168.am-ը գրում է․

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը մինչեւ գարուն կարող է անկում արձանագրել, սակայն դինամիկան Ամանորից հետո ուղղակիորեն կախված է տոների ժամանակաշրջանում մարդկանց պատասխանատվությունից: ՌԻԱ Նովոստիին այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի Գ.Վ.Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի տարածաշրջանային զարգացման հետազոտությունների քանակական մեթոդների լաբորատորիայի վարիչ Ելենա Եգորովան։

«Իրադրությունը կարող է խորանալ ամանորյա տոներով պայմանավորված՝ կախված այն բանից, թե ռուսաստանցիներն ինչպես կպահպանեն սահմանափակիչ միջոցները: Հուսանք, որ չի կրկնվի արձակուրդների ամառային սցենարը: Այնուամենայնիվ, ձմեռային տոներին այնքան էլ մեծ քանակությամբ մարդիկ չեն մեկնում: Բայց, այդուհանդերձ, շատերը մեկնում են լեռնադահուկային առողջարաններ կամ պարզապես Ռուսաստանի տուրիստական երթուղիներով: Եվ նախազգուշական միջոցառումները չպահպանելու դեպքում հիվանդացությունը կարող է ավելանալ հանգստի տարածաշրջաններում, իսկ ժամանելուց հետո՝ այն տարածաշրջաններում, որտեղ ապրում են հանգստացողները»,-ասել է նա:

«Մինչեւ գարուն կարելի է սպասել նաեւ հիվանդացության նվազում բնակչության ակտիվ պատվաստման պատճառով: Համավարակի ինն ամիսները բժիշկներին թույլ են տվել մշակել բուժման արձանագրություններ, պատրաստել եւ լրակազմել ինֆեկցիոն բաժանմունքներ, այլ ոչ թե դեսուդեն ընկնել, ինչպես դա եղել է մարտ-մայիս ամիսներին: Համաշխարհային ցուցանիշների համեմատությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունն զգալիորեն ավելի լավ է, չէ որ, չնայած հիվանդացածների եւ մահացածների բարձր բացարձակ ցուցանիշներին, հարաբերական գործակիցներն զգալիորեն ավելի ցածր են»,-բացատրել է Եգորովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել