Այսօր մամուլը գրեց, թե իբր ադրբեջանցիները գիշերը մտել են Ստեփանակերտ և կրակոցներ արձակել մի քանի ուղղություններով:

168.am–ը պարզաբանման համար դիմեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանին, որը հերքեց մամուլում տարածված տեղեկությունը, ապա ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

«Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 2 ստեփանակերտցիներ են եղել, որոնք Ստեփանակերտի մի քանի թաղամասերում հասցրել են ավտոմատով օդ կրակել ուշ գիշերին՝ ժամը 2-3-ի սահմաններում, միգուցե մի քիչ ավելի ուշ:

Այս պահին նրանք ձերբակալված են, և ոստիկանությունը համապատասխան քնություն է իրականացնում»,- հայտնեց Վահրամ Պողոսյանը, ապա հավելեց.

«Ուզում եմ մեկ անգամ ևս հորդորել մեր բնակիչներին, որպեսզի խուճապի մեջ չհայտնվեն, որովհետև այն տեղեկությունը, որ հայտնվել է մամուլում, թե իբր ադրբեջանցիներ են հայտնվել Ստեփանակերտում, այդպիսի բան չկա: Ստեփանակերտը և, ընդհանուր առմամբ, Արցախը շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի և Արցախում գտնվող ռուս խաղաղապահ զորակազմի կողմից շուրջօրյա վերահսկողության ներքո՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել