Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպումներն ինքնանպատակ չեն եւ չեն կարող տեղի ունենալ անձնական եւ ազգային արժանապատվության հաշվին: Այս մասին հունվարի 12-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը կհամաձայնվե՞ր արդյոք հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենի հետ:

Ընդհանուր առմամբ, պատրաստակամություն հայտնելով շփումներին մարդու իրավունքների խախտումների խնդիրների լուծման համար՝ Թաթոյանը, սակայն, շեշտեց, որ անցյալում եղել են դեպքեր, երբ ադրբեջանցի օմբուդսմենն իրեն հրապարակայնորեն թույլ է տվել վիրավորական հայտարարություններ եւ պայմաններ է դրել: Օրինակ՝ պահանջելով, որ Թաթոյանը «իր ղեկավարությանը համոզի ապաօկուպացնել ադրբեջանական հողերը», եւ այդ ժամանակ ինքը կմտածի հանդիպելու մասին:

«Բայց բանն այն է, որ ադրբեջանցի օմբուդսմենի բոլոր հայտարարություններն ադրբեջանական քարոզչության մասն են: Երբեմն դրանք դժվար է տարբերակել պաշտպանության նախարարության հայտարարություններից: Հանդիպումները չեն կարող լինել անձնական եւ ազգային արժանապատվության հաշվին: Նրանց ներկայացրած պայմաններով հանդիպումներն, իհարկե, անհնար են: Շփումները տեղի են ունենում միջազգային նկառույցների միջոցով»,- նշեց օմբուդսմենը: Նա միաժամանակ շեշտեց, որ Արցախում մարդու իրավունքներին առնչվող  բոլոր հարցերը պետք է քննարկվեն Արցախի օմբուդսմենի մասնակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել