Մարդկանց մի տեսակ կա՝ հատկապես հայախոս միջավայրում հաճախակի հանդիպող: Մի տեսակ՝ «կյանքի ճիշդը ջոգող»: Տեսակի 95 տոկոսը արական սեռի է:
Այս տեսակի ներկայացուցիչները միշտ ամեն ինչ գիդեն: Այսինքն` գիդեն այն ամենը, ինչ վերաբերում է կենցաղային մանրուքներին և շրջակա-ընթացիկ անցուդարձին, որը ոմանք բնորոշում են որպես կյանք: Գիդեն մի՛շտ: Գիդեն ստո՛ւյգ: Ամե՛ն ինչ: Միակ ու անկրկնելի, անհերքելի ու անբեկանելի ճիշտը: Կներեք՝ «ճիշդը»: 
Նրանք, իհարկե, գիդեն, թե երբ պետք է «յոթնուքառսունքը» անել, թե՝ քելեխ ուտելիս երկրորդն ում կամ ինչի կենացը պետք է խմել, ինչպես է այդ դեպքում պետք պահել արաղով բաժակը: Կամ հակառակը, գիդեն, թե խնջույքի սեղանի շուրջ հատկապես ո՛ր կողմից պիտի տեղակայվեն քավորն ու քավորկինը, հարսնաքույրն ու ազապ բաշին, թե կոնկրետ ինչ օրհնանքի ձեռքբերման համար որքան է պետք վճարել տեր հորը: 
Նրանք, բնականաբար, գիդեն, թե կոնկրետ ի՞նչ «մածերիալով» է ավելի ձեռնտու պատրաստել այս կամ այն բանը, թե՝ ինչպես և ինչ խորությամբ փորել շինության հիմքը: 
Նրանք գիդեն «օջախի կնգա», «իսկական տղու», «տան ախճկա» սահմանադրությունը, կանոնադրությունն ու վարքականոնն էլ՝ վերադիր: 
Նրանք գիդեն, թե եկեղեցում ո՞նց է պետք խաչակնքել, որ եկեղեցուց դուրս գալիս պետք է «մեջքանց հելնել»: «Մեջքա՛նց», այլ ոչ թե՝ դեմքով դեպի Արևելք, այսինքն՝ Սուրբ խորանը: 
Նրանք գիդեն մեծագույն հայ երգիչ Արամ Ասատրյանի ստեղծագործությունները, կենսագրական տվյալները, մահվան պատճառն ու շիրիմի տեղը: 
Որ հարցնես, կպարզվի, որ «հարուր տոկոս գիդեն», թե ո՛վ խփեց Քենեդուն, Սվո Ռաֆին ու Դեդ Հասանին, ում մոտիկն էր Դքի Նորոն, ու թե՝ ինչի՞ «վարի գնաց» Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանը:
Նրանք գիդեն: Հարյուր, չէ՛, էրկու հարյուր տոկոսով: Անհերքելի՛: 
Նրանք գիդեն, թե էսօր ռուսաստաններում կանկռետնի որտեղ և մանավանդ՝ ի՛նչ գորձ կարելի է անել՝ գնալու, յոլա գնալու կամ չաղ ու բախտավոր գոյություն ունենալու համար: 
Նրանք գիդեն, անտարակույս, թե ինչպես «դեպորտից» հետո փոխեն «պասպոռտը», ոնց ու քանիսո՞վ «գըռաժդանստվա» ը՛ստանան կամ, գոնե «գրին քարտ», իրենց այդքան չսիրած Ամերիկայի համար: 
Նրանք գիդեն, թե Գերմանիայում ու Վրաստանում հիմա ի՞նչ արժեն 10 տարվա «Օպելը»՝ լավ վիճակում ու 5 տարվա «Մերսը»՝ համարյա չքշած: Հասկանալի է, գիդեն, թե հարմար «ռաստամոժկի» համար ում և ինչքան է պետք կաշառք տալ: Նրանք գիդեն, թե քանիսով է «Միցուբիշին» բերել 4-րդ հարկի հարևանը, ի՛նչն է չխկչխկում նրա մեքենայի մեջ և ինչու, գիդեն նաև նրա վարորդական որակավորման աստիճանը, վերջապես, թե ում միջոցով է առել «պռավան»: 
Նրանք, պարզ բան է, գիդեն, թե ինչու է մռայլ հարևանի կինը, և գիդեն` նրա կողքի հարևանն այսօր ինչ գնումներ է կատարել շուկայից: 
Նրանք, անխոս, գիդեն, թե որտեղ ու ոնց «նաղդել» անպետք «աբրանքը», ինչպես «քցել հարիֆին»: 
Ամենակարևո՛րը:
Նրանք գիդեն, թե ինչքան է պետք վերցել ընտրությունների ժամանակ, թաղում ո՞վ է բաժանում Ա կուսակցության, և ով՝ Բ կուսակցության փողերը: Ու վերցում են: 
Այս տեսակը ամուր, հիմնավոր կառչած է կյանքին: Ավելի ճիշտ՝ կառչած էլ չէ, այլ շաղախված, միահյուսված ու սերտաճած է այն ամեն նյութեղենին, որ կա կյանքում: Իսկ նրանց պաշտամունքային արտաքին շոշափելի «սրբապատկերները» փողն ու ավտոմեքենան են: Բայց…
Բայց, չնայած գիԴելիքների այդ ահռելի պաշարին, չնայած նույնիսկ կրոնածիսական մանրակրկտագույն տեղեկացվածությանը՝ մկրտություն-կնունք-պսակադրություն-հոգեհանգիստ շղթայում, չնայած անգամ այդ շղթան հաղթահարելիս կուտակած կենսափորձին ու լավ-վատ դասերին, չնայած եկեղեցուց «մեջքանց» ելնելուն, այս տեսակը սարսափելի անհավատ է ու, մեծ հաշվով, փուչհոգի: 
Տեսակի ներկայացուցիչները «ինչ անում են, էրեխեքի համար են անում», նույնիսկ, եթե առհասարակ ոչինչ չեն անում: 
Տեսակի ներկայացուցիչների մեծ մասը, որպես կանոն, ինչ-որ մի փոքրիկ գորձ ունի: Ասենք` մի կրպակ, բանջարեղենի վաճառակետ, կոշիկի «բուդկա», խառը ապրանքների փոքր խանութ, վարսավիրանոց, ավելի հաճախ՝ տաքսի: Ու դժվար է պատկերացնել անգամ, թե ի՜նչ արհավիրք է, երբ տեսակի ներկայացուցիչներից մեկնումեկը մեեե՜ծ գորձ է ունենում, «կպցնում», կամ հասնում դրան: Պատկերացնել դժվար է, բայց առավել ծանր է, երբ այդ աղետը առօրյան է: 
Իհարկե, կան նաև բացարձակապես ոչ մի գորձ ու անգամ՝ գորձ չունեցողներ: Չնայած, սիրում են ասել, որ «գիդե՜ս, ի՜նչ գորձե՜ր եմ արել (իմա՝ ունեցել)», սովորաբար՝ Ռուսաստանում, երբեմն հենց Մոսկվայում, որտեղ, օրինակ, նորոգել են Պուծինի սիրուհու ախռանայի շեֆի դաչան ու բասեյնը՝ «օտ ի դո»: 
Տեսակի անգորձ ու գործազուրկ ներկայացուցիչներին ցերեկները կարելի է հանդիպել բակային «բեսեդկաներում», որտեղ կենտրոնացած «բլոտ» են խաղում: Արժե՞ ասել, որ նրանք գիդեն, թե խաղացողի ձեռքի խաղաթղթերով հատկապես որ քայլերն են ճիշտ, ըստ որում, խաղացողը 100-ից 99-ը դեպքում սխալ քայլեր է անում ու, առհասարակ՝ «խաղալ չգիդի»:
Նրանք գիդեն կյանքը, և իսկ շատերը գիդեն, որ «կյանքը սովետի վախտ էր…»: 
ԱՄԵՆԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ:
Նրանք գիդեն, որ «Ղարաբաղի կռիվը ռուսն է կրել», որ պայքարի ցանկացած դրսևորում «խաղ է», իսկ, օրինակ, ուղեվարձի թանկացման դեմ հախուռն շարժումը՝ «ներկայացում էր», «աչքակապություն էր՝ Եվրամիության աչքերին թոզ փչելու համար»: Նրանք գիդեն, որ Դանիա-Հայաստան ֆուտբոլային խաղը «ծախած» էր, իսկ Սլովակիա-Հայաստանն էլ՝ «խոսացած»…
Անհավատալի է, բայց մանր ու մեծ հարցերում նրանք պատրաստ են հավատալ և հավատում էլ են ամեն մի անհեթեթության: Երբեմն ամենաակնառու ցնդաբանությունը նրանք ընդունում են որպես հավաստի ու ամենից հավանական վարկած: 
Երկրպագում են նյութը, թեպետ արկղի մեջ հեռացող ամեն մեկի ճամփելիս հիշում, իսկ ոմանք կիսաձայն մրմնջում են, թե՝ ոչ ոք իր հետ ոչինչ չի տանում այս աշխարհից: Հիշում են՝ հաջորդ վայրկյանին մոռանալու հաստատուն մղումով: 
Հավատում են ամեն ինչի, միայն ոչ՝ իրենց ազգի հավաքական ուժին: Այդ մի բանին չեն հավատում երբե՛ք, նույնիսկ, երբ այդ հավաքական ուժը հաղթություն է պարգևում՝ իրենց իսկ աչքի առաջ և անհաղորդ-անտարբեր հայացքների ուղեկցությամբ: 
Եթե երակներում Արի ոգին պահած և սրտում Հայկի գենի հյուլեն պահպանած Հային հաղթությունն արբեցնում է, ապա սրանք հավաքականության հաղթությունից կծկվում, կուչ են գալիս: Վախեցած կկոցում են աչքերն ու որոնում-գտնում աներևակայելի ու տխմարագույն «բացատրություն»: Իրենց թուլամորթ անհաղորդության և մեր հաղթության «գաղտնիքը», «բացատրությունը», որից «Ղարաբաղի կռիվը ռուսն է կրել», դե, իսկ Դանիա-Հայաստան խաղն էլ՝ «ծախած էր»…
Ու երբ տեսակի ներկայացուցիչներից հերթականը արտահերթ բառածոր է տալիս՝ «երգի՜րը երգի՜ր չի…», իսկ կողքիններն էլ կնիքի նման թրմփակերպ տմբտմբացնում են իրենց գիդուն գլուխները, ուզում ես հատ-հատ նայել ուղիղ նրանց աչքերի մեջ ու ի պատասխան բղավել.
-Իսկ դուք մարդի՞կ եք: Եթե երկիրը երկիր չի, դուք ի՞նչ մարդիկ եք: Ո՞վ եք դուք, եկվո՞ր, օտարակա՞ն, հոգով պանդո՞ւխտ, քամու բերած ավազահատի՞կ, որ կորելու է մոռացության անապատում…
Ուզում ես հայտնի երգի փոքր-ինչ փոխված բառերով գոռալ առճակատ.
-Գոնե մեկ անգամ մի՛ եղիր ե՛զ, գոնե մի անգամ հավատա ինքդ քեզ, հավատա քո Աստծուն, հավատա քո ուժերին, քո հավաքական կարողությանը: 
Արմեն Հակոբյան 
5-6-ը օգոստոսի, 2013թ. 
Երևան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել