին, քաղաքական կայունությանը. քաղաքական անկայունություն, անվտանգային չլուծված հարցեր, բնակչության աղքատացում, տնտեսական կոլապս. այս ամենից հետո ո՞ր մի խելամիտ ներդրողն է ներդրում անելու Հայաստանում, մարդիկ իրենց եղած բիզնեսն են վաճառում կամ տեղափոխում այլ երկրներ»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել