168.am-ը գրում է․

Օրերս հայտնի դարձավ, որ Իրանն ուրանի 20 տոկոս հարստացման գործընթաց է սկսել Ֆորդոուի միջուկային օբյեկտում:

Ավելի վաղ Իրանը վավերացրել էր խորհրդարանի կողմից նախաձեռնած «Պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» օրենքը, որը ենթադրում է 20 տոկոս և ավելի հարստացման մակարդակով ուրանի արտադրություն (սա համարվում է զենքի աստիճան):

Նկատենք՝ ուրանը մինչև 20 տոկոս հարստացնելու Իրանի որոշումը Վաշինգտոնի կողմից գնահատվում է՝ որպես միջուկային շանտաժ:

Իրան-Արևմուտք լարվածության ֆոնին իրանական զորքերը բերվել են պատրաստվածության բարձր մակարդակի: Արդեն երեկ իրանական լրատվականները հաղորդեցին, որ Իրանում առաջին անգամ մեկնարկել են անօդաչու թռչող սարքերի խոշոր զորավարժություններ:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ, թեև նախորդ տարվա ողջ ընթացքում Իրանի զինված ուժերը պարբերաբար անցկացրել են զանազան զորավարժություններ, այդ թվում՝ և հակաօդային պաշտպանության, բայց այս զորավարժությունը շատ կարևոր է. «Իրանցիները, ըստ էության, փորձարկում են իրենց ունեցած անօդաչու թռչող սարքերի գրեթե ողջ արսենալը: Իսկ Իրանն այս ոլորտում առաջատար պետությունների թվին է դասվում»:

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող զարգացումների քաղաքական ենթատեքստին՝ իրանագետը հավելեց. «Դա նախևառաջ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումներին և դրա համատեքստում՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններում առնվազն հռետորաբանության, իսկ շատ դեպքերում՝ նաև գործողությունների մակարդակում լարվածության աճին:

Գիտեք՝ իրանցիները նախորդ տարվա խորհրդարանի որոշման հիման վրա արդեն սկսել են ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս, և դա լուրջ քայլ է իրանական կողմից և, իմիջիայլոց, արվում է՝ ի պատասխան Միացյալ Նահանգների՝ միջուկային համաձայնագրից դուրս գալու և նաև՝ եվրոպական երկրների անգործության: Այսինքն՝ իրանցիներն օգտագործում են իրենց ունեցած հնարավորությունները՝ որոշակի ճնշում բանեցնելու այդ ոլորտում, և նաև՝ աշխարհաքաղաքական համատեքստում. ԱՄՆ-ում շուտով տեղի է ունենալու նախագահի փոփոխություն, և կարծեք թե հեռացող նախագահ Թրամփը փորձում է գոնե հռետորաբանության մակարդակում, նաև որոշակի գործողությունների տիրույթում (գիտեք՝ ամերիկյան նոր ավիակիր է մուտք գործել Պարսից ծոց) ինչ-որ առումով այդ գործընթացները տեղափոխել նաև Միացյալ Նահանգների ներքաղաքական կյանք: Իրանցիները, բնականաբար, դրան համարժեք արձագանքելու լայն հնարավորություններ ունեն, բայց կարծում եմ, որ Միացյալ Նահանգներ-Իրան ուղղակի լայնածավալ պատերազմի ռիսկայնությունն այս պահին այդքան էլ բարձր չէ, անշուշտ, առանձին տեղային մակարդակի սադրիչ գործողություններ կարող են տեղի ունենալ (դրանք էլ վտանգավոր են՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այդ սադրիչ գործողությունը կարող է կրկին հանգեցնել լայնածավալ գործողությունների)»:

Հարցին, թե տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանն ինչպե՞ս պետք է դիրքավորվի, Վարդան Ոսկանյանը պատասխանեց.

«Մեր գործողությունները նախևառաջ պետք է միտված լինեն Հայաստանի պետականության վերակառուցմանը, մեր սուբյեկտայնության հնարավոր աճին, որովհետև, ցավոք սրտի, Հայաստանի սուբյեկտայնությունն այս իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության հետևանքով գրեթե զրոյացվել է (որպեսզի մենք կարողանանք որպես ավելի բարձր սուբյեկտայնությամբ կողմ՝ խոսել նաև իրանցիների հետ):

Իրանցիները տակտով ժողովուրդ են, Իրանը տակտով պետություն է, բայց այդ խնդիրը կա, և այդ խնդիրը կարող է խոչընդոտել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, իսկ Իրանի հետ հարաբերությունները, գիտեք, մեզ համար ունեն կենսական նշանակություն: Այդ հարաբերությունների համատեքստում կան լայն հնարավորություններ և ստեղծվել են նաև նոր ռիսկեր. Խոսքը, մասնավորապես, Մեղրիի տարածաշրջանով Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական հատվածի միջև կապի ապահովման խնդրի մասին է, ինչն անհանգստացնում է իրանցիներին, քանի որ նրանք համարում են, որ Հայաստանի հետ հաղորդակցության ուղին, Հայաստանի միջոցով հաղորդակցության ուղին իրենց համար նույնպես կենսական նշանակության է:

Այս տիրույթում իրանական կողմից գոնե փորձագիտական մակարդակներում հնչում են զանազան առաջարկներ այլ միջանցքների մասին. Խոսքը, մասնավորապես, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, Իրանի և Թուրքիայի սահմանների հատման կետի մոտակայքից դեպի Հայաստան՝ Իրան-Հայաստան միջանցքի մասին է: Այսինքն՝դեռևս փորձագիտական մակարդակում առաջարկում են նույնիսկ այլընտրանքային ուղիներ, և սա միտված է , բնականաբար, Իրանի անվտանգային շահերն ապահովելուն: Հայաստանի, ուժեղ Հայաստանի գոյությունն այս տարածաշրջանում բխում է իրանական շահերից, բայց այդ Հայաստանը, որևէ պարագայում, ըստ իրանցիների, չպետք է լինի հակաիրանական տրամադրվածությամբ»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ զուգահեռաբար տեղի ունեցող տարածաշրջանային այլ զարգացումների ևս. «Մյուս կողմից՝ Արցախյան վերջին պատերազմի արդյունքում, թեև Արդբեջանի ներսում էյֆորիկ տրամադրություններ կան, և Բաքվի բռնապետն իր հաղթանակով յուրաքանչյուր օր զմայլվում է, բայց Ադրբեջանն էլ ունի լրջագույն խնդիրներ, որովհետև այժմ մեկնարկ է տրված Ռուսաստանի և Թուրքիայի միջև Ադրբեջանի բաժանման գործընթացի, եթե մենք իրերը կոչենք իրենց անուններով:

Իրականության մեջ, թուրքական կողմից փորձ է կատարվում ավելացնել ազդեցությունն Ադրբեջանում՝դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա ելքի այդ թուրանական ծրագրի շրջանակներում, և Ռուսաստանին, բնականաբար, այս ծրագիրը որևէ կերպ չի կարող չանհանգստացնել. ռուսական կողմն էլ իր ներկայությունն ամրապնդում է Ադրբեջանում նաև արցախ-ադրբեջանական ներկայիս շփման գծում խաղաղապահների գոյությամբ, որը, ըստ էության, ռուսական բազա է՝ տեղակայված այս տարածաշրջանում:

Ուստի, տարածաշրջանային գործընթացները բավական սրընթաց են ընթանում շատ դեպքերում, իսկ Հայաստանը, ցավալիորեն, պատրաստ չէ որևէ գործընթացի, ավելին՝ Հայաստանի գործող վարչակարգը, կարծեք թե, զբաղված է բացառապես իր տարածքներն Ադրբեջանի պահանջների հիման վրա ծվեն-ծվեն անելով, ինչը հնարավորություն չի տալիս, որպեսզի գոնե մեր հայկական խոսույթում կարողանանք կենտրոնանալ արտաքին այնպիսի խոշոր մարտահրավերների վրա, ինչպիսին, դիցուք, Իրանի շուրջ զարգացումներն են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել