168.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների դեռևս գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է,  որ քննարկում է Twitter-ի այլընտրանք ստեղծելու տարբերակը, այն բանից հետո, երբ իր անձնական էջն արգելափակվել էր այս սոցիալական ցանցի ադմինիստրացիայի կողմից: Ամերիկայի առաջնորդը համապատասխան հաղորդագրությունները տեղադրել է Twitter-ում՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական էջում, բայց դրանք անմիջապես հեռացվել են սոցցանցի մոդերատորների կողմից:

Ավելի ուշ, այս հաղորդագրությունների տեքստը տարածեց նաև Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ինչպես ես արդեն երկար ժամանակ ասել եմ, Twitter-ը ավելի ու ավելի առաջ է գնում՝ խոսքի ազատությունը սահմանափակելու հարցում, և այսօր Twitter-ի աշխատակիցները համակարգվել են դեմոկրատների և արմատական ձախերի հետ և հեռացրել են իմ էջը իրենց ծրագրից՝ լռեցնելու ինձ և ձեզ, 75 միլիոն հիանալի հայրենասերների, ովքեր քվեարկել են ինձ համար»,- գրել է Թրամփը:

«Ես կանխատեսում էի, որ դա տեղի կունենա: Մենք բանակցություններ ենք վարում տարբեր այլ կայքերի հետ, շուտով կարևոր հայտարարություն կանենք, ինչպես նաև քննարկում ենք առաջիկայում սեփական հարթակ ստեղծելու հնարավորությունը: Մենք չենք լռելու»,- ասել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը:

Ըստ Թրամփի, «Twitter-ը մասնավոր ընկերություն է», բայց առանց «պետության կողմից տրված նվերի»՝ 1996 թ. Հաղորդակցության էթիկայի մասին օրենքի 230-րդ բաժնի տեսքով (տեխնոլոգիական ընկերություններին պաշտպանում է օգտագործողների կողմից ստեղծված բովանդակությունը ջնջելու կամ այլ կերպ վարելու համար դատական հայցերից) ընկերությունը «երկար չի ապրի»:

Թրամփի էջի արգելափակում

Axios պորտալը, վկայակոչելով Twitter-ի խոսնակին, հայտարարեց, որ սոցիալական ցանցի վարչակազմը միջոցներ կձեռնարկի ցանկացած հաշվի դեմ, որը Թրամփը կսկսի օգտագործել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական հաշիվը: Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Ամերիկայի նախագահի կողմից հայտարարություններից հետո:

Օրվա սկզբին Twitter-ի վարչակազմը հայտարարեց, որ ընդմիշտ դադարեցրել է մուտքը Թրամփի անձնական հաշիվ՝ կանոնները խախտելու պատճառով, ինչպես նաև վախենալով, որ նա կարող է փորձել բռնություն հրահրել:

Սիրարփի Աղաբաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել