168.am-ը գրում է.

«Հանրապետության նախագահն ունի խորհրդարանական հանրապետություններին հարիր լիազորությունների համարժեք մի ծավալ, որից պետք է օգտվել, որը պետք է օգտագործել: Այսինքն՝ Հանրապետության նախագահն ունի լիազորություններ, բայց դրանք այն լիազորությունները չեն, որոնք ունեին, ասենք, մեր հանրապետության նախագահները՝ 1995 կամ 2005թթ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների պակասին, ինչը հաճախ շահարկվում է նախագահ Արմեն Սարգսյանի ու նրա թիմի կողմից:

Նրա խոսքով՝ իսկապես ժպիտ է առաջացնում Հանրապետության նախագահի այդ պնդումը, որ ինքը լիազորություններ չունի, և քանի որ ինքը դրանք չունի, իրենից չպետք է պահանջել ինչ-որ բան:

«Հանրապետության նախագահը, այնուամենայնիվ, որքան էլ որ խորհրդարանական հանրապետություն է, հանրապետության առաջին դեմքն է, երկիրը ներկայացնող առաջին դեմքը: Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը, ոչ ՍԴ նախագահը, այլ հենց ի՛նքն է առաջին դեմքը, և ինքը խոսում է Հանրապետության անունից: Երկրի անունից խոսելու իրավունքը, լիազորությունը ամենահզոր զենքն է, և խորհրդարանական բազմաթիվ հանրապետություններում բազմաթիվ նախագահներ կարողացել են այդ խոսքն այնպես օգտագործել, որ չունենալով ֆորմալ իրավաբանական լիազորություն այս կամ այն հարցում՝ իրենց կարծիքը հասանելի դարձնել և հանրությանը, և գործադիր իշխանությանը»,- նշեց սահմանադրագետը՝ հավելելով, որ իր այդ լիազորությունից Հանրապետության նախագահը գրեթե չի օգտվում, և միայն վերջերս է սկսել խոսել, բայց․․․ ուշացած:

Ըստ Վարդան Պողոսյանի՝ Հանրապետության նախագահի լիազորությունների հետ կապված 2-րդ նկատառումն այն է, որ ՀՀ նախագահը Սահմանադրության պահապանն է՝ այն իմաստով, որ իր հիմնական ֆունկցիաներից մեկը Սահմանադրության պահպանմանը հետևելն է:

«Դա նա իրականացնում է նորից հանրությանը դիմելու միջոցով, զգուշացնելով կառավարությանը, ոչ ֆորմալ ձևերով՝ նաև վարչապետին, նաև ԱԺ-ին՝ զգուշացնելով, որ, օրինակ, այս կամ այն օրենքի նախագիծը, որը դուք քննարկում եք, հնարավոր է՝ խնդիրներ առաջացնի սահմանադրականության տեսանկյունից, որ ես (Նախագահը,- խմբ.) դրանք վիճարկելու եմ Սահմանադրական դատարանում, և այլն»,- ասաց սահմանադրագետը:

Բացի դրանից, ինչպես նշեց Վարդան Պողոսյանը, Հանրապետության նախագահն իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան ցանկացած իրավական ակտի պարագայում:

«Տեսեք՝ քանի՞ անգամ է նա իր այդ իրավունքից օգտվել, և ի՞նչ հարցերով է օգտվել: Նախագահի կողմից դիմումները շատ քիչ են և վերաբերել են բացառապես իր լիազորություններին: Այսինքն՝ ինքը մոտավորապես սահմանադրական գանգատի նման է դիտարկում այդ ինստիտուտը. իր իրավունքներին վերաբերող հարցերով դիմում է, բայց, օրինակ, նույն սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ ոչ: Ճակատագրի հեգնանքն այն էր, որ նեղանալով Սահմանադրությունից, վրդովվելով, որ Սահմանադրությունն իրեն լիազորություններ չի տալիս, հանկարծ հրաժարվում է իրեն իսկ տրված լիազորությունից»,- ասաց նա:

Սահմանադրագետն ասաց նաև, որ Հանրապետության նախագահը ստորագրում է ՀՀ բոլոր օրենքները և կարող է չստորագրել, եթե գտնում է, որ դրանք հակասահմանադրական են, ու կարող է դիմել ՍԴ:

«Սահմանադրությունը բարձրագույն օրենքն է, և, բնականաբար, Սահմանադրությունից ուղղակիորեն հետևում է, և դա ամրագրված էր Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում, որ ՀՀ նախագահը ստորագրում է նաև Սահմանադրության փոփոխությունների ակտը: Բայց ստացվեց այնպես, որ Արմեն Սարգսյանն ինքնակամ հրաժարվեց իր այդ լիազորությունից: Դրա մասին պարզ ու ուղղակիորեն խոսեց Ազգային ժողովի նախագահը՝ ասելով, որ այդ փոփոխությունը, որ իրենք կատարում են Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում, արդյունքն է Հանրապետության նախագահի խնդրանքի, և այդ լիազորությունը հանգիստ նախագահի ձեռքից անցավ ԱԺ նախագահին, որը, բնականաբար, շատ արագ ստորագրեց այդ ապօրինի փոփոխությունների ակտը, և ըստ էության Սահմանադրական դատարանի՝ իրենց համար թնջուկը լուծվեց իրենց օգտին»,- ասաց Վարդան Պողոսյանը՝ հիշեցնելով, որ այդ կերպ ապօրինի կերպով հեռացրեցին Սահմանադրական դատարանի 3 դատավորներին և ՍԴ նախագահին:

Ըստ նրա՝ ժամանակին Արմեն Սարգսյանը պետք է արդեն իսկ կողմնորոշված լիներ, երբ գալիս էր համաձայնություն տալու՝ դառնալ Հանրապետության նախագահ:

«Նա ժամանակ էր խնդրել և պետք է այդ ընթացքում Սահմանադրությունը կարդար, պետք է փորձեր հասկանալ այն։ Եթե չէր հասկանում, ապա պետք է փորձեր մասնագետների միջոցով հասկանալ՝ ի՞նչ է նշանակում Սահմանադրությունում ամրագրված իր ֆունկցիան, ի՞նչ է նշանակում Սահմանադրության մեջ թվարկված իր լիազորությունները, ի՞նչ է նշանակում մասնավորապես այն, որ Հանրապետության նախագահի լիազորությունները, եթե դրանք իրականացվում են ֆունկցիաների կատարման համար, սահմանվում են հենց Սահմանադրությամբ»,- նշեց սահմանադրագետը՝ հավելելով, որ շեշտում է սա, որովհետև երբ Արմեն Սարգսյանը և նրա աշխատակազմը փորձեցին հիմնավորել, թե ինչո՞ւ նախագահը հրաժարվեց այդ լիազորությունից, ասում էին, որ այդ լիազորությունն օրենքով է տրված ՀՀ նախագահին, իսկ Սահմանադրությունը նման բան արգելում է:

Վարդան Պողոսյանի խոսքով՝ այնտեղ, որտեղ իրենք Սահմանադրությունը պետք է ճիշտ մեկնաբանեին, սխալ են մեկնաբանում՝ մեղքը գցելով Սահմանադրության վրա, իսկ այն լիազորությունը, որը Սահմանադրությունը թույլ էր տալիս, որպեսզի օրենքով տրվեր ՀՀ նախագահին, իրենք դիտարկեցին՝ որպես հակասահմանադրական, և պաշտոնական հիմնավորումն Արմեն Սարգսյանի աշխատակազմի այն էր, որ իբր Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ օրենքով ՀՀ նախագահին նման լիազորություն տրվի:

«Նման բան չկա Սահմանադրության մեջ գրված: Ես մոտավորապես կռահում եմ, թե իրենք Սահմանադրության որ հոդվածը նկատի ունեին, բայց Սահմանադրության մեջ միայն մեկ հոդված կա, որն ուղղակիորեն արգելում է, որ սահմանադրական որևէ մարմին չունենա այնպիսի լիազորություն, որը սահմանված չէ Սահմանադրությամբ: Դա միայն Ազգային ժողովն է, որի պարագայում գրված է, որ իր լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, ու վերջակետ: Հանրապետության նախագահի պարագայում նման դրույթ չկա: Չեմ ուզում հիմա փակագծերը բացել, թող մի քիչ աշխատեն»,- ասաց Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանը:

Սահմանադրագետը հիշեց, որ Սահմանադրությունը մշակելու ժամանակ իրենք բոլոր թեր ու դեմ կողմերն իսկապես քննարկել են:

«Երբ սահմանադրական հանձնաժողովը 2013թ. ստեղծվեց, բնականաբար, Հանրապետության նախագահի ինստիտուտը, դրա դերը, ֆունկցիան, լիազորությունները մեր քննարկումներում շատ մեծ տեղ էին գրավում, և մոտեցումը սահմանադրական հանձանաժողովում, որը նաև Սահմանադրության տեքստում ամրագրվեց, այն էր, որ Հանրապետության նախագահը չպետք է գործադիր գործառույթներ իրականացնի, բայց տարանջատված լինելով նման գործառույթներից՝ նա հնարավորություն է ունենալու նայել ամբողջին: Չլինելով գործադիրի մեջ՝ նա պետք է նայի՝ գործադիրն ինչպես է աշխատում, դատականը՝ ինչպես, օրենսդիրը՝ ինչպես, չդառնա ենթակա և իր ունեցած լիազորությունների շրջանակում հետևի Սահմանադրության պահպանմանը: Արմեն Սարգսյանը երբ ժամանակ էր վերցրել՝ համաձայնություն տալու՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ՝ դառնալ ՀՀ նախագահ, պետք է քաջ գիտակցեր, թե ի՞նչ Հանրապետության նախագահ է ինքը ցանկանում դառնալ: Եվ հիմա դարձյալ ճակատագրի հեգնանքն է, որ Սահմանադրությամբ Սահմանադրության պահապանը պահանջում է Սահմանադրությունը փոխել»,- եզրափակեց Վարդան Պողոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել