168.am-ը գրում է․

Առանց գաղափարական հենքի իշխանության եկած քաղաքական ուժը հանրային կյանքի բոլոր ոլորտներում գործադրեց իր ողորմելի բանաձևերը. «Չենք խանգարում, աղքատությունը գլխներիցդ հանեք, գնացեք աշխատեք և գոյատևեք, հակառակ դեպքում ինքներդ ձեզ մեղադրեք», «Մենք ունենք աստվածային շնորհ՝ ամեն ինչ գիտենք և երբեք չենք սխալվում», «Հարկերն էլ անպայման պիտի վճարեք, իշխանավորին պիտի լավ պահեք, թե չէ տեսեք՝ կաշառք կվերցնի»:

Գործող վարչակարգը պարտվողական առաջնորդությամբ, անպատասխանատու կեցվածքով, հանրային ներուժը ջլատելով, համատարած պոպուլիզմով և կեղծ օրակարգեր առաջ մղելով, երկուսուկես տարում մեր երկիրը հասցրեց կործանման եզրին:

Փաստացի արձանագրումներն ու հետևանքները անդառնալի և կործանարար եղան մեր երկրի տնտեսական կայուն զարգացման առումով.

1. տնտեսական հեղափոխության կեղծ խոստումներ, իրականության աղճատում, անսահման պոպուլիզմ, իսկ իրականում՝ տնտեսության մեջ պետության կարգավորիչ դերի, անհրաժեշտ մասնակցության և պատասխանատվության աստիճանի հետևողական նվազեցում, փոշիացում,

2. հանրային կառավարողների տոտալ անպատասխանատվության, ապազգային կերպի, մասնագիտական անբավարար մակարդակի համատարած դրսևորումներ,

3. զարգացման համազգային ներուժի հետևողական ջլատում, համերաշխության հետևողական քայքայում,

4. իշխողների ոհմակային, նեղ կուսակցական և անձնական շահերի գերակայություն երկրի կայուն զարգացման շահերի նկատմամբ,

5. ոլորտային ընթացիկ ձախողումներ և դրանց համար մեղավորներ գտնելու ձգտում, իրական պատասխանատուների անվերջ խուսանավում և թերարժեքություն,

6. հարկային համակարգի ապախթանիչ և հակասոցիալական փոփոխություններ՝ եկամտահարկի համահարթեցում, անուղղակի հարկերի և գույքահարկի բեռի ավելացում,

7. բարձրաստիճան պաշտոնատար անձանց անաշխատ պարգևատրումներ և թաքնված կոռուպցիայի այլ դրսևորումներ՝ մեկ անձից պետական գնումների աննախադեպ փաստեր, ապաշնորհ յուրայինների հովանավորչություն, պետական կառավարման հետևողական այլասերում և այլն,

8. Սփյուռքում Հայաստանի իշխանությունների քայքայիչ նախաձեռնություններ, Սփյուռքի տնտեսական իրական ներուժի միտումնավոր անտեսում,

9. ԵԱՏՄ անդամակցությունից բխող` GSP+ համակարգի, Իրանի հետ արտաքին առևտրային արտոնյալ ռեժիմների գործադրման անկարողություն և անտեսում, ինչի հետևանքը եղավ արտահանման աճի տեմպի 2,5 անգամ նվազումը, իսկ արդեն 2020 թ.` երկնիշի հասնող անկումը,

10. COVID-19 համավարակի դեմ պայքարի լիարժեք տապալում, ինչը հանգեցրեց տնտեսական անարդյունավետ սահմանափակումների և հյուծման, չթիրախավորված և դրված նպատակի հետ աղերս չունեցող պետական ծրագրերի իրագործման և պետական միջոցների փոշիացման, աննպատակ տուգանքների սահմանման և դրանց չափերի բարձրացման, տնտեսվարողների վարչական բեռի չհիմնավորված ավելացման, օբյեկտիվ իրավիճակին և մարտահրավերներին արձագանքման անհամարժեքության և այլն,

11. պարտվողական առաջնորդությամբ Արցախյան պատերազմի խայտառակ կապիտուլյացիա և որպես տնտեսական կործանարար հետևանքներ՝

• հայկական տարածքների 25 տոկոսի, համապատասխանաբար՝ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների, տնտեսական օբյեկտների և դրանց զարգացման իրական ներուժի դավաճանական հանձնում թշնամուն,
• կորցրած ռազմական ներուժի վերականգնման համար պետական լրացուցիչ ծախսերի երկարաժամկետ իրականացման անհրաժեշտություն,
• պատերազմի վերսկսման հնարավորությամբ պայմանավորված՝ հայկական երկու հանրապետություններում ներդրումային ռիսկերի աննախադեպ աճ՝ տնտեսության երկարաժամկետ անկման իրական հեռանկարով,
• էական հարված ՀՀ իրավասուբյեկտությանը, տարածաշրջանում մեր երկրի աշխարհագրական հիմնական առավելության զրոյացում՝ Մեղրու սահմանով թշնամուն ճանապարհ տալու նենգ պայմանավորվածությամբ,
• պատերազմի 44 օրերի ընթացքում տնտեսության պետական կարգավորման քաղաքական պատասխանատուների հանցագործ անգործություն՝ հնարավոր բոլոր հետևանքներով,

12. խայտառակ պարտությունից հետո ամեն գնով իշխանությունը պահելու անթաքույց մոլուցք ու թուլամորթություն, հանրային կյանքի բոլոր ոլորտներում կառավարման համակողմանի ճգնաժամ, ժողովրդավարական կեղծ բարբաջանքով բռնապետության վերջնական հաստատման իշխանական ծրագիր և երկրի վերջնական կործանման ճանապարհային քարտեզի առաջադրում,
13. ներքաղաքական և աշխարհաքաղաքական նոր ու խորացող անկայունություն, տնտեսական անկառավարելի ռիսկեր, որոնց հետևանքով ի հայտ են գալիս բացասական նոր երևույթներ՝

• նախորդ 10 տարվա կտրվածքով ներդրումների և տնտեսական կայուն զարգացման ներուժի կրճատում, երկնիշի հասնող տնտեսական աննախադեպ անկում և արտաքին առևտրի շրջանառության ու արտահանման կրճատում, ազգային արժույթի արժեզրկում և արժութային ճգնաժամի իրական ռիսկեր, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ,
14. շարքը կարելի է շարունակել:

Սոցիալական բազմագործոն ճգնաժամի հիմնապատճառ դարձած արձանագրումները նախորդ երկուսուկես տարում

Օրվա իշխանությունները, չունենալով գաղափարախոսական և ծրագրային հենք, ընտրություններից առաջ սոցիալիստ էին՝ պոպուլիստական անսահման և կեղծ խոստումներով, իսկ դրանցից հետո որդեգրեցին շուկայական վայրենի մրցակցության սկզբունքը, զուգահեռաբար ծրագրված ու համատարած ձևով հարձակվեցին ազգային արժեքների վրա:
Օր օրի էլ ավելի հեռացանք սոցիալական պետության մոդելից. հետևողականորեն կրճատվեցին պետության սոցիալական պարտավորությունները, նվազեցվեց սոցիալական պաշտպանության ոլորտում պետական անհրաժեշտ մասնակցության աստիճանը: Սոցիալական պաշտպանության ոլորտում որդեգրվեցին տոտալ անպատասխանատվությունը, կեղծ խոստումներն ու անսահման պոպուլիզմը:

Հետևանքները սպասեցնել չտվեցին: Սոցիալական ծրագրերն ու բարեփոխումները հետևողականորեն ձախողվել են զբաղվածության աջակցությունից և աշխատողների իրավունքների պաշտպանությունից մինչև կենսաթոշակի և սոցիալական նպաստների ոլորտներ: Փոխարենը տեսել ենք իրենցից դուրս մեղավորներ գտնելու թերարժեքություն, քաղաքական պատասխանատուների անաշխատ պարգևատրումներ և թաքնված կոռուպցիայի այլ դրսևորումներ, կառավարողների մասնագիտական անկարողություն, չպատճառաբանված ինքնավստահություն և մեծամտություն:

COVID-19 համավարակի դեմ պայքարը տապալվեց հնարավոր վատթարագույն սցենարով: Հետևանքը եղավ առողջապահական համակարգի կոլապսը. մահվան արդեն արձանագրված շուրջ 2000 և ամեն օր ավելացող 30-40 դեպք, առանց բժշկական օգնության մնացած հազարավոր քաղաքացիներ, համավարակի տարածման կայուն բարձր տեմպ, սոցիալ-տնտեսական անդառնալի հետևանքներ՝ տնտեսական երկնիշ անկում, պետական բյուջեի հարկային մուտքերի աննախադեպ նվազում, աշխատատեղերի և մարդկանց կայուն եկամուտների կրճատում, աղքատության մակարդակի աճի էական նախադրյալներ: Համավարակով պայմանավորված` պետական աջակցության անարդյունավետ ծրագրերով մսխվում է պետական բյուջեն, ինչն անամոթաբար շարունակվեց նաև պատերազմի օրերին: Ավելին՝ 2021 թ. պետական բյուջեի նախագծով շխանավորների պարգևատրումների ֆոնդի համար նախատեսված է 22 տոկոս աճ, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտի համար` 2 տոկոս:

Գործնականում հետևողականորեն տարվում է պետական կարգավորման հակասոցիալական գիծը՝ դրան միտված իշխանական վարքագծով և փոփոխություններով: Այս իմաստով հատկանշական են հետևյալ արձանագրումները`

1. հայի տեսակին և սոցիալական հանրահայտ սկզբունքներին հակադրվող վարչապետի «ցնցող գյուտը»՝ «մեղավո՛ր են աղքատները, քանի որ աղքատությունը նրանց գլխում է»,

2. հարուստների եկամտահարկի աննախադեպ նվազեցում, աշխատող աղքատների համար եկամտահարկի բեռի անփոփոխ պահպանում, անուղղակի հարկերի և գույքահարկի բեռի ավելացումը, վերջին հաշվով՝ բարձր եկամուտ ունեցողների ընդհանուր հարկային բեռը դրվեց ողջ հանրության, այդ թվում՝ բնակչության 25 տոկոսը կազմող աղքատների ուսերին,

3. աղքատության մակարդակի կրճատման տեմպի նվազում` շուրջ 40 տոկոսով, գործազրկության պահպանվող բարձր մակարդակ, աշխատանքային ռեսուրսների կրճատում արտագաղթի հետևանքով,

4. կուտակային կենսաթոշակային խնդրահարույց համակարգի խոստացված չեղարկման փոխարեն վերջնականապես և անդառնալիորեն դրա ամրագրում,

5. 2018 թ. 75 տոկոսի, իսկ 2019 թ. 50 տոկոսի չափով զբաղվածության պետական ծրագրերի թերակատարում (տարեկան 3000-4000 գործազուրկ զրկվեց օրենքով հասանելի աջակցությունից),

6. աշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտի լիարժեք անտեսում և մեկնարկած բարեփոխումների կասեցում,
սոցիալական պաշտպանության ոլորտի պետական ծրագրերի հասցեականության, տեղեկատվության ապահովման և անապահովության մակարդակի գնահատման համակարգի բարեփոխումների նպատակի ձախողում,

ժողովրդագրական անարդյունք ծրագրերով պետական միջոցների փոշիացում, դրա հետևանքով բնակչության թվաքանակի և ծնունդների նվազում:

Իսկ արդեն Արցախի պատերազմում պարտվողական նենգ առաջնորդության հետևանքները առաջ են բերել նաև աննախադեպ ծավալի սոցիալական նոր հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են ՆԱՀԱՏԱԿՎԱԾ և հաշմանդամ դարձած հազարավոր հերոս հայորդիների ընտանիքների, հայրենիքի` հաշմանդամ դարձած տասնյակ հազարավոր ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ, Արցախի տասնյակ հազարավոր փախստականների սոցիալական, առողջապահական աջակցությանը:

Համալիր ճգնաժամից երկիրը դուրս բերելուն ուղղված սկզբունքային մոտեցումներ

Գործող իշխանության անցնցում հեռացումից հետո ձևավորվելիք անցումային կառավարությունը պետք է անհապաղ հաստատի և իրագործի ԵՐԿՐԻ սոցիալ-տնտեսական հակաճգնաժամային կառավարման ԾՐԱԳԻՐԸ` հետևյալ հիմնական սկզբունքների համաձայն.

1. Տնտեսական արդյունքը և աճը պետք է առաջնահերթորեն ապահովեն նյութական բավարար հիմք՝ հայ ժողովրդի և պետականության գոյությունը պահպանելու, անվտանգ, արժանապատիվ, ազատ ապրելու ձգտումները կյանքի կոչելու համար:

2. Պետության դերն ու մասնակցությունը պետք է դառնան առանցքային, այլևս ոչ երբեք՝ կրավորական, անտարբեր ու անպատասխանատու:

3. Պոպուլիզմը, կեղծ խոստումները պետք է իսպառ բացառվեն պետական կառավարման ողջ համակարգից:

4. Պետական ծրագրային աջակցությունը պետք է պայմանավորվի իրավիճակից բխող առարկայական առաջնահերթություններով, լինի օբյեկտիվորեն գնահատված հիմնախնդիրներին համարժեք, թափանցիկ և ամբողջապես վերահսկելի, իսկ գործող և նոր կյանքի կոչվող պետական աջակցության ցանկացած ծրագիր պետք է ունենա՝

• սահմանված նոր առաջնահերթություններին համապատասխանության և ծախս-արդյունավետության համալիր գնահատում՝ առկա օբյեկտիվ տեղեկատվության հիման վրա,
• հիշյալ ծրագրի շարունակականության նպատակահարմարության վերաբերյալ ոլորտի լիազոր մարմնի եզրակացություն:

5. Հակաճգնաժամային ծրագրերը պետք է հաստատվեն հանրային շահագրգիռ լայն շրջանակների համաձայնությամբ, իրավիճակից բխող օպերատիվ քննարկումների արդյունքում, ինչպես նաև պետք է ունենան՝

• իրավիճակի վրա ազդող և թելադրող տեսանելի արդյունքներ,

• ծախս-արդյունավետության օբյեկտիվ գնահատական,

• ակտիվ տնտեսական աջակցության բնույթ՝ սոցիալ-տնտեսական հատկորոշված խնդիրը կանխարգելող, կամ պասիվ սոցիալական՝ ըստ կարիքի և առաջնահերթությունների դրամական վճարներ և այլ օգնություն,

• կոնկրետ շահառու խմբի` կոնկրետ թվաքանակով շահառուներ, սահմանված ժամկետներ, լուծման ենթակա սոցիալական կամ տնտեսական կոնկրետ խնդիր,

• շահառուի հետ հետադարձ կապ և ընթացիկ մշտադիտարկում,

• նախանշված և ստացված արդյունքների շեղումների պարբերական գնահատում և համապատասխան հետևություններ՝ հետագա ընթացքի վերաբերյալ:

6. Յուրաքանչյուր ոլորտի պետական ներքին կառավարումը պետք է իրականացվի զինվորական բարձր կարգապահության սկզբունքներով, անցումային կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է ստանձնի ոլորտային չափելի և անձնական պատասխանատվություն՝ կոնկրետ ժամանակացույցով նախանշված չափելի արդյունքներն ապահովելու համար, ցանկացած ձախողմանը պետք է անմիջապես հաջորդի համարժեք պատասխանատվություն, իսկ պարգևատրումները պետք է վաստակել քրտնաջան աշխատանքով և դրա արդյունքների օբյեկտիվ գնահատման հիման վրա:

Սոցիալ-տնտեսական ոլորտային քաղաքականության մեջ անհապաղ անհրաժեշտ փոփոխությունները

Հարկային քաղաքականության հիմքում պետք է դրվեն հետևյալ հավաքական մոտեցումները`

• տնտեսական աճի և ներդրումների խթանմանն ուղղված ամբողջական մեխանիզմների գործադրում՝ թշնամի երկրների հետ սահմանամերձ բնակավայրերում շահութահարկի և եկամտահարկի դրույքաչափերի առնվազն կրկնակի նվազեցում, փոքր բիզնեսի` հարկերից ազատում, սփյուռքահայերի կողմից իրականացվող ներդրումների համար արտոնյալ հատուկ ռեժիմի սահմանում,

• ուղղակի հարկերի սոցիալական բաղադրիչի վերականգնում, «շատից շատ, քչից քիչ» եկամուտների արդար բաշխման սկզբունքի արդյունավետ ապահովում. սոցիալապես առավել ապահով և բարձր եկամուտ ունեցողների հարաբերականորեն առավել մեծ մասնակցությունը պետք է ուղղված լինի հանրության խնդիրների լուծմանը:
Ներդրումներ ապահովելու նպատակով պետք է ձևավորվի մասնագիտացված պետական հատուկ մարմին՝ անհրաժեշտ լայն լիազորություններով՝

• տեղական և օտարերկրյա հավանական ներդրողներին ներդրումային ծրագրային առաջարկների ներկայացում,

• ներդրողների հետ նախաձեռնողական ու ակտիվ բանակցությունների վարում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,

• ներդրումային կոնկրետ ծրագրի իրականացման համար պետական երաշխիքների վերաբերյալ եզրակացությունների տրամադրում,

• գործնականում անհրաժեշտ և բավարար այլ լիազորություններ:
Պետական բյուջեով նախատեսված ծախսային բոլոր ծրագրերը պետք է վերանայվեն հակաճգնաժամային կառավարման ծրագրային ապահովման սկզբունքներին համապատասխան: Պետական մարմինների պահպանման ծախսերը պետք է hասցվեն նվազագույնի՝ համապատասխանաբար կրճատելով ապօրինի պարգևատրումները, սպասարկող մեքենաները, աննպատակ գործուղումների ծախսերը, տեղակալ-խորհրդական-օգնական-քարտուղարուհի ինստիտուտը և այլն: Այս կերպ պետք է ձևավորվի նաև 2021 թ. պետական բյուջեի ծախսային մասը:

Առավելագույնս պետք է գործադրվեն մեր երկրի արտաքին տնտեսական համեմատական առավելություններն ու չիրացված հսկայական ներուժը`

• Հայկական սփյուռքը՝ տնտեսական կապեր, մասնագիտական և ներդրումային կարողություններ և այլն,

• ԵԱՏՄ, GSP+, Իրանի հետ առևտրային արտոնությունները,

• հանրության ջլատված ներուժի համախմբումը, համերաշխության և հավաքական խնդիրների լուծման շուրջ կայուն միասնականության հաստատումը:
Ժողովրդագրական այս աննախադեպ մարտահրավերների պարագայում հակաճգնաժամային քաղաքականության առաջնային ուղղություն պետք է դառնան հնարավոր բոլոր ձևերով`

• սպասվող արտագաղթի մեծ ալիքի կանխումը,

• աննախադեպ չափերի հասած և օր օրի աճող մահացության ցուցանիշի` հարվածային տեմպերով նվազեցումը:

Որպես ամփոփում

Եզրակացությունը մեկն է` այս իշխանությունը պետք է անհապաղ փոխարինվի ազգային արժեքներով առաջնորդվող նոր որակի իշխանությամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր մեր երկրի վերակառուցումը՝ սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի կասեցումը, գոյատևման խնդիրների առաջանցիկ լուծումները և քաղաքացիների կյանքի որակի հետևողական բարձրացումը:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

«Դրօշակ», թիվ 12 (1646), դեկտեմբեր, 2020 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել