168.am-ը գրում է.

Այժմ ընդդիմությունը պայքարում է Նիկոլ Փաշինյանի մեկուսացման, հեռացման կամ վերացման համար։ Նիկոլ Փաշինյանը բոլորից պատսպարվել է թիկնապահների հաստ շերտով ու ֆեյքերի և զոմբիների հզոր բանակով, այդ պատճառով էլ զուտ մեխանիկորեն անհասանելի է մարդկանց, և այդ պատճառով էլ նրան հեռացնելը շատ դժվար գործ է թվում։

Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ մենք ունեցանք հսկայական տարածքային և մարդկային կորուստներ, տնտեսությունը հայտնվել է կոլապսի մեջ, հասարակությունը խորը ապատիայի մեջ է։ Քաղաքական ուժերի հիմնական ջանքերն այժմ ուղղված են այս ամենի պատասխանատուին՝ Նիկոլ Փաշինյանին, իր կատարած մեղքերի համար պատժելուն։

Իշխանությունների կողմից կոռումպացված իրավապահ համակարգը քայլ չի ձեռնարկում դավաճանին պատասխանատվության կոչելու համար։ Արդարադատություն կամ վրեժ իրականացնելն այս հանգամանքներում անհնար գործ է թվում, բայց միևնույն է, քաղաքական ուժերը կենտրոնացած են իշխանական լծակները Նիկոլ Փաշինյանից վերցնելու խնդրի վրա։ Ակամա հարց է առաջանում՝ եթե այս խնդիրը չի ստացվում լուծել, արդյո՞ք չարժե ձեռնամուխ լինել այլ խնդիրների լուծմանը։

Հայաստանի անվտանգությունն այժմ անհասկանալի, եթե չասենք՝ աղետալի վիճակում է։ Հայաստանը գտնվում է լիակատար միջազգային մեկուսացման մեջ, նրա «գործընկերներ» են մնացել Ռուսաստանը և ակնհայտ թշնամիները՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Բանակը կազմաքանդված է ու բարոյալքված, և չի երևում որևէ հիմք, որևէ խթան, որը նրան դուրս կբերի այս վիճակից։ Այսօր արդեն բանակի հետագա համալրումը խնդրահարույց է դարձել։ Ամեն օր նոր, մտացածին պատճառով նոր գյուղեր և տարածքներ ենք կորցնում, և բանակը վերջինն է, որին այս հարցերը վերաբերում են։

Տնտեսությունն ակնհայտ անկում է ապրում, և չկա այդ անկմանը խանգարող որևէ գործոն։ Այս վիճակը ֆիզիկայում անվանում են ազատ անկում։ Խորագույն ճգնաժամն արդեն իսկ ակնհայտ է և գնալով ավելի ընդգրկուն է դառնալու։

Սարսափելի է հասարակության հոգեվիճակը։ Շաբաթներ ու օրեր առաջ տիրող համատարած ողբն այժմ իր տեղն է զիջում անտարբերությանը և ապատիային։ Որևէ հույս կապել, որ այս հոգեվիճակում գտնվող հասարակությունն ի վիճակի է ձեռնամուխ լինել ազգովին երկրի վերականգնմանը՝ անմտություն է։

Արդյո՞ք իմաստ ունի ընկնել դժվար լուծվող, առայժմ չլուծվող Նիկոլի հրաժարականի խնդրի ետևից, քան փորձել  անկումը կասեցնելու ձևեր գտնել և այս բոլոր բնագավառներում՝ անվտանգության, ռազմական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական, կամ գոնե դրանցից մեկում հասնել էական բեկման։ Առավել ևս, որ վրեժը ոչ մի տեղ չի փախչի, ինչպես ասում են՝ վրեժը սառն   են մատուցում: Այսինքն` սառը գլխով կարելի է գտնել պատասխանատվության այն ողջ սպեկտրը, որը պետք է ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, և, ըստ այդմ, նրանից պատասխաններ պահանջել։

Տրամաբանական այս հարցադրումն ունի կտրուկ բացասական պատասխան՝ ոչ, հնարավոր չէ հետաձգել հրաժարականի հարցը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գոյությունն ակտիվորեն խանգարում է որևէ բնագավառում, որևէ հարցում լուծումներին, առաջընթացին։

Դիվանագիտությունն ամբողջապես պետական ֆունկցիա է, անկախ ունեցած կապերից, լոբբինգից, ստեղծված լավագույն սխեմաներից, այն անհնար է իրականացնել՝ պետական լիազորություններ չունենալով։ Իսկ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտությունն ամբողջապես կենտրոնացած է հակահայկական ուղղությամբ, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ Հայաստանի տարածքները, ինքնիշխանությունը և անվտանգությունը զիջելու վրա։ Նույնը վերաբերում է բանակի վերականգնմանը, սահմանների պաշտպանությանը։ Տնտեսության ներկան մի բառով կարելի է նկարագրել՝ որպես քաոս, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված տնտեսության պատասխանատուներն այս ընթացքում աչքի են ընկել սոսկ անհեթեթ հայտարարություններով և անխափան պարգևավճարներ բաժանելով։

Նիկոլ Փաշինյանի ներկա քաղաքականությունը պարզապես շարունակում է պետության քանդումը, և որևէ կառուցողական, վերականգնողական կամ պոզիտիվ քայլ անհնար է։ Որևէ գործոն չկա, որը ցույց տա, թե ներկա կառավարությունը ցանկանում է կասեցնել անկումը։ «Զրո» կետը, որտեղ կարելի է կանգնեցնել փլուզումը և որտեղից կարելի է սկսել վերականգնման մասին մտածել, լինելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման պահը։

Որքան էլ դժվար լինի այդ խնդիրը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը խորը թաքնված լինի թիկնապահների հետևում, երկրի գոյատևման ու առաջընթացի համար առաջնահերթ խնդիրը կառավարման լիազորությունները նրա ձեռքից վերցնելն է։ Այն պարզապես պատժելու կամ վրեժի համար չէ, այլ երկրի գոյատևումն ապահովելու։

Այդպիսի ստարտային «զրո» կետի կարևոր հոգեբանական գործոնը կլինի այն, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումով և պատասխանատվության ենթարկելով՝ հասարակությունը կզգա իր գործողությունների, իր գործոնի կարևորությունը, կնշի մի միկրոհաղթանակ, կզգա ինչ-որ արդարության հաստատում, որը կապահովի իր մեկնարկային պրկումը։

Աղասի Ենոքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել