168.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Շուշին սեպտեմբերի 29-ին լքած Անժելա Սահակյանը, ով ժամանակավոր բնակվում է Աշտարակում՝ ծնողների տանը, սոցիալական խնդրի առջև է կանգնել:

«Նոր էի վիրահատվել, երբ պատերազմը սկսվեց: Քանի որ երկու անչափահաս երեխա ունեի, այնտեղից դուրս եկանք սեպտեմբերի 29-ին: Ոչինչ չենք վերցրել՝ մտածելով, որ մի քանի օրից հետ ենք վերադառնալու, բայց այդպես չեղավ: Այլևս ոչինչ չունեմ, կորցրել եմ ամեն ինչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անժելան:

Նա տեղեկացրեց, որ Շուշիում բնակվել է սկեսուրի, սկեսրայրի հետ, կարողացել են հոգալ հոգսերը, իսկ հիմա այդպես չէ:

«Իրենք աշխատում էին, ես երեխաներին էի մեծացնում, խնամում: Ամուսինս 5 տարի առաջ է մահացել:

Դիմել էի, որ գնայի մանկապարտեզ՝ աշխատելու, սակայն, ցավոք, չհասցրեցի, անակնկալ կերպով սկսվեց այս պատերազմը: Ապրում էինք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դիմաց, ու երկու անգամ երբ հրթիռակոծել են եկեղեցին, մեր շենքը ևս տուժել է, անմիջապես մեր պատշգամբին էլ է հարված եղել, նկարներով տեսել եմ: Հուսով եմ և հավատում եմ, որ կորցրել ենք ժամանակավոր, ու ամեն ինչ վաղ թե ուշ հետ ենք վերադարձնելու:

Այս պահին բնակվում եմ ծնողներիս տանը՝ Աշտարակում, 7 տարեկան աղջկաս և 5 տարեկան տղայիս հետ: Բնակարանը մեկ սենյականոց է, ուզում եմ նոր բնակարան վարձակալել, բայց վարձը վճարելու խնդիր կա, քանի որ այս պահին չեմ աշխատում: Ծրագիր կա, դիմել եմ, որ գնամ անվճար դասընթացների, մասնագիտություն սովորեմ: Դա կլինի հունվարից հետո:

Հիմա ունենք սննդի, մահճակալի  (լեժանկա) կարիք, երեխաները հատակին են քնում»,- նշեց նա:

Ընտանիքին օգնելու համար գործում է հետևյալ հաշվեհամարը՝  Լարիսա Մարտիրոսյանի անունով. «Ինեկոբանկ» 2051353271177001:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել