168.am-ը գրում է․

Նախորդ տարվա վերջին «Գազպրոմ» ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որ երկարաձգել է Հայաստան ռուսական գազի մատակարարման պայմանագիրը։

««Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար: Հետագայում ևս գազի մատակարարման վերաբերյալ խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Այս հայտարարությունը հիմք է տալիս ասելու, որ գազի մատակարարումների շուրջ բանակցությունները ռուսական կողմի հետ առայժմ արդյունք չեն տվել։ Գործող պայմանագիրը, որը ստորագրվել էր 2019թ. վերջին, մեկ տարի ժամկետով էր։ Այդ ընթացքում կողմերը պետք է բանակցեին գազամատակարարման նոր պայմանների, այդ թվում՝ գնի վերաբերյալ։

Թե ինչպես են ընթացել բանակցությունները, վկայում է այն, որ նոր պայմանագիր չի ստորագրվել։ Ուստի գործող պայմանագիրը 3 ամսով երկարացվել է։

Մինչև մարտի վերջ պիտի ճշգրտվի, թե ինչ գնով կիրականացվեն Հայաստան ռուսական գազի մատակարարումները։

Ինչպես հայտնի է, դեռ անցած տարվա սկզբին Հայաստանը՝ ի դեմս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, հանդես եկավ շատերի համար բավական անսպասելի և ինչ-որ տեղ տարօրինակ նախաձեռնությամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային շուկաներում տեղ էր ունենում էներգակիրների, այդ թվում՝ գազի էժանացում, Մ. Գրիգորյանը կառավարության անունից նամակով դիմեց «Գազպրոմի» վարչության նախագահին՝ առաջարկելով նոր իրողությունների պայմաններում սկսել բանակցություններ Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ։

«Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,- Ա.Միլլերին ուղղված նամակում գրել էր Մ. Գրիգորյանը։

Թե ինչու էր կառավարությունը նախընտրել գազի գնի վերանայման վերաբերյալ խոսակցությունները սկսել ոչ թե Ռուսաստանի ղեկավարության, այլ անմիջապես «Գազպրոմի» հետ, թողնենք մի կողմ։  Հայտնի է, որ գազը միշտ էլ եղել է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական ապրանք։ Ու դրա շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել քաղաքական մակարդակում։ Այս անգամ կառավարությունը որոշել էր գնալ այլ ճանապարհով և գազի գնի շուրջ պայմանավորվածությունները տեղափոխել այլ դաշտ։ Բայց այդպես էլ պարզ չեղավ, թե դա ինչ տվեց մեզ։

Փաստն այն է, որ այսօր կրկին կանգնած ենք նույն կոտրած տաշտակի առաջ։ Գազի գնի հարցը, որն այդքան կարևոր է մեր համար, շարունակում է մնալ օդից կախված։

Վերջին տարիներին այդպես էլ մեզ չի հաջողվում հասնել երկարաժամկետ պայմանավորվածությունների։ Ամեն նոր տարին սկսվում է գազի գնի շուրջ բանակցություններով, որոնց արդյունքները գոնե առաժմ տեսանելի չեն։

Դեռևս իշխանափոխությունից հետո շուրջ մեկ տարի տևած բանակցություններն ավարտվեցին նրանով, որ 2019թ. հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը սահմանին բարձրացավ 10 տոկոսով։ Եթե մինչ այդ գազը ստանում էինք 150 դոլարով, ապա 2019թ. սկզբից սկսեցինք ստանալ 165 դոլարով։

Թանկացման առաջին տարում հաջողվեց խուսափել ներքին սակագների բարձրացումից։ Բայց արդեն հաջորդ տարի ներքին սակագները ևս բարձրացան։ 2020թ. հուլիսի 19-ից գործում են նոր սակագներ։ Իհարկե, թանկացումը տեղի ունեցավ միայն տնտեսության հատվածում։ Բայց դա չի նշանակում, որ մյուս սպառողները, այդ թվում՝ բնակչությունը, խուսափեցին դրա հետևանքներից։

Գազի թանկացումը, անկախ նրանից, թե որ սպառողներին է վերաբերում, միևնույն է, այս կամ այն ձևով առնչվում է բոլորին։ Տնտեսությունն այդ բեռը դնում է ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքի մեջ, և դրա համար վճարում են սպառողները։ Նման դեպքերում, որքան էլ բնակչությունն ուղղակիորեն չի առնչվում սակագների բարձրացմանը, այնուհանդերձ, անուղղակիորեն կրում է այդ ազդեցությունը։ Պարզապես դա ճանապարհ է՝ հասարակության ուշադրությունը սակագների բարձրացումից շեղելու համար։ Բայց այդ ճանապարհը ոչ մի լավ տեղ չի տանում, որովհետև դրա հետևանքով նվազում է տնտեսության մրցունակությունը։

Ցավոք, այս պարզ ճշմարտությունն իշխանություններն այդպես էլ չեն գիտակցում։ Զարմանալի չէ, որ վերջերս նույն կերպ վարվեցին նաև էլեկտրաէներգիայի սակագնի դեպքում։ Սակագնի բարձրացման ծանրությունը կրկին դրվեց տնտեսության վրա։ Փետրվարի 1-ից տնտեսությունը 3 դրամով ավելի կվճարի ծախսած էլեկտրաէներգիայի համար։ Այդքանով կբարձրանա նաև տնտեսության ծախսատարությունը՝ ազդելով առանց այդ էլ ցածր մրցունակության վրա։

Եթե էլեկտրաէներգիայի դեպքում ամեն ինչ այլևս պարզ է, փետրվարի 1-ի կլինի սակագնի փոփոխություն, ապա գազի պարագայում առայժմ ունենք անորոշ իրավիճակ։ Առաջիկա 3 ամսում Հայաստանը կշարունակի գազ ստանալ 165 դոլարով։ Իսկ թե ի՞նչ կլինի հետո, դեռ պարզ չէ։

Մի բան փաստ է, որ վերջին վերանայումից հետո ճնշումը ներքին սակագների վրա կրկին մեծացել է։ Ու եթե չհաջողվի հասնել ներմուծման գնի նվազեցման, ապա շուտով կարող ենք նորից բախվել ներքին սակագների վերանայման խնդրին։

Սակագնային ճնշման մեծացումն այս անգամ կապված է փոխարժեքի հետ։ Գործող սակագնի հաշվարկի հիմքում դրված է դոլարի 480 դրամ փոխարժեքը։ Այնինչ, այսօր դոլարի գինը հասել է 525 դրամի։ Տարբերությունը շուրջ 45 դրամ է, իսկ դա ֆինանսական նոր ծանրաբեռնվածություն է գազամատակարար ընկերության համար։ Ուստի դա կարող է պատճառ դառնալ սակագների նոր բարձրացման համար։ Հատկապես որ, այլ առումներով ևս սակագնային ճնշումն ավելացել է։

Խոսքը, մասնավորապես, գազի սպառման ծավալների մասին է։ Տնտեսական իրավիճակի վատթարացումով պայմանավորված՝ տեղի է ունենում սպառման նվազում։

Գազամատակարարման ներքին սակագների վերանայման մասին, իհարկե, առայժմ խոսք չկա։ Բայց դա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ նման նախաձեռնություն կարող է լինել միայն վերջին վերանայումից 6 ամիս հետո։ Այդ ժամկետը դեռևս չի լրացել։ Հայտնի չէ նաև՝ ինչպես կփոխվի գազի ներմուծման գինը։ Այդ հարցում հավանաբար հստակություն կլինի առաջիկա 2-3 ամսում, որից հետո հնարավոր կլինի խոսել այն մասին, թե ինչ տեղի կունենա սակագների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել