168.am-ը գրում է․

Նրանք ավելացրեցին ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկը: Հիմա՝ այս 2021 թվականին, դարձյալ ավելանալու են նաև ալկոհոլային խմիչքների և ծխախոտի, բենզինի, դիզելային վառելիքի ակցիզային հարկերը: Ըստ էության, հարուստներին զիջված կամ ունևորներին զիջված հարկային բեռը փոխանցվում է ամբողջ հասարակության վրա:

2020 թվականի դեկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն, որով հաստատվում են հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված ինչ-ինչ միջոցառումներ, քաղաքացու գրպանի հաշվին պետական բյուջեն լցնելու նոր փորձեր են արվում:

Փաշինյանի նշյալ որոշմամբ՝ թանկանալու են ուսման վարձը, առողջապահական ծառայությունները, նվազեցվելու է շրջանառության հարկի շեմը, ներդրվելու է  ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախ՝ կարևոր է հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված այս հարկային ճեղքի համալրման որոշումը կամ քաղաքականությունը:

«2021 թվականի պետական բյուջեի համաձայն, որն արդեն իսկ օրենք է դարձել, նախատեսվում է, որ 2021 թվականի ընթացքում մոտ 9%-ով ավելի քիչ հարկեր է հավաքագրվելու, քան 2020 թվականին: Այսինքն, մենք 2021 թվականի ընթացքում ունենալու ենք լուրջ ֆինանսական, պետական եկամուտի հավաքագրման տեսանկյունից խնդրահարույց տարի: Նույնիսկ այդ պակաս 9%-ն է քիչ հավանական, որ այս կառավարությունը այս քաղաքականությամբ ի վիճակի լինի հավաքագրել: Չնայած իրենք նախատեսել են, որ 3.2% աճ պետք է լինի 2021 թվականի ընթացքում, այս ֆինանսական քաղաքականությամբ կամ այս ներդրումային քաղաքականությամբ հնարավոր չէ նույնիսկ դա ապահովել: Բացասական սպասումները բարձր են՝ ինչպես մասնավորի մոտ, այնպես էլ՝ պետական հատվածում: Եվ իշխանությունները փորձում են պետական բյուջեի եկամտային մասը ավելացնել՝ դարձյալ ի հաշիվ հասարակության, հիմնականում՝ ի հաշիվ միջին և աղքատ խավի:

Իսկ ինչո՞ւ են նրանք փորձում ավելացնել այդ եկամուտները, քանի որ այս կառավարությունը և հատկապես ֆինանսական բլոկը հասկանում է, որ ֆինանսական վարկային կազմակերպությունները, ինչպիսին Արժույթի համաշխարհային կազմակերպությունն է, Համաշխարհային բանկը, Եվրոպական զարգացման բանկը և այլն, նրանք վարկ չեն տրամադրի Հայաստանին 2021թ.-ի ընթացքում, եթե նա չկարողանա ավելացնել կամ գոնե պահպանել իր հավաքագրվող եկամուտները: Այլ կերպ ասած, վարկ չեն տրամադրի այն անձին, ում եկամուտները նվազում են: Հիմա Հայաստանի եկամուտները նվազում են, և այդ ֆինանսավարկային կազմակերպությունները, բնականաբար, Հայաստանի առաջ պահանջներ են դնելու լրացուցիչ հարկային եկամուտներ ավելացնելու համար: Այսինքն՝ եթե դու ինձանից վարկ ես վերցնում, իսկ այս կառավարությունը նախատեսել է, որ մոտավորապես 700 միլիոն վարկ պետք է վերցնի 2021թ.-ի ընթացքում, ապա դու պետք է քո եկամուտները ավելացնես»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերոնշյալ որոշման հավելվածի նկարագրական հատվածում եկամուտների ավելացման մի քանի ուղղություն է  ներկայացված: Առաջինը, որին անդրադարձավ մեր զրուցակիցը, առողջապահության և կրթության ծառայութունների վրա ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) ներդնումն է:

Սուրեն Պարսյանի խոսքով՝ տարիներ շարունակ այս ոլորտն ազատված է  եղել ԱԱՀ-ից, քանի որ այն դիտվել է՝ որպես պետության համար գերակա ոլորտ, սոցիալական ոլորտ, և պետությունը նաև նպատակ է ունեցել աջակցել, խրախուսել այս ոլորտի զարգացմանը Հայաստանում: Տնտեսագետի խոսքով՝ այս ոլորտի առանձնահատկություններից մեկը նրանում է, որ հիմնականում, օրինակ՝ կրթության դեպքում, մեծ ծախսը բաժին է ընկնում աշխատավարձերին:

«Այսինքն, օրինակ՝ բուհի բյուջեի 80-90%-ը բաժին է ընկնում աշխատավարձերին: Իսկ երբ, օրինակ, ԱԱՀ ես ներդնում կրթական ծառայությունների վրա, այս դեպքում, երբ որ ուսման վարձի մեջ ԱԱՀ են ներառում, ստացվում է, որ նա հաշվանցելու բան չի ունենում: Ավելի կոնկրետ օրինակով ասեմ: Օրինակ՝ այս պահին ուսման վարձը 600 հազար դրամ է, կդառնա 700 հազար դրամ: Հաշվանցելու տեղ չկա, որ, օրինակ, հաշվանցես, դառնա 620, 630 կամ 650 հազար դրամ, ի տարբերություն, օրինակ, արտադրության, երբ, օրինակ, հացի արտադրության մեջ ձեռք ես բերում այլուր, ձեթ և այլն, որոնց մեջ ԱԱՀ կա: Այս դեպքում ստացվում է, որ այդ 20%-ը միանգամից աճ է լինում: Այսինքն՝ ուսման վարձերը 600 հազար դրամից կդառնան 700 հազար դրամ, իսկ 700․000 դրամ ուսման վարձի դեպքում բուհն այդ 100 հազարը վերցնելու է և ուղարկելու է պետական բյուջե, իսկ այն 600 հազար դրամը դարձյալ մնալու է իրենց մոտ: Բուհի եկամուտները դրանից չեն ավելանալու: Ուղղակի բուհը բարձրացած ուսման վարձը վերցնելով ուսանողից՝ այն փոխանցելու է պետական բյուջե»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով՝ նման իրավիճակ է լինելու նաև առողջապահական ծառայությունների դեպքում:

«Տարբեր հաշվարկներով՝ առողջապահական ծառայությունները կազմում են տարեկան մոտ 5 միլիարդ դրամ, դիցուք, եթե 20%-ով ավելի հարկենք այս ծառայությունը, ապա պետական բյուջե, օրինակ, պայմանական 80-100 միլիարդ դրամ գումար կարող է գալ: Եվ նրանք այս եկամուտները փորձում են հավաքագրել, որպեսզի ավելացնեն Հայաստանի վարկունակությունը, եկամուտների աճը, հակառակ դեպքում իրենց վարկ չեն տրամադրի: Այսինքն՝ նպատակը միջազգային կազմակերպություններից վարկ ստանալն է, նպատակը պետական բյուջե լցնելն է՝ առողջապահության կամ կրթության ծառայությունների վրա ԱԱՀ դնելով: Ուրիշ նպատակ չի հետապնդում»,- հավելեց տնտեսագետը:

Երկրորդ ուղղությունը, որին անդրադարձավ Սուրեն Պարսյանը, շրջանառության հարկի շեմի նվազեցման միտումն է:

«Այս պահին շրջանառության հարկի ռեժիմում կարող են գործել մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող տնտեսվարողները: Այս քաղաքականության արդյունքում նրանք դարձյալ ցանկանում են այս շեմն իջեցնել: Դարձյալ հիշեցնեմ՝ մի քանի անգամ այդ շեմը բարձրացրել են, իջեցրել, բայց վերջում եկան 115 միլիոնի վրա՝ նպատակ ունենալով, որ դարձյալ փոքր ու միջին բիզնեսը զարգանա, ակտիվ տնտեսական գործունեություն իրականացնի, բայց 2020 թվականը բավական վատ տարի եղավ փոքր ու միջին բիզնեսի համար: Հիմա այս կառավարությունը, ըստ էության, դարձյալ փորձում է ավելի խստացնել հարկային քաղաքականությունը, հատկապես միջին բիզնեսի համար: Այսինքն՝ սա միջին բիզնեսին հարվածող հարկային քաղաքականություն է»,- նշեց տնտեսագետը:

Երրորդ ուղղությունը, որը կարևորեց տնտեսագետը,  գյուղմթերքի ԱԱՀ հարկի հաշվանցման հնարավորությունների ստեղծումն է:

«Սրա խորքում ընկած է սուպերմարկետների շահերը սպասարկելը: Երբ սուպերմարկետները բանջարեղեն, միրգ են ձեռք բերում գյուղացուց, դիցուք՝ 1կգ  կարտոֆիլ են ձեռք բերել գյուղացուց 200 դրամով, նրանք 20 տոկոս ավելացնում են ԱԱՀ, իրենց շահույթն ավելացնում են, վաճառում են, դառնում է, ենթադրենք՝ 240 դրամ: Իսկ, օրինակ, մեր բակի խանութը, որը շրջանառության հարկով է  աշխատում, կարող է ընդամենը 20 դրամով ավելացնել, կդառնա 220 դրամ, և վաճառել: Հիմա այդ սուպերմարկետների տերերը, ըստ էության, հասկանում են, որ իրենց բանջարեղենի, մրգի գները ոչ մրցունակ են բակային խանութների համեմատ, նրանք պահանջներ են դրել այս կառավարության առջև, որ հնարավորություն տան, որպեսզի գումարը ոչ թե 240 դրամ դառնա իրենց մոտ, այլ դառնա բակային խանութի գներին մոտ՝ 210-220 դրամ: Այս քաղաքականության արդյունքում մեծ հարված կհասցվի փոքր խանութներին, բակային խանութներին, որոնք բանջարեղենի, մրգի առևտրով են զբաղվում, որոնց գները համեմատաբար ավելի ցածր են, քան սուպերմարկետներինը: Խոշոր այդ սուպերմարկետները նույնիսկ այստեղ են ուզում իրենց շուկան ընդլայնել: Ամեն ինչ, ըստ էության, ամբողջ մանրածախ առևտուրը փորձում են նաև սրանով իրենց ձեռքը վերցնել»,- կառավարության որոշումը մեկնաբանեց Սուրեն Պարսյանը:

Ըստ տնտեսագետի՝ կառավարության այս քաղաքականությունը, ըստ էության, ծայրահեղ լիբերալ մոդելն է, որն իրականացնելու ընթացքում իշխանությունն արդեն իսկ ցույց է տվել իր ձախողումը:

«Դիցուք, 2020 թվականի հունվարի 1-ից նրանք ներդրեցին համահարթ եկամտային հարկի քաղաքականություն, որի արդյունքում բարձր աշխատավարձ ստացողները վճարում են նույն եկամտային հարկը՝ 23%, ինչ ցածր աշխատավարձ ստացողները: Բացի այդ, մենաշնորհները, օլիգարխները, որոնք 20% շահութահարկ էին վճարում, դարձավ 18%: Այս հարկային զիջումների արդյունքում պետական բյուջե 30-40 միլիարդ դրամ ավելի քիչ գումար գնաց, և այդ քիչ գումարի համալրման բեռը դրվեց հասարակության վրա: Նրանք ավելացրեցին ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկը: Հիմա՝ այս 2021 թվականին, դարձյալ ավելանալու են նաև ալկոհոլային խմիչքների և ծխախոտի, բենզինի, դիզելային վառելիքի ակցիզային հարկերը: Ըստ էության, հարուստներին զիջված կամ ունևորներին զիջված հարկային բեռը փոխանցվում է ամբողջ հասարակության վրա,- նշեց Սուրեն Պարսյանը և ավելացրեց,- Նկատի ունենալով, որ այս կառավարության հիմնական քաղաքականությունն ուղղված է՝ հարկային բեռը փոխանցել ամբողջ հասարակությանը, հատկապես միջին և աղքատ խավին, ապա այս քաղաքականության և հարկաբյուջետային այս մոդելի արդյունքում մեր հասարակությունն ավելի է աղքատանալու: Դրա լավագույն փաստարկը նաև պաշտոնական վիճակագրությունն է: 2019-ին՝ 2018թ․ համեմատ, աղքատությունը կամ աղքատների թիվն ավելացել է մոտ 3%-ով: Եվ վստահեցնում եմ, որ  2020-2021թթ․ նման քաղաքականության արդյունքում դարձյալ աղքատների թիվն ավելանալու է և նաև ավելանալու է եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը: Այսինքն՝ մեր երկրում հարուստների և աղքատների միջև բևեռացվածությունն ավելի է խորանալու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել