168.am-ը գրում է․

Հանրապետությունում վերջին մի քանի օրերին արձանագրվել է առաջնային լայն սպառման ապրանքների գների աճ։ Թանկացած ապրանքների թվում են ալյուրը, ձավարը, հացը, ձուն, բրինձը, պանիրը և այլ կաթնամթերք, թռչնամիսը, ավելի վաղ՝ ձեթը:

1 կիլոգրամ շաքարավազի գինը, կարելի է ասել, 7 տոկոսով բարձրացել է: Եթե նախկինում 260-280 դրամ էր, հիմա՝ 360-410, անգամ՝ 460 դրամ է:

«Նոր Զելանդական» և «Անկոր» կարագի գներն աճել են մեկ տոկոսով, պանրինը՝ նույնպես:

Արևածաղկի ձեթի գինը նախկին 700 դրամի փոխարեն՝ այսօր արդեն 860-1000 դրամ է:

Հացը նույնպես թանկացել է. տեղեր կան՝ գինը բարձրացել է 10-20 դրամով, տեղեր էլ կան՝ քաշն են նվազեցրել՝ գինը թողնելով նույնը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը կապված է նաև Ռուսաստանի շուկայում առկա իրավիճակի հետ:

«Ձեթը, շաքարավազը և ալյուրն են թանկացել, որոնք հիմնականում ներկրում ենք Ռուսաստանից։

Տնտեսվարողներն էլ են բողոքում, որ այսպես չի կարելի: ՌԴ-ում, օրինակ, նաև ձավարեղենն է թանկացել, մի թեթևակի թանկացում էլ մեզ մոտ կա: Իսկ ինչ վերաբերում է ձեթին, շաքարավազին և ալյուրին, ապա արդեն մոտ 10 տոկոսի թանկացում է եղել: Դա վերջին շրջանում, իսկ եթե վերցնենք մեկ տարվա կտրվածքով, ապա երևի մի 40 տոկոսի թանկացում է եղել: Իսկ այն, որ Արցախից էինք ցորեն ներկրում, դա ևս չկա, բնական է, որ սա ևս խնդիր է, բայց հիմնականում ցորենը Ռուսաստանից էր գալիս: Սակայն, այո՛, հողերի, հետևաբար՝ ցանքատարածությունների կորստից հետո, հետագայում ցորենի հետ կապված խնդիրներ, հնարավոր է՝ առաջանան»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը։

Նշենք, որ դեռևս դեկտեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել էր կառավարության ուշադրությունը՝ ալյուրի, ձեթի, կարագի, մակարոնի, շաքարի, հնդկաձավարի գնի բարձրացման հետ կապված։ Սեպտեմբերի 28-ից շաքարի գինը ՌԴ-ում բարձրացել է 3,1 %, ձեթինը՝ 1,1 %, հավկիթինը՝ 0,7%-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել